
Սյունիքի մարզկենտրոնում՝ Կապանում, մեկ ամիս շարունակ հնչեց աշխարհի ամենահայտնի բեմերից բերված երաժշտությունը։ Քաղաքն ապրում էր դասական արվեստի շնչով՝ համերգներ, վարպետության դասեր, անմոռանալի հանդիպումներ։ «Կապան ֆեստ» փառատոնի հիմքում բարձրակարգ երաժիշտների և կամավորների համախմբված ջանքն է, իսկ հոգին՝ միջազգային լայն ճանաչում ունեցող թավջութակահար Սևակ Ավանեսյանը։
Հայրը ֆլեյտահար է, մայրը՝ դաշնակահար։ Երաժշտական գեները միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Սևակ Ավանեսյանին փոխանցվել են ծնողներից։ 14 տարեկան էր, երբ տեղափոխվեցին Բելգիա՝ մշտական բնակության։ Մի առիթով Սևակի հայրն ասել է․ «Բելգիա տեղափոխվեցինք, քանի որ տղաների երաժշտական կրթության համար բոլոր նախադրյալները կային»։ Վիրտուզ երաժիշտը եթե հայրենիքում չէ, ուրեմն հյուրախաղերի է։ Այս պահին էլ Սևակը Մումբայում է, որտեղ հանդես է գալիս լեգենդար երաժիշտներ Զուբին Մեհտայի և Մարատ Բիսինգալիևի հետ։
Հայ հանրության հիշողության մեջ Սևակը մնաց այն օրից, երբ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ավերակների մեջ հնչեցրեց իր թավջութակը։ Այդ պահից մինչև «Կապան ֆեստ»-ի հիմնադիրը դառնալը մեկ քայլ էր՝ համառության, հավատքի և հայրենիքի հանդեպ սիրո քայլ։

«Կապան ֆեստ»-ը դարձել է երաժշտական աշխարհի այցեքարտերից մեկը։ Սյունիքը մոտ մեկ ամիս ապրում ու շնչում է դասական երաժշտությամբ, լսում աշխարհահռչակ երաժիշտների կատարումներ, սյունեցի երիտասարդ երաժիշտները մասնակցում են վարպետության դասերի։
«Ռադիոլուր»-ի հետ զրույցի ժամանակ Սևակն անկեղծանում է։ Ասում է՝ երբ միտք առաջացավ նման փառատոն ստեղծելու, շատերը թերահավատ էին։ Ոչ ոք չէր հավատում, որ աշխարհահռչակ երաժիշտներն ու միջազգային ճանաչում ունեցող արվեստագետներն այդքան երկար ճանապարհ կկտրեն ու կհասնեն Սյունիք։ Բայց հաղթեց կապանցու համառությունը, և փառատոնը տեղի ունեցավ։
«Մարիաննա Շիրինյանին զանգեցի, ասացի` Մարիաննա ջան, ուզում եմ փառատոն անեմ, մեծ փառատոն Կապան քաղաքում, ասաց` դու գիժ ես, ասացի` գիտեմ, բայց հետս ես, չէ՞, ասաց` հետդ եմ, ու էդ խոսքերը հաճախ ենք հիշում, որ բոլորն ինձ ասում են` դու գիժ ես, բայց հետդ եմ, որովհետև լավ բան ենք անում, ու քանի դեռ այդպես շարունակում ենք, Կապանի փառատոնը արդեն աշխարհի թոփ փառատոնների մեջ է մտնելու։ Հուսով եմ, երբ որ հասնի 20-ամյակին, արդեն ես չեմ լինի, ուրիշները կլինեն և կանեն ինձնից ավելի լավ գործ»։
Փառատոնի հիմքում Կապանի երգեհոնային դահլիճն է՝ իր եզակի ակուստիկայով, որտեղ ժամանակին նվագել են Օյստրեխը, Ռիխտերը, Ռոստրոպովիչը։ Այստեղի հանդիսատեսին Սևակը համարում է «պահանջկոտ ու երես առած», որովհետև տեսել է ամենաբարձրակարգ արտիստների և միջին մակարդակ պարզապես չի ընդունում։ Կապանի փառատոնը մշակութային հեղափոխություն էր նախ և առաջ Կապանում։

