
Ալին Տէմիճեանը, արգենտինահայ երգիչ-երգահան և կիթառահար, վեց տարի առաջ Բուենոս Այրեսից տեղափոխվել է Գյումրի։ Վերջերս նա հրապարակել է «Ծիծեռնակ» զուգերգը հանրահայտ արգենտինացի երգիչ Լիոն Խիեգոյի հետ։
Երկլեզու այս երգը, որը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերին և տարբեր մշակույթների միավորմանը, հարուստ է հայկական և արգենտինյան նվագարաններով։ Ալինն ասում է, որ Գյումրիի պատմական և մշակութային ժառանգությունը գրավել է իրեն։ Նա նաև ցանկացել է վարսահարդարում սովորել՝ իր տատիկի պես։



Ալինն առաջին անգամ Հայաստան է եկել «Մեկ մարզ, մեկ նախագիծ» ծրագրով և փորձել է հասկանալ՝ կարո՞ղ է արդյոք, ապրել Հայաստանում։
«Իհարկե, տարբերություններ կան, բայց նմանություններ էլ կան», – ասում է նա։ Պատմում է իր տեղափոխության մասին. «Մի առավոտ տեղափոխվեցի. բոլորը կարծում էին, թե կատակ է, բայց ես եկա»։ Նա շատ շնորհակալ է բոլոր այն ընկերներին ու ընտանիքներին, որոնք օգնել են իրեն։

«Հայաստանի մարդիկ սրտաբաց ու հյուրընկալ են։ Միայն տխրում եմ, երբ Գյումրիի հումորները լավ չեմ հասկանում, թեև Արգենտինայում հայկական դպրոց եմ գնացել»,– ասում է Ալինն անկեղծորեն։ Երաժշտական գործունեությունից բացի՝ Ալինը սիրում է հեծանիվ քշել Գյումրիում։




