
Օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններում Եվրոպայի և Ուկրաինայի անվտանգության ապահովումը պետք է առանցքային դեր խաղա ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում։
Այս ուղերձը եվրոպական պետությունների և կառավարությունների ղեկավարները փոխանցել են Թրամփին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ փակ տեսակոնֆերանսի ժամանակ, միջոցառումից հետո հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Միևնույն ժամանակ, Մերցը կոչ է արել Ուկրաինային ներգրավել խաղաղ կարգավորման շուրջ հետագա բանակցություններում, որոնք տեղի կունենան Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում հանդիպումից հետո:
Պատասխանելով Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին լրագրողի հարցին՝ Մերցը նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների քննարկում տեղի կունենա, «երբ հարթվի ճանապարհը խաղաղության համար»։




