
Թեհրանն ուշադիր հետևում է իր հյուսիսարևմտյան սահմաններին ընթացող զարգացումներին, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին՝ զգուշացնելով, որ Կովկասում արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը վնասակար կլինի և միայն կխորացնի աշխարհաքաղաքական բարդությունները, գրում է TANSIM-ը։
Կիրակի օրը տված ռադիոհարցազրույցում Բաղաեին ընդգծել է Հարավային Կովկասի ռազմավարական նշանակությունը Իրանի և տարածաշրջանային այլ պետությունների, հատկապես Ռուսաստանի համար՝ քաղաքական, տնտեսական և աշխարհաքաղաքական տեսանկյուններից։
Նրա խոսքով՝ Իրանը հետևում է տարածաշրջանում ընթացող իրադարձություններին «բաց աչքերով» և չի թերագնահատի ոչ մի հանգամանք։
ԱԳՆ խոսնակը նշել է, որ արտաքին միջամտությունը և արտատարածաշրջանային ուժերի ներգրավումը չեն կարող ծառայել որևէ կառուցողական նպատակին և միայն կավելացնեն լարվածությունը։ Նա հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված խաղաղության պայմանագիրը՝ շեշտելով, որ դրա 12-րդ հոդվածը արգելում է նրանց ընդհանուր սահմանների երկայնքով օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայում։
«Մենք շատ զգայուն ենք այդ հարցի նկատմամբ, քանի որ Հայաստանն ինքը լավ գիտակցում է օտարերկրյա ուժերի ներկայության հետևանքները»,-ասել է Բաղաեին։
Նա նաև վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ և աջակցելու այն բոլոր նախաձեռնություններին, որոնք նպաստում են Հարավային Կովկասում կայունությանն ու անվտանգության ամրապնդմանը։




