Այսօր Վաշինգտոնում ազատագրության օր է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` նախօրեին ներկայացնելով հանցավորության դեմ պայքարի իր ծրագիրը։
Ըստ նրա` մայրաքաղաքում` Կոլումբիայի շրջանում, ստեղծվել է հասարակական անվտանգության արտակարգ իրավիճակ։
Մասնավորապես, Թրամփը դաշնային ուղիղ վերահսկողության տակ է վերցնում տեղական ոստիկանությունը։ Մայրաքաղաքի իրավապահ ուժերն անցնում են երկրի գլխավոր դատախազի ենթակայության տակ։
Նախագահի աշխատակազմը իրավունք է ունենում ժամանակավոր վերահսկողություն հաստատել ոստիկանության նկատմամբ, քանի որ Կոլումբիայի շրջանն ունի հատուկ կարգավիճակ, որով տարբերվում է մնացած 50 նահանգներից։
ԱՄՆ նախագահը մայրաքաղաք է ուղարկում Ազգային գվարդիայի 800 զինվորի եւ պատրաստ է ավելացնել նրանց թիվը։
Սպիտակ տանը այս միջոցառումները ներկայացնող նախագահ Թրամփի կողքին կանգնած պաշտպանության նախարար Փիթ Հերսերը հայտարարել է, որ «անհրաժեշտության դեպքում պատրաստ է մայրաքաղաք ուղարկել զինվորականների»։
Վաշինգտոնի փողոցները գիշերը պարեկելու են Հետաքննությունների դաշնային բյուրոյի 120 գործակալներ։
Մամուլի ասուլիսում նախագահը նաեւ նշել է, որ իր վարչակազմն սկսել է քաղաքից դուրս բերել անօթեւաններին` չմանրամասնելով, թե որտեղ են նրանց տեղավորելու։
Ըստ Թրամփը` «քաղաքը գրավել են դաժան բանդաներն ու արյունարբու հանցագործները»։
Վաշինգտոնում նախորդ տարի հանցավորության մակարդակը եղել է ամենացածրը վերջին 30 տարում

Թրամփի հայտարարած միջոցառումներից հետո քաղաքում սկսել են բողոքի ցույցեր։
Վաշինգտոնի քաղաքապետ, դեմոկրատ Մյուրիել Բաուզերը հերքել է Թրամփի մեղադրանքները։ 2025 թվականի սկզբին հրապարակված վիճակագրության համաձայն` մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրվել է ամենացածր հանցավորության մակարդակը անցած 30 տարվա ընթացքում։ Վիճակագրությունը ներառում է նաեւ ավազակային հարձակումները, կողոպուտներն ու մեքենաների գողությունը, հայտնում է RFI-ն։
Կոլումբիայի շրջանի գլխավոր դատախազ Բրայան Շվալբը մայրաքաղաքի նկատմամբ վերահսկողություն սահմանող նախագահական գործողությունները անվանել է «աննախադեպ, ավելորդ եւ ապօրինի»։
Նախօրեի իր ելույթում նախագահ Թրամփը հայտարարել է, որ ապագայում նման քայլեր կարող է ձեռնարկել նաեւ ամերիկյան այլ քաղաքների` այդ թվում Չիկագոյի նկատմամբ։
Տես նաեւ` Թրամփը անօթեւաններին կվտարի Վաշինգտոնից




