ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 25% մաքս է սահմանվում: Փաստաթուղթը հրապարակվել է չորեքշաբթի՝ օգոստոսի 6-ին, Սպիտակ տան կայքում:
«Ես անհրաժեշտ և նպատակահարմար եմ համարում լրացուցիչ մաքս սահմանել Հնդկաստանից ներմուծվող ապրանքների վրա, քանի որ այդ երկրիրը նավթ է ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից»,-ասվում է գործադիր հրամանագրում:
Միջոցառումն ուժի մեջ կմտնի 21 օրից: Դրանից առաջ՝ օգոստոսի 31-ին, Թրամփը հաստատել է գործադիր հրամանագիր, որով Հնդկաստանից ներմուծվող ապրանքների համար առևտրային լրացուցիչ վճարը սահմանվել է 25%: Այն ուժի մեջ կմտնի օգոստոսի 7-ին:
Հնդկաստանի չորս պետական նավթավերամշակման գործարանների կողմից Ռուսաստանից նավթի գնումը կասեցնելու մասին առաջին հաղորդագրություններից հետո, տարբեր աղբյուրներից տեղեկատվություն հայտնվեց, որ Հնդկաստանը կշարունակի ռուսական նավթ գնել՝ չնայած սպառնալիքներին:
Պատժամիջոցները կիրառվեցին ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ դեսպան Սթիվեն Ուիթքոֆի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Սա Ուիթքոֆի հինգերորդ այցն է Ռուսաստան:
Ուիթքոֆը և Պուտինը արդեն բանակցություններ են վարել Ռուսաստանում փետրվարի 11-ին, մարտի 13-ին, ապրիլի 11-ին և ապրիլի 25-ին:
Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ և Թրամփի ամենաազդեցիկ օգնականներից մեկը՝ Սթիվեն Միլլերը, մեղադրել էր Հնդկաստանին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը արդյունավետորեն ֆինանսավորելու մեջ՝ Մոսկվայից նավթ գնելով:
«Նա (Թրամփը — խմբ.) հստակեցրել է, որ Հնդկաստանի համար անընդունելի է շարունակել ֆինանսավորել այս պատերազմը՝ Ռուսաստանից նավթ գնելով»,-ասել է Միլլերը: «Շատերը ցնցված են այն փաստից, որ Հնդկաստանը գրեթե հասել է Չինաստանին գնված ռուսական նավթի ծավալով: Դա զարմանալի է»,-հավելել է նա:
Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ բանակցությունների ժամանակ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի առևտրային գործընկերների համար կսահմանեն 100% երկրորդային մաքսատուրքեր, եթե Ուկրաինայում խաղաղության համաձայնագիր չկնքվի առաջիկա 50 օրվա ընթացքում (մինչև սեպտեմբերի 2-ը): Ավելի ուշ՝ հուլիսի 29-ին, նա կրճատել էր այդ ժամկետը մինչև 10 օր:




