ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Խանդի, զգուշավորության և լավատեսության կողքին․ Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության ճանապարհի միջազգային արձագանքները

Իրադարձություն, որը կարող է շրջադարձային լինել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ողջ Հարավային Կովկասի համար․ այս ու այսօրինակ գնահատումները բազմաթիվ են միջազգային արձագանքներում և մամուլում։ Վաշինգտոնում  խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն արդեն իսկ միջազգային լայն արձագանք է ստացել։ Աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հնչում են կարևորումից մինչև զգուշավորությամբ  լի գնահատականներ, իսկ տարածաշրջանում ձևավորվում են նոր քաղաքական և տնտեսական հաշվարկներ։

Այժմ նրանք իմ լավ ընկերներն են․ քաղաքական տարբեր ձևակերպումներից հետո գրեց Թրամփը՝ հրապարակելով երկար տասնամյակներ հակամարտող երկրների ղեկավարների՝ Փաշինյանի և Ալիևի լուսանկարները։

«Մեծ պատիվ է լինել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, երբ տասնամյակներ տևած պատերազմից և մահերից հետո մենք ստորագրեցինք խաղաղության պայմանագիր։ Նրանք երկուսն էլ հրաշալի մարդիկ են և մեծ առաջնորդներ»։

Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիր՝ միտված դադարեցնելու աշխարհի դժվարագույն լուծելիներից մեկը համարվող հակամարտությունը։  

Թրամփի հայտարարության մեջ փորձագետները նկատում են ոչ միայն խաղաղության նշանակության շեշտադրումը, այլև անձնական դիվանագիտական կապերի և քաղաքական վարկանիշի ամրապնդման ակնարկը։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Թրամփի գրառումը գործընթացը վերահսկելուն ուղղված հայտարարություն է.

«Եվ այս գործընթացի, այսպես ասենք, առաջնորդության դերը վերցրել է աշխարհի ամենագիգանտ պետությունը, ինչը,  ըստ էության, շատ լավ է ու դրական է։ Իրենք բերել են ԱՄՆ երկու պետություններին՝ ԱՄՆ-ի հովանավորությամբ, վերահսկողությամբ խաղաղության համաձայնագիր են նախաստորագրել տվել, ինքը շարունակում է պրոցեսը վերահսկել»։     

Եվրոպական մի շարք կառույցներ և պետություններ ևս դրական գնահատական են տվել նախաստորագրմանը։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը փաստաթուղթը անվանել է «բեկում տարածաշրջանի կայունության առումով», իսկ Ֆրանսիան, իր աջակցությունն արտահայտելով, շեշտել է անհրաժեշտությունը՝ շուտափույթ ավարտին հասցնելու գործընթացը և գտնելու փոխարինող լուծումներ նախկին միջնորդական մեխանիզմներին, ինչպիսին էր ԵԱՀԿ Մինսկի խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով վաշինգտոնյան համաձայնությանը, այն անվանել է «պատմական քայլ կայուն խաղաղության ճանապարհին»։ Նա հայտնել է, որ շաբաթ օրը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, հաջորդիվ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկվել են տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-թուրքական սահմանի բացման հնարավոր պայմանները։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն էլ արձանագրել է, որ այս գործընթացը «պատմական հնարավորություն» է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման համար։

Reuters-ը նկատում է՝ Ռուսաստանը  ԱՄՆ-ի միջնորդական դերի պայմաններում ողջունել է համաձայնագիրը՝ այն «դրական զարգացում» համարելով, սակայն հաջորդիվ Մոսկվայից ընդգծել են, որ երկարաժամկետ լուծումներն առաջին հերթին պետք է ձևավորվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանային դերակատարներին՝ ՌԴ-ին, Իրանին և Թուրքիային։  

Խիստ զգուշավոր լավատեսությամբ է արտահայտվել Իրանը․ լավատեսորեն խոսելով Հարավային Կովկասում կայունության հաստատման մասին՝ միաժամանակ հնչել են մտահոգ գնահատումներ իր սահմանին շատ մոտիկ ամերիկյան ներկայության ամրապնդման առնչությամբ։  Հատկապես տարածաշրջանային նոր հաղորդակցության ուղու բացումը իրանական մամուլում գնահատել են որպես սեփական ռազմավարական շահերի վրա ճնշման գործոն։

