
Վաշինգտոնում նախաստորագրված Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը, ինչպես նաև ստորագրված եռակողմ հայտարարությունը «ամբողջովին փոխակերպում են տարածաշրջանը», հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ խաղաղությունը յուրաքանչյուր երկրի անվտանգության առաջնահերթ բաղադրիչն է, և այսօր կարելի է հստակ ասել, որ խաղաղության օրակարգն արդեն իրականություն է։
«Վաշինգտոնյան գործընթացը հաստատեց մեր տարածաշրջանում խաղաղության հաստատումը, ինչը կբերի նաև տնտեսական ներուժի բացահայտման։ Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա»,-նշել է Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև դրական ազդեցություն կունենա նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։ Նա ընդգծել է, որ շարունակվելու է երկխոսությունը Թուրքիայի հետ՝ գոյություն ունեցող խնդիրների լուծման և նախնական պայմանավորվածությունների իրագործման նպատակով։
«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը մենք համարում ենք Հայաստանում դիվանագիտության, քաղաքականության և խաղաղության մեծ հաղթանակ։ Չկա մի ասպեկտ, որով այս համաձայնագրերը կարող են բացասական երանգ ունենալ»,-ասել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ռիսկեր գրեթե չկան, քանի որ առաջնորդների մակարդակով հաստատվել է պայմանավորվածությունները իրագործելու կամքը։
«Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ստորագրված բոլոր փաստաթղթերը նոր հնարավորություն են ստեղծում այս հարաբերությունները զարգացնելու համար։ Կիրառելիության ռիսկեր գրեթե չկան․ առաջնորդները հրապարակային խոսքում վերահաստատել են պայմանավորվածությունները իրագործելու կամքն ու նպատակը»,-ընդգծել է Գրիգորյանը։




