ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սոցիալական աջակցությունը՝ հիմնական առաքելություն. «Մեր տան» ճամբարային առօրյան          

Էջմիածնում գործող «Մեր տուն» հասարակական կազմակերպությունը վերջին տարիներին փոխել է գործունեության ոլորտը՝ հավատարիմ մնալով առաքելությանը: Կազմակերպությունը տարիներ շարունակ իր հարկի տակ է ընդունել մանկատների չափահաս աղջիկներին, կրթել նրանց, կյանքի հմտություններ տվել և «Մեր տնից» ճանապարհել նորաստեղծ ընտանիքներ: Մանկատների փակվելուց ու պատերազմից հետո կառույցը շարունակում է իր սոցիալական նախաձեռնությունները՝ ցերեկային կենտրոնների ու ամառային ճամբարի միջոցով:

Մանկատների փակվելուց հետո «Մեր տուն» հասարակական կազմակերպության դռները չեն փակվել: Հիմա կառույցի շահառուները մանկատան չափահաս աղջիկների փոխարեն սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն են: Առաքելությունը նույնն է՝ կրթել անչափահաս աղջիկներին ու զարգացնել նրանց հմտությունները: Ցերեկային կենտրոնի շահառուները ամռան ամիսներին ճամբարի սաներ են:

Պատմում է  շահառու Օվսաննա Հակոբյանը:

«Այստեղ ունենում ենք ասեղնագործության, կրոնի դասեր, հոգեբանի, հայտնի մարդկանց հետ  հանդիպումներ: Ամառային դպրոցը մեր առօրյան լցրել է, որովհետև այն ժամանակը, որն այս ընթացքում պետք է անցկացնեինք տանը, անցկացրեցինք այստեղ, ընկերների հետ տարբեր խաղեր, տարբեր  մարդկանց հետ հանդիպումներ»:

Զվարթնոցից Լուսինեն ու Արևիկն առաջին անգամ են ամառային ճամբարում, ասում են՝ հետաքրքիր օրեր են անցկացրել, ձեռագործություն սովորել:

«Ամեն օը հետաքրքիր էր անցնում։ Գործում էինք, նկարում, ասեղնագործում, թևնոցներ պատրաստում: Տարբեր դասընթացներ ենք արել»:

Ամառային ճամբարում ու ցերեկային կենտրոնում ասեղնագործության ուսուցումն անվճար է: Խմբավար Կարինե Գյարաքյանը երեխաներին  այդ դասընթացի միջոցով է ծանոթացնում   հայկական մշակույթին:

«Երեխաները շաբաթական 3 օր են եկել՝ երկուշաբթի, չորեքշաբթի և շաբաթ օրերը, բայց քանի որ մեր  օրը շատ լեցուն է ու ժամերը շատ զբաղված, շաբաթը մի անգամ ենք ձեռագործ աշխատանք արել: Նայեք, երեխաները էջանիշեր են պատրաստել, անգամ իրենց անուն-ազգանվան առաջին տառերն են ասեղնագործել: Սա  խաչկար է»:

«Մեր տան» բակում ցուցադրվում են  երեխաների ստեղծագործությունները: Օվսաննան ներկայացնում է իր աշխատանքները:

«Այստեղ ասեղնագործում ենք բարձերի վրա, նկարում ենք: Մարաշի, Վանի ասեղնագործություններն են՝ խաչկար, թռչնատառեր և այլն»:   

Ամառային ճամբարը «Մեր տուն» հասարակական կազմակերպության հերթական նախաձեռնություններից է: Կառույցի առաքելությունը շարունակում է մնալ սոցիալական ուղղվածությունը: 20 տարվա աշխատանքն անարդյունք չի մնացել՝ ասում է կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը:

«Մեր տուն» հասարակական կազմակերպությունը, որը միակն էր Հայաստանում, որ  կացարան էր տրամադրում մանկատան  աղջիկներին, առաջին հերթին նպատակ ուներ նրանց հետ  պահել թրաֆիքինգից, և երկրորդը՝ կրթել նրանց, ինչը նույնպես կարևոր էր: Մանկատնից հետո երեխաները դժվարություններ էին ունենում ինտեգրվելու  հասարակության մեջ ու կրթություն ստանալու: Մեր ծրագիրը հաջողվեց»:

Այս տարի հոկտեմբերին կառույցը նշելու է գործունեության 20-ամյակը: «Մեր տանն» ապրել ու կրթվել են մանկատան 67 շրջանավարտներ, 34-ը ստացել են բարձրագույն կրթություն, 25 աղջիկներ ամուսնացել են: Ցերեկային կենտրոնի ու ճամբարականների օրը հետաքրքրացնելու համար տարբեր նախագծեր ենք իրականացնում՝ ասում է հասարակական կազմակերպության վարչության անդամ Անահիտ Խալաֆյանը:   

«Մենք մի քանի դասընթաց ենք բացել, որոնցից մեկը  «Իրավունքն» է, որ աղջիկներն իմանան իրենց իրավունքները, ինչ կարող են անել, որպեսզի թրաֆիկինգի  զոհ չդառնան, մյուսը կրոնի դասընթացն է»:  

Նինան ու Դիանան ճամբարում  կամավորության սկզբունքով ջոկատավարներ են եղել: Նրանք ավագ դպրոցի սաներ են:

«Տեսնելով, որ նրանց կարող ենք կամավոր ձևով աջակցել, որոշեցինք մեր նպաստն ունենալ այս ճամբարում, քանզի շատ բարի գործ էր կատարվում երեխաների համար»:

«Այստեղ փորձառությունը կիսվելու ընթացքում երեխաներն այնքան բան են սովորում, օրինակ՝ նկարչությունը, պայուսակներ ստեղծելը շատ հետաքրքիր է: Ուրախ եմ, որ կարողանում եմ ինչ-որ ձևով օգնել իրենց»:

Ճամբարականներից 11-ամյա Լիաննա Աղաջանյանի մայրը՝  Լուսինե Հայրապետյանը, հետաքրքրված է բոլոր նախագծերով: Դրանք, ասում է,  լցնում են երեխայի առօրյան: Լիանան հաճախում է դերասանական ու սպորտային պարի խմբակներ։

«Ես շատ ուրախ եմ, որ նման նախագծեր կան, երեխաներն այդ գաջեթներից կտրվում են, ավելի հոգևոր կյանքով են ապրում, ավելի զարգանում են, երեխաների աշխարհայացքն է ընդլայնվում, որի համար ես միայն ուրախ եմ»:

Գործունեության ձևաչափի փոփոխությունը փոխել է նաև կարգախոսը՝ ասում է հասարակական կազմակերպության նախագահ Տիգրանուհի Կարապետյանը․ «Ես կարող եմ»-ին փոխարինել է «Թույլին ուժեղացնում ենք, ուժեղին ավելի ուժեղացնում» կարգախոսը:

Կարդացեք նաև

Back to top button