The Washington Post-ը նկատում է՝ ղեկավարները ստորագրել են պատմական համաձայնագիր, որով ԱՄՆ-ին է հատկացվում բացառիկ գործառույթների իրավունք՝ ուղու կառուցում ենթադրող,  որը տրվում է ԱՄՆ-ին՝ ազդելով ՌԴ, Իրանի և Թուրքիայի ազդեցության վրա տարածաշրջանում։

Միջազգային գնահատականների ընդհանուր պատկերը բազմաշերտ է։ Մի կողմից՝ ԱՄՆ-ի հովանու ներքո նախաստորագրված փաստաթուղթը դիտարկվում է որպես դիվանագիտական կարևոր ձեռքբերում, որը կարող է փոխել Հարավային Կովկասի ռազմաքաղաքական համաչափությունները։ Մյուս կողմից՝ փաստաթղթի նախաստորագրված լինելը, ոչ թե վերջնական ուժի մեջ մտնելը հուշում է, որ առաջիկայում կողմերին սպասում են բարդ բանակցություններ, իրավական գործընթացներ և քաղաքական համաձայնություններ։ Քաղաքագետ Հայկ Սուքիասյանն այս դիտարկմանն է։  

«Մեզ համար սա շատ կարևոր գործընթաց է։ Չասենք արդյունք. արդյունքը հետո կերևա։ Եթե նայենք աշխարհի խաղաղ կյանքով, աշխարհի ժողովրդավարական կյանքով հետաքրքրված պետությունների արձագանքը, ապա բոլորը գնահատել են դրական։ Ովքեր շահագրգռված չեն խաղաղությամբ, շահագրգռված չեն կոնֆլիկտների լուծմամբ, որոնք են հիմնականում Ռուսաստանի բլոկը, պարզ է, որ նրանք ակնհայտորեն նվազագույնը լավ չեն ընդունել սա։ Կարող է ձևականորեն ողջունել են, բայց պարզ է, որ այդ հատվածը խանդով է վերաբերում այս գործընթացին, որովհետև իրենք հաշվարկներ ունեին»։ 

Քաղաքագետի խոսքով՝ գնահատելի է ՀՀ-ի համառ քաղաքականությունը, որը ծանրագույն շրջանից հետո կարողացել է իր շուրջ ստեղծել որոշակի բալանս.

«Կարողացել է ԵՄ դիտորդներին բերել, հասցրել է Հռոմի ստատուտ ընդունել, հասցրել է Ադրբեջանին  ստիպել խաղաղության պայմանագիրը բանակցել, դա տարել է ԱՄՆ-ի սեղանին է դրել. աշխարհի գերտերությունը ստիպել է, որ այս երկու պետությունները խաղաղվեն։ Այս պրոցեսը Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումներից է։ Այս պրոցեսի տակ է վստահաբար Ֆրանսիան, կարող ենք ասել՝ ԵՄ-ն։ Եվ սա մեր տարածաշրջանին, Հայաստանին տալիս է բավարար անվտանգության միջավայր»։    

Հայաստանյան ներքաղաքական դաշտում էլ քիչ չեն վերապահումներն ու մտահոգ ձևակերպումները։ Ընդգծվում է հատկապես Հայաստանի սուվերեն տարածքից օկուպացված հատվածներն ադրբեջանական վերահսկողողության տակ գտնվելը, գերիների վերադարձի թեման։ Այսօրինակ հարցեր է դիտարկել գերմանական Deutsche Welle-ն՝ համարելով, որ երկրում ընկալումները միանշանակ չեն։

Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի համոզմամբ, բոլոր նման դիտարկումներով հանդերձ, վաշինգտոնյան նախաստորագրությունը, միջազգային հարթակներում բարձր գնահատականներ ստանալով, հնարավորություններ է բացել Հայաստանի համար։

«Այս գործընթացներն իրենց ամբողջության մեջ Հայաստանի համար պատմական հնարավորություն են՝ մնալու անկախ, պահելու իր անկախությունը և արտաքին աշխարհի հետ  համագործակցությունը։ Ոչ մի ռիսկ չկա։ Սա դրական տենդենց է, մնացածը մեզնից է կախված»։

Ըստ Սուքիասյանի՝  գործընթացը կարող է դառնալ Հարավային Կովկասի պատմության նոր էջի սկիզբը, սակայն դրա իրականացման համար դեռ պահանջվում է ժամանակ, կամք և փոխվստահության ամրապնդում։

Կարդացեք նաև

Back to top button