
Վաշինգտոնում խաղաղության գործընթացի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկով նախատեսվում է Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, մանրամասնեց այս նախաձեռնության հիմնական սկզբունքները և հնարավոր տեխնիկական մոտեցումները։
Փաշինյանի խոսքով՝ ներկայումս գոյություն ունեն միայն պաշտոնապես ստորագրված փաստաթղթերը, և որևէ այլ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել։
Նա ընդգծեց, որ այս հարցում պետք է առաջնորդվել հռչակագրով, որը ստորագրվել է Միացյալ Նահանգների նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի կողմից։
«Հռչակագրում հստակ ամրագրված է, որ հաղորդակցությունները կբացվեն պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման հիման վրա՝ տարածաշրջանում խաղաղություն, կայունություն և բարգավաճում խթանելու նպատակով։ Այս ջանքերը ներառելու են Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը՝ Հայաստանի համար միջազգային և ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»,-նշեց վարչապետը։
Նա շեշտեց, որ ապագա բոլոր լուծումները, անկախ բանակցությունների մանրամասներից, պետք է տեղավորվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և սահմանների անխախտելիության սկզբունքների շրջանակում և գործեն փոխադարձության հիման վրա։
«Մենք այս փուլում չենք մտել տեխնիկական դետալների մեջ, քանի որ դրանք կախված են գլոբալ հարցերի շուրջ դիրքորոշումից։ Այդ գլոբալ սկզբունքները մենք արդեն համաձայնեցրել և ստորագրել ենք»,- ընդգծեց Փաշինյանը։
Անդրադառնալով անվտանգության ապահովմանը՝ վարչապետը պարզաբանեց, որ Հայաստանի տարածքում անվտանգությունը կապահովեն բացառապես ՀՀ պետական կառույցները։
«Հռչակագրի տեքստում նշվում է Հայաստանը Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի դեպքում միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
-Խնդրում եմ բացատրել տարբերությունը արդյո՞ք այդ փոխադարձ առավելությունը ենթադրում է ճշգրիտ նույն սկզբունքները Ադրբեջանի պարագայում։
-Տեսեք, հարցի մեջ կար մի նոր կոմպոնենտ, խոսքը վերաբերվում էր անվտանգությանը։ Հիմա նախորդ պատասխանի կոնտեքստում պատասխանեմ էդ հարցին ի՞նչ է նշանակումով է, ո՞վ է ապահովում անվտանգությունը իրավազորության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության շրջանակում։ Հայաստանի Հանրապետությունում անվտանգությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունը։ Ադրբեջանում անվտանգությունը ապահովում է Ադրբեջանի անվտանգությունը»,- ասաց Փաշինյանը։
«Հայաստանի ամբողջ տարածքում գործում են ՀՀ օրենքները։ Սա է ինքնիշխանության և իրավազորության իրական նշանակությունը։ Ներդրող ընկերությունները կարող են ունենալ պահնորդական ծառայություններ, ինչպես այսօր գործում են հազարավոր ընկերություններում, բայց դրանք որևէ կերպ չեն կարող սահմանափակել ոստիկանության, ԱԱԾ-ի կամ դատաիրավական համակարգի լիազորությունները»,- ասաց նա։
Փաշինյանը նաև կարևորեց ներդրումների ներգրավման նպատակով օտարերկրյա ընկերությունների, մասնավորապես ամերիկյան ներդրողների մասնակցությունը։
«Միացյալ Նահանգների ներկայությունը և նախագահ Թրամփի անունը, որը ոչ միայն ԱՄՆ նախագահն է, այլև մեծ փորձ ունեցող հաջողակ գործարար, ներդրողներին հաղորդում են վստահություն։ Սա մեծացնում է հավանականությունը, որ Հայաստանի Հանրապետությունում ներդրումները կաճեն և կբարձրանան մեր ներդրումային ռեյտինգները»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ նախագծի իրականացման ընթացքում կարող են լինել ներդրումային ընկերություններ տարբեր երկրներից, սակայն բոլոր ներդրողները պետք է գործեն Հայաստանի օրենսդրության և պետական կառույցների վերահսկողության ներքո։
Նա նաև ընդգծեց, որ փոխադարձ առավելությունների սկզբունքը հռչակագրում ամրագրված է հստակ․ «Ինչ առավելություն ստանում է Ադրբեջանը, նույնը պետք է ստանա նաև Հայաստանը»։
Վարչապետն ընդգծեց, որ այս հաղորդակցությունը ոչ միայն տնտեսական և տրանսպորտային նոր հնարավորություն է, այլև տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման կարևոր բաղադրիչ։