Սևակն ասում է՝ հատկապես տղա երեխաները չէին ցանկանում ջութակ նվագել, ասում էին՝ ջութակը աղջկա գործիք է։ Բայց մեկ համերգի ներկա լինելով, որտեղ չորս ջութակահար բարձրացավ բեմ, չորսն էլ՝ տղամարդ, երեխաների վերաբերմունքը փոխվեց ջութակի նկատմամբ։Այսօր փառատոնն արդեն տվել է իր պտուղները․ կապանցի չորս երաժիշտներ փառատոնից հետո որոշել են ստեղծել «Կապան» լարային քառյակը՝ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ։
«Դուք չեք պատկերացնում, թե փառատոնի օրերին ինչքան հանդիսատես է գալիս Հայաստանից ու ոչ միայն։ Այս տարի հյուրեր ունեինք Բելգիայից, Դանիայից, Պորտուգալիայից։ Ռուսաստանից մեծաթիվ ուսանողներ էին եկել ու այնպես էին իրենց հանգիստը պլանավորել, որ հուլիս ամսին լինեն Կապանում ու մասնակցեն փառատոնին։ Չեմ մոռանա մի կադր, որտեղ վարպետության դասերից մեկի ժամանակ Մարիանա Շիրինյանն ասաց` երեխեք ջան, ես վաղը համերգ պետք է նվագեմ, պետք է պարապեմ, ինձ հանգիստ թողեք, ասացին` իսկ կլինի մնանք և լսենք։ Պատկերացրեք, Մարիաննա Շիրինյանը գիշեր ժամը տասներկուսին՝ ուշ, պարապում էր դաշնամուր, իսկ հատակին, նստարաններին երեխաները նստած ուշադիր լսում են»։
Սևակ Ավանեսյանն ասում է, որ փառատոնին մասնակցելու հստակ պայման կա՝ հրավիրում է միայն այն երաժիշտներին, որոնք, իր կարծիքով, իրենից ավելի լավ են նվագում։

«Ինձ համար առաջին հերթին դա մեծ պատիվ է, որ ես լինեմ փոքր երաժիշտ այդ հանճարների կողքին»։
Փառատոնն ինքնանպատակ չէ։ Երաժիշտն ասում է՝ դա արվում է մոռացված դահլիճները վերականգնելու, սյունեցիներին երաժշտական տոն պարգևելու և երաժշտական մեծ աշխարհի մասնիկը լինելու համար։
«Դա է պատճառը, որ հանճարեղ երաժիշտներ լեգենդար դաշնակահարուհի Մարթա Արգերիխին և Ֆլորիան Լեոնարդին առաջին հերթին հենց դա գրավեց։ Նրանց հրավիրում ենք շատ բարդ տեղ, ոչ հսկայական հոնորարով և լիմուզինով»։
Բայց փառատոնի գլխավոր սյուները, ինչպես նշում է երաժիշտը, այն մարդիկ են, որոնց հետ սկսեցին աշխատել հենց առաջին տարում։
«Մարդիկ, որոնք իրենց գրպանից մեծ գումար տվեցին, որ գնենք դաշնամուրը, որոնք եկան անվճար, առանց որևէ ակնկալիքի մասնակցեցին փառատոնին` վճարելով իրենց տոմսերի համար և գնելով դաշնամուրը։ Այդ մարդիկ են Մարիաննա Շիրինյանը, Աննա Սարգիսովան, Անդրեյ Գրիչուկը, Հայկը Ղազազյան, Կարենը Շահգալդյան և այլ երաժիշտներ»։
«Կապան ֆեստ»-ը դարձել է ոչ միայն դասական երաժշտության տոն, այլև կամուրջ՝ աշխարհի լավագույն բեմերից մինչև Սյունիքի սիրտը։ Սևակ Ավանեսյանի խոսքով՝ ամենամեծ նվաճումն այն է, որ փառատոնը Սյունիքում հնչում է նույնքան բարձր մակարդակով, որքան աշխարհի ամենահեղինակավոր դահլիճներում։




