
Ջերմուկում 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայից հետո առաջացած դժվարություններից հետո զբոսաշրջիկների հոսքն աստիճանաբար վերականգնվում է։ Թեժ ամառային օրերին այստեղ դժվար է հյուրանոցի ազատ սենյակ գտնել, իսկ բնակարանները վարձակալվում են ինչպես նախկինում։ Բարեկարգվել է նաև դեպի քաղաքի խորհրդանիշ Եղնիկի արձանը տանող ճանապարհը։ Արձանի պատվանդանը բարձրացվել է և տեսանելի է քաղաքի բոլոր անկյուներից։
Արմեն Ալավերդյանը տարիներ շարունակ հանգստացել է Ջերմուկում։ 2022 թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո չի այցելել հանգստավայր։ Բայց այս տարի կրկին նախընտրել է հանգիստն անցկացնել Ջերմուկում։ Ասում է, որ այս տարի դժվարությամբ է համար ամրագրել, քանի որ գրեթե բոլոր հյուրանոցներում բոլոր սենյակները զբաղված էին։ Մեր զրույցին միանում է տեղաբնակ Անահիտը։ Ասում է, որ այս տարի՝ վաղ գարնանը, Ջերմուկում արագիլներ են հայտնվել, որոնք երեք տարի այդ կողմերում չէին երևացել։ Իսկ արագիլների հայտնվելը պատահական չէ․ նրանք միշտ լավ լուրեր են բերում։

«Մենք Իրանից ենք եկել։ Տեղանքը տեսանք․ շատ հաճելի է։ Խորհուրդ եմ տալիս բոլոր սփյուռքահայերին գալ ու տեսնել այս հիանալի տեսարանները»։
1944 թ․ չորս աշխատակցով, 1․665 ռուբլի ընդհանուր ֆոնդով ստեղծվեց «Ջերմուկ» առողջարանային քաղաքը։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել Հայրենական մեծ պատերազմում վիրավորվածների համար։ Խորհրդային իշխանությունը նրանց բուժման համար հենց Ջերմուկն էր ընտրել։ Ավելի ուշ՝ 50-60 թվականներին, Ջերմուկը վերածվեց հանրապետական, հետո արդեն միութենական առողջարանի։ Տուրիստական սեզոնը պաշտոնապես բացվել է 1948 թ․ մայիսի 13-ին։ Հետազոտությունները ցույց են տվել, որ Ջերմուկի հանքային ջրերը կազմությամբ գերազանցում են նույնիսկ Չեխիայի հայտնի Կառլովի Վարիի ջրերը։

ՌԴ–ից, Արաբական Միացյալ Էմիություններից ու շատ այլ երկներից զբոսաշրջիկների մեծ հոսք կա արդեն։ Նրանց գրավում են հայկական հյուրասիրությունն ու Ջերմուկի բնության անպատմելի գեղեցկությունը։
«Շատ ծանոթներ ունեի, որոնք այստեղ հանգստացել էին, ու իրենց խորհրդով ենք եկել։
«Հայաստանը մեզ այնպես գրավեց, որ ուղղակի չէինք կարող չգալ, իսկ Ջերմուկի ջրվեժին մասին խոսք չկա։ Մենք անպայման կվերադառնանք հաջորդ տարի այստեղ»։
«Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, մաքուր, մարդիկ շատ հյուրընկալ են, երբ ինչ–որ բան ես հարցնում մարդկանց, շատ սիրալիր պատասխանում են»։

Ջերմուկի համայքապետարանի գլխավոր մասնագետ Ստեփանոս Վարդանյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ ասում է, որ զբոսաշրջիկների հոսքը չի դադարում ամբողջ տարվա ընթացքում։
«Ջերմուկը հասել է նրան, որ սեզոնայնությունը գրեթե կոտրվել է․ տարվա մյուս եղանակներին էլ, թեկուզ փոքր քանակությամբ զբոսաշրջիկներ միշտ լինում են»։
Ստեփանոս Վարդանյանն ասում է՝ 2022–ից հետո, հանգստի սեզոնին զուգահեռ, տարատեսակ և իրականությանը չհամապատասխանող լուրեր էին տարածվում, որ Ջերմուկում անվտանգ չէ։
«2022–ից Ջերմուկում անվտանգ է, Ջերմուկում ամեն ինչ նորմալ, բնականոն հունով գնում է առաջ։ Նույն հոսքը վերականգնելու, գրավչությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, մնացածը ապատեղեկատվություն է, իրականությանը չհամապատասխանող և Ջերմուկի համբավին չվնասող»։

Մեր այցի պահին քաղաքի բոլոր հյուրանոցները լեփ–լեցուն էին։ Ինչպես նախկինում, այս տարի ևս բնակելի տներն էլ են տրվում վարձակալության՝ օրական 15-20 հազար դրամով։ Ջերմուկում զբոսաշրջության նկատմամբ վստահությունը մեծացրել է նաև Համահայկական ձմեռային խաղերի անցկացումը։ Ըստ Ստեփանոս Վարդանյանի՝ զբոսաշրջային ակտիվությունը խթանել է հատկապես վերաբացված ճոպանուղին։ Փետրվարի 1–ից գործարկված Ջերմուկի ճոպանուղին արդեն 14 հազար այցելուի է սպասարկել։
«Վերջին վերլուծությունը կատարվել է 5 տարի առաջ՝ քովիդի շրջանում․ այդ ժամանակ քաղաքը ընդունել էր 55-60 հազար այցելուի, և դատելով այս տարվա շարժից՝ մինչև տարեվերջ կունենաք այդքան թվով զբոսաշրջիկ»։

Նշենք, որ բարեկարգվել է դեպի քաղաքի խորհրդանիշ Եղնիկի արձանը տանող ճանապարհը։ Արձանի պատվանդանը ավելի բարձրացվել է և այժմ տեսանելի է քաղաքի բոլոր անկյուներից։




