ԼուրերԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Դարակազմիկ իրադարձության» դեռ չվերծանված դետալները․ ինչ ասվեց ու ինչ չասվեց Վաշինգտոնում

Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների վաշինգտոնյան հանդիպումներն ու ստորագրած փաստաթղթերն արդեն մի քանի օր ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի ուշադրության կենտրոնում են։ Մինչ կողմերը պատմական են համարում երեք երկրների ղեկավարների ստորագրած հռչակագիրը և հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի նախաստորագրումը, փորձագիտական շրջանակները քննարկում են դրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Հայաստանի վարչապետն առաջարկում է դեռևս «չփորփրել ապաշրջափակման դետալները»՝ արձանագրելով, որ ինչ էլ տեղի ունենա, կլինի Հայաստանի ինքնիշանության, իրավազորության և տարածքային ամբողջականության համատեքստում։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «դարակազմիկ իրադարձության»՝ օգոստոսի 8-ի լույսի 9-ի գեշերը Վաշինգտտոնում Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի յոթ կետերից ամենաքննարկվողը երրորդն է։ Դրանով շեշտվում է, որ կողմերը վերահաստատում են ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա՝ տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Հանրային ու փորձագիտական շրջանակներին առավել մտահոգել է այն ձևակերպումը, թե, մեջբերում եմ,  «ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը, օրինակ, տելեգրամյան իր էջում գրում է․

«Այդ կետում Ադրբեջանից Նախիջեւան կապի վերաբերյալ օգտագործվում է «անխոչընդոտ երթեւեկություն» արտահայտությունը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով հաղորդակցությանը, ապա այստեղ ձեւակերպումը նույնը չէ: Այսինքն, Հայաստանի մաասին էլ չի նշվում, որ ստանում է «անխոչընդոտ ճանապարհի» հնարավորություն, այլ ինչ–որ վերացական՝ «փոխադարձ առավելություններ»: Իսկ ի՞նչ է նշանակում «փոխադարձ առավելություններ»: Եթե դա նույնն է, ինչ Ադրբեջանի համար տրվող «անխոչընդոտ ճանապարհը», ապա հարց է առաջանում, ինչու՞ տեքստում գրված չէ նույնը: Եթե դա նույնը չէ, ապա՝ նախ, խոսք չի կարող լինել փոխադարձության մասին, եւ երկրորդ՝ այդ դեպքում Հայաստանի համար ի՞նչ է նշանակում «փոխադարձ առավելություններ» ձևակերպումը»:

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, «Արմենպրես»–ի հետ զրույցի ժամանակ անդրադառնալով հռչակագրի այդ հոդվածին, շեշտել է՝ այն տարընթերցումների և մեկնաբանությունների տեղ չի թողնում։

«Համաձայնեցված է այն, ինչ գրված է, պետք է կարդալ այն, ինչ գրված է, հասկանալ այնպես, ինչպես գրված է, ոչ ավելին, ոչ պակաս։ Իսկ գրված է, որ ենթակառուցվածքների գործարկումը՝ ներառյալ նաև Հայաստանի տարածքում ամերիկյան գործընկերությամբ կառուցվելիքը, տեղի է ունենում երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում և ապահովում է փոխադարձ առավելություններ։ Կրկին՝ ինչպիսին էլ լինեն տեխնիկական լուծումները, որոնք դեռ պետք է քննարկվեն, դրանք չեն կարող լինել նշածս շրջանակից դուրս։ Մյուս մեկնաբանությունները երևակայության արդյունք են կամ մարդկանց մոլորեցնելու փորձ»։

Հարցին անդրադարձել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուշադրություն հրավիրելով «փոխադարձ առավելություններ» ձևակերպման վրա․

«Հիմա կարո՞ղ են լինել առավելություններ։ Այո, կարող են լինել, բայց էդ առավելությունները պետք է լինեն փոխադարձաբար և փոխադարձ համաձայնությամբ։ Սրա մասին է խոսքը, և սա է պատճառը, որ ես այս համաձայնագիրը համարում եմ հաջողություն»։

Վարչապետն առաջարկում է առայժմ չմտնել ապաշրջափակման տեխնիկական առանձին դետալների մեջ ու ենթադրություններ չանել։ Ասում է՝ դրանց շուրջ առանձին քննարկումներ ու բանակցություններ կլինեն։ Էականը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, այն է, որ վաշինգտոնյան հանդիպումները ևս մեկ անգամ ամրապնդում են Հայաստանի որդեգրած սկզբունքները։

«Ինչպիսին էլ լինեն լուծումները, որոնց շուրջ, իհարկե, կլինեն խոսակցություններ, մանրամասներ, դրանք պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքների շրջանակում, և փոխադարձությունը պետք է աշխատի։ Ես ինչո՞ւ եմ այսպես պատասխանում, որովհետև մենք այս փուլում չենք մտել դետալների մեջ։ Բայց մենք ճիշտ ենք արել, որովհետև դետալները կախված են  գլոբալ հարցերի նկատմամբ մեր վերաբերմունքից, գլոբալ հարցերին ոչ միայն անդրադարձել ենք, այլև համաձայնեցրել ենք և ստորագրել»։

Հուշագրի կետերից մեկի համաձայն՝ Հայաստանն աշխատելու է ԱՄՆ-ի և համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Վարչապետը թվարկում է «Թրամփի ուղու» միջոցով Հայաստանի ու տարածաշրջանի տնտեսական ու հաղորդակցային զարգացման հնարավոր տարբերակները։

«Եկեք չմոռանանք, որ Հայաստանի երկաթուղիներն այս պահին Ռուսաստանի կառավարման ներքո են, և գուցե հետաքրքրություն առաջանա Ռուսաստանի համար ներդրում իրականացնել Իջևան-Հրազդան երկաթուղին վերականգնելու, Իջևան-Ղազախ երկաթուղին վերականգնելու, իհարկե, աստեղ անհրաժեշտ կլինի նաև Ադրբեջանի համաձայնությունը։ Տեսեք՝ մենք երկաթուղային կապ ենք ստանում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, որ էլի շատ կարևոր է, և չենք ունեցել։ Մենք երկաթուղային մի կապ ենք ստանում Կենտրոնական Ասիայի հետ, իհարկե, լաստանավային նաև սցենարով, այդ թվում՝ Չինաստանն է ստանում ճանապարհ, նոր ճանապարհ, դեպի Արևմուտք, որ էս պահին չունի, գոյություն չունի»։

Վարչապետի խոսքով՝ այս գործողություններով՝ խաղաղությունն այլևս դրվում է ինստիտուտցիոնալ հիմքերի վրա։ Այդ տեսանկյունից նա կարևորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների շարունակականությունը։

«Խորհրդային Հայաստանի տարածքը նույնական է անկախ Հայաստանի տարածքի հետ, Խորհրդային Ադրբեջանի տարածքը նույնական է անկախ Ադրբեջանի տարածքի հետ։ Այսինքն՝ սա հստակ արձանագրված արդեն նախաստորագրված փաստաթղթերով։ Հիմա մենք, այո՛, ճիշտ ենք ասում, որ կան տարածքներ, որոնք այս տրամաբանությամբ պատկանում են մեզ, բայց գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, բայց նաև մենք պետք է ասենք, որ կան տարածքներ, որոնք էս տրամաբանությամբ պատկանում են Ադրբեջանին, բայց գտնվում են մեր վերահսկողության ներքո։ Հիմա ի՞նչ պետք է լինի, պետք է սահմանազատման պրոցեսը շարունակվի։ Եվ այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, որոնք գտնվում են մեր վերահսկողության ներքո, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, էնտեղ, որտեղ Ադրբեջանը ունի տարածքներ, որոնք չպատկանելով իրեն գտնվում են իր վերահսկողության ներքո, իրենք պետք է վերադարձնեն մեզ»։

Բացի եռակողմ հռչակագրից՝ Վաշինգտոնում ստորագրվել են նաև Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն ամրապնդող փաստաթղթեր, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները նախաստորագրել են խաղաղության պայմանագրի տեքստը։ Արարատ Միրզոյանը հանդիպումից հետո ասել է, որ դրա բովանդակությանը հանրությունը մեծ մասամբ տեղյակ է․

«Նախկինում քանիցս առիթ ունեցել ենք ասելու, որ Խաղաղության համաձայնագրի բովանդակությունը հիմնականում հայտնի է հանրությանը, նշել ենք, թե դրանում ինչ կա և ինչ վստահաբար չկա»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանագրի նախաստորագրումից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է, որ դրա պաշտոնական ստորագրումը չպետք է ձգձգվի։ Նա հույս է հայտնել, որ «Հայաստանի սահմանադրության փոփոխության պարագայում կբացառվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Հակառակ պարագայում դա անհարգալից կլինի առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ»։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Բաքվի մյուս նախապայմանին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը, ապա եռակողմ հռչակագրի երկրորդ կետով Հայաստանը և Ադրբեջանը դիմել են այն լուծարելու համար։

Կարդացեք նաև

Back to top button