
ԵՄ-ն պաշտոնապես կասեցրել է ԱՄՆ-ի դեմ պատասխան առևտրային մաքսատուրքերը՝ Վաշինգտոնի և Բրյուսելի միջև հուլիսի 27-ին կնքված համաձայնագրից հետո, երեքշաբթի՝ օգոստոսի 5-ին, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ԵՀ-ն ձեռնարկել է «անհրաժեշտ իրավական միջոցներ»: Եթե բանակցությունները ձախողվեին, մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեին օգոստոսի 7-ին, հաղորդում է AFP-ն:
Մասնավորապես, նախատեսվում էր լրացուցիչ վճարներ մտցնել ամերիկյան ապրանքների վրա, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 93 միլիարդ եվրո: «Մենք սառեցնում ենք, բայց միշտ կարող ենք դրանք կրկին ակտիվացնել», — նշել է ԵՄ պաշտոնյան:
Հուլիսի 27-ի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարեցին ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրի կնքման մասին: Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը կպահպանի Եվրամիությունից ապրանքների մաքսատուրքերը 15% մակարդակի վրա բոլոր ոլորտներում, բացառությամբ պողպատի և ալյումինի մատակարարումների, որոնց համար կգործի 50% դրույքաչափ։ Բացի այդ, ֆոն դեր Լեյենը Եվրամիության անունից խոստացել է լրացուցիչ ներդրումներ կատարել ԱՄՆ տնտեսությունում՝ 600 միլիարդ դոլարի (510 միլիարդ եվրո) չափով։
Բրյուսելը նաև 750 միլիարդ դոլարի (638 միլիարդ եվրո) էներգետիկ ռեսուրսներ կգնի Միացյալ Նահանգներից՝ առևտրային համաձայնագրի շրջանակներում, ասել է Դոնալդ Թրամփը։ Սա հաստատել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ճեպազրույցի ժամանակ։
«Մենք ռուսական գազն ու նավթը կփոխարինենք Միացյալ Նահանգներից հեղուկացված բնական գազի, նավթի և միջուկային վառելիքի զգալի գնումներով», — նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Միացյալ Նահանգների հետ համատեղ հայտարարության շուրջ բանակցությունները, որը կսահմանի գործարքի մանրամասները, առաջընթացի փուլում են. տեքստը, ընդհանուր առմամբ, պատրաստ է, և ԵՄ-ն սպասում է Վաշինգտոնից ազդանշանի՝ աշխատանքն ավարտելու համար, օգոստոսի 5-ին հայտարարել է ԵՄ պաշտոնյան։ Նա չի նշել փաստաթղթի հրապարակման ժամկետները։
Բրյուսելը նաև աշխատում է ԱՄՆ մաքսատուրքերից ազատված հիմնական ապրանքների ցանկը հաստատելու ուղղությամբ։ Այս գործընթացը որոշ ժամանակ կպահանջի, հավելել է ԵՄ ներկայացուցիչը։




