ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Թրամփը «զզվելի» է որակում Մոսկվայի գործողությունները ու սպառնում նոր պատժամիջոցներով

Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, զոհերի թիվն ավելանում է, ակտիվ հավածներ են գրանցվում Կիևի և Ուկրաինայի այլ բնակավայրերի ուղղությամբ։

Ռազմական ակտիվ գործողությունների ֆոնին ԱՄՆ նախագահը հայտարարում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրության մասին, խոսում Ռուսաստանից նավթ գնող երկրների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու որոշման մասին։ Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ հնդկական մի քանի ընկերություններ արդեն հրաժարվել են ռուսական նավթից։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՌԴ-ի համար սահմանած տասնօրյա ժամկետի ավարտին ընդամենը մեկ շաբաթ է մնացել, սակայն ռուս-ուկրաինական լարվածությունը ոչ միայն չի մարում, այլև նոր թափ է հավաքում։ Նախօրեին հրթիռային փոխադարձ հարվածները նոր ավերածություններ են առաջացրել, զոհերի թիվը շարունակում է աճել։

Թրամփի սահմանած վերջնաժամկետին՝ օգոստոսի 8-ին հաշված օրեր են մնացել։ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի գործողությունները «զզվելի» է որակել և խոստացել նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ։

«Կարծում եմ, որ զզվելի է այն, ինչ նրանք անում են։ Սա իմ պատերազմը չէ, սա Բայդենի պատերազմն է։ Բայց ես ասացի, որ եթե ներգրավվեմ այս հարցում, կփորձեմ դադարեցնել այս ամենը։ Բայց այն, ինչ անում է Ռուսաստանը, շատ տխուր է։ Շատ ռուսներ, ուկրաինացիներ են մահանում»։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշում է, որ վեցամսյա դիվանագիտական ջանքերից հետո Թրամփն առաջիկայում ստիպված կլինի որոշում կայացնել՝ շարունակե՞լ դիվանագիտական աշխատանքը, թե՞ ոչ։

Քանի դեռ ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է, Արևմուտքը պետք է շարունակի աջակցել Ուկրաինային՝ այս պնդումն էլ արել է ավստրիական բանակի սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Մարկուս Ռայսները։ Նրա գնահատմամբ՝ այս փուլում այդ աջակցությունը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար։ 

«Եթե հիմա նայենք Պոկրովսկի վիճակին, ապա, ցավոք, պետք է ասենք, որ տեսնում ենք բազմաթիվ նշաններ, որոնք ցույց են տալիս, որ եթե ռազմաճակատում էական աջակցություն կամ իրավիճակի փոփոխություն չլինի, ապա վաղ թե ուշ Պոկրովսկը կկորցնենք։ Եվ խոսքը միայն Պոկրովսկի մասին չէ․ հինգ քաղաք ուժեղ հարվածների տակ է»։

Սպիտակ տանը ճեպազրույցի ժամանակ Դոնալդ Թրամփը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել Մոսկվայի դեմ, բայց մանրամասներ չի հայտնել:

«Այո, մենք պատժամիջոցներ ենք կիրառելու: Ես չգիտեմ՝ դրանք որևէ ազդեցություն կունենա՞ն, թե՞ ոչ, բայց մենք դա անելու ենք: Եվրոպան չափազանց վրդովված է, բայց սա պատերազմ է, որը չպետք է տեղի ունենար: Սա պատերազմ է, որը տեղի չէր ունենա, եթե ես նախագահ լինեի»:

ԱՄՆ նախագահը հայտնել է նաև, որ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Իսրայել այցից հետո կմեկնի Ռուսաստան։ Սպիտակ տան ղեկավարը չի ներկայացրել Ուիթքոֆի այցի օրակարգը, որը նախկինում մի քանի անգամ Ուկրաինայի հարցով բանակցել է Պուտինի հետ:

«Նա մեկնում է Իսրայել, իսկ հետո, հավատաք թե ոչ, Ռուսաստան»,-լրագրողներին ասել է Թրամփը։

Ավելի վաղ՝ հուլիսի կեսերին, ԱՄՆ նախագահը սպառնացել էր ոչ միայն Ռուսաստանին, այլև նրա առևտրային գործընկերներին։ Խոսել էր 100% երկրորդային մաքսատուրքեր սահմանելու մասին, եթե  հակամարտության կարգավորման գործում առաջընթաց չգրանցվի։

Վաշինգտոնը Մոսկվային նախ 50 օր էր հատկացվել, հետո այդ ժամկետը կիսով չափ կրճատել էր։

Թրամփը խոստացել էր նաև 10-օրյա ժամկետի ավարտից հետո երկրորդային մաքսատուրքեր սահմանել ռուսական էներգակիրներ գնող երկրների նկատմամբ:

Ըստ Reuters-ի՝ Թրամփի այս հայտարարությունից հետո Հնդկաստանի նավթավերամշակման գործարանները հրաժարվել են ռուսական նավթ գնել։

Ուկրաինական պատերազմի ընթացքում դեպի Հնդկաստան ռուսական նավթի մատակարարումներն աճել էին ավելի քան 30 անգամ։ Ըստ միջազգային փորձագիտական կենտրոնների՝ Չինաստանից հետո Հնդկաստանը ռուսական նավթի ամենախոշոր գնորդ էր աշխարհում։

Կարդացեք նաև

Back to top button