
Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են, հայտնել է Ռոսկոմնադզորի մամուլի ծառայությունը։
«Տեղեկացնում ենք, որ հանցագործներին հակազդելու նպատակով, իրավապահ մարմինների տրամադրած նյութերի հիման վրա, ձեռնարկվել են միջոցներ այս արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց այլ ֆունկցիոնալության վրա սահմանափակումներ չեն կիրառվում»,-նշել են գերատեսչությունում։
Թվային զարգացման նախարարությունը պարզաբանել է, որ այս քայլը նպատակ ունի նվազեցնել խարդախների զանգերի քանակը, և այլ գործառույթների սահմանափակման մասին խոսք չի գնում։
Մեսենջերներում ձայնային զանգերի հասանելիությունը կվերականգնվի, եթե դրանց սեփականատերերը սկսեն պահպանել Ռուսաստանի օրենսդրության պահանջները։
Պետական կառույցների տվյալներով՝ Telegram-ի և WhatsApp-ի սեփականատերերին բազմիցս պահանջ է ներկայացվել ձեռնարկել հակազդման միջոցներ, սակայն դրանք անտեսվել են։
Մասնավորապես, ընկերությունները հրաժարվել են փոխանցել տեղեկատվություն ոչ միայն զանգվածային խարդախությունների, այլև Ռուսաստանում ահաբեկչական հարձակումների պլանավորման և իրականացման վերաբերյալ, թեև նման տվյալներ տրամադրում են արտասահմանյան հետախուզական ծառայություններին։
Իրավապահների խոսքով՝ հանցագործները հաճախ զանգահարում են հենց Telegram-ի և WhatsApp-ի միջոցով՝ օգտագործելով հարթակները խաբեության, շորթման, ինչպես նաև դիվերսիոն և ահաբեկչական գործունեության մեջ ներգրավելու նպատակներով։




