ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

Թրամփը իր սահմանած ժամկետներում խուսանավելու հնարավորություն է ստանում․ փորձագետը Պուտին-Ուիթքոֆ հանդիպման մասին

Հաշված ժամեր անց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակից հայտարարություն կանի։ Այդ մասին Թրամփի վարչակազմի մամուլի ծառայությունը հայտնել է նախապես, սակայն չի նշել, թե կոնկրետ ինչ հայտարարության մասին է խոսքը։

Բայց, հաշվի առնելով, որ հայտարարությունն արվելու է օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ փորձագետներից ոմանք կարծում են, որ հայտարարությունը լինելու է ներմուծվող ապրանքների վրա Վաշինգտոնի սահմանած լրացուցիչ մաքսատուրքերի մասին։ Այլ վերլուծաբաններ էլ գտնում են, որ հայտարարությունը կլինի Մոսկվայի դեմ ձեռնարկվող քայլերի մասին, քանի որ օգոստոսի 8-ին լրանում է Թրամփի սահմանված վերջնաժամկետը։

Ողջ աշխարհը հետաքրքրությամբ, նաև անհանգիստ ու մտահոգ սպասում է օգոստոսի 8-ին։ Մի քանի ժամից կսպառվի այն ժամկետը, որը ԱՄՆ նախագահը կրճատել էր նախապես սահմանած 50-օրյա ժամկետից ու հատկացրել ՌԴ նախագահ Պուտինին՝ ուկրաինական խնդրի կարգավորման համար։

Օգոստոսի 8-ի վերջնաժամկետի ելքը կանխորոշող իրադարձություններ են տեղի ունենում արդեն օգոստոսի 6-ին։ Մոսկվայում  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Reurters-ի տարածած տեսանյութից երևում է թե ինչպես են ջերմ ձեռքսեղմումներով սկսում հանդիպումը Պուտինն ու Ուիթքոֆը։ հանդիպմանը ներկար էր նաև Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո Ուշակովը տեղեկացնում է, որ  հիմնականում քննարկվել են՝ «ուկրաինական ճգնաժամի և ԱՄՆ-Ռուսաստան ռազմավարական համագործակցության հեռանկարներին վերաբերող  հարցեր»։

Ըստ Ուշակովի Մոսկվան որոշակի ազդակներ է ստացել Դոնալդ Թրամփից։ «Մոսկվան ևս որոշ ազդակներ է փոխանցել ամերիկյան կողմին», — տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի օգնականը։

Դատելով տարածվող տեղեկություններից, քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է՝ «կարծես թե Թրամփը իր իսկ կողմից սահմանած ժամկետների մեջ խուսանավելու հնարավորություն է ստանում»…

Սա Թրամփի հատուկ ներկայացուցչի արդեն հինգերորդ այցն է Ռուսասատան այս տարվա ընթացքում։ Վերջին երկու այցերը տեղի են ունեցել ապրիլի 11-ին և ապրիլի 25-ին։ Ըստ էության այս տարի սա նրա արդեն երրորդ հանդիպումն է Պուտինի հետ ։

Բանակցությունների արդյունքից է կախված, թե ինչ ընթացք կունենան ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները, դրանից բխող հետևանքներով։

Թրամփը հայտարարել է, որ հանդիպելու են Ռուսաստանի հետ, և հետո կորոշեն` կիրառե՞լ Ռուսաստանի և ՌԴ գործընկեր երկրների նկատմամբ զանգվածային տուրքեր, թե՞ ոչ։ Ըստ Թրամփի, այդ քայլերը կախված կլինեն Մոսկվայում Ուիթքոֆի բանակցությունների արդյունքից։

«Վաղը Մոսկվայում հանդիպում կլինի, կտեսնենք՝ ինչ կստացվի, կորոշենք»։

Թրամփը Մոսկվային 10 օր ժամանակ էր տվել  ուկրաինական խնդիրը կարգավորելու համար, հակառակ դեպքում սպառնացել էր, որ նոր պատժամիջոցներ կկիրառի։ Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով հարվածել Ռուսաստանին, ինչպես նաև 100 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում, խոսքը նավթի խոշոր գնորդներ համարվող Չինաստանի ու Հնդկաստանի մասին է։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆի այցի նպատակն է դիվանագիտական շրջանակներում փորձել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում։

Հանդիպման նախօրեին Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը ժամանակ կպահանջի։

«Այս գործընթացում, իհարկե, իներցիա կա»,-նշել է Պեսկովը՝ ակնարկելով Պուտինի և Թրամփի հանդիպման երկարատև բացակայությանը:

Երեք օր առաջ Թրամփը, արձագանքելով լրագրողներին հարցերին, թե արդյոք հնարավոր է, որ պատժամիջոցներ չլինեն Ռուսաստանի դեմ, ասել էր, որ դա հնարավոր է, եթե գործարք կնքվի և, որ մարդիկ չսպանվեն։ Նախօրեին Թրամփը դարձյալ անդրադարձել է Մոսկվայի դեմ հնարավոր մաքսատուրքեր սահմանելու հարցին և ասել՝

«Եվ հետո, գիտեք, մենք մաքսատուրքեր ենք սահմանելու։ Եվ ես չգիտեմ, թե դա կազդի Ռուսաստանի վրա, թե ոչ, քանի որ նա ակնհայտորեն ցանկանում է շարունակել պատերազմը։ Բայց մենք մաքսատուրքեր ենք սահմանելու։ Դա կարող է ազդել կամ չազդել նրանց վրա, բայց կարող է»։

Մինչև Պուտին-Ուիթքոֆ հանդիպումը հեռախոսազրույց է տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Զելենսկիի միջև։

«Մենք խոսել ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին»,-գրել է Վոլոդիմիր Զելենսկին սոցիալական ցանցում, ավելացնելով նաև, որ Թրամփի հետ քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության հարցեր, այդ թվում՝ անօդաչու սարքերի մասին համաձայնագրի նախագիծը։

Տեղեկատվությունը սուղ է թե՛ Պուտին-Ուիթքոֆ հանդիպման, և թե Թրամփի սպասվող հայտարարության մասին։ Սակայն, որքան մոտենում է ժամանակը, այնքան ակտիվանում են իրավիճակի մեկնաբանությունները։

Կարդացեք նաև

Back to top button