
Համաշխարհային աստղը Ջենիֆեր Լոպեսը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուպ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սնուփ Դոգի համերգը, տեղի չունեցավ 2023 թ. սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանված մեր հայրենակիցների բարոյահոգեբանական վիճակի պատճառով։
Քննարկումների արդյունքում որոշվել է համերգն իրականացնել 2025 թ. Վ. Սարգսյանի անվան մարզադաշտում, և Սնուփ Դոգի փոխարեն հանդես է գալու համաշխարհային աստղ Ջենիֆեր Լոպեսը։
Ծրագրի իրականացման համար «Դոպինգ Սփեյս» ընկերությունը պետական բյուջեից ստացել է 2 մլրդ 318 մլն 596 800 դրամ(ներառյալ ԱԱՀ), նոր համերգի համար լրացուցիչ ֆինանսավորում չի տրամադրվի։
Որոշման նախագծով կատարվել են խմբագրումներ ժամկետների, կատարողի և պայմանագրային պահանջների մասով։ Կազմակերպությանը տրվել է բացառիկ իրավունք՝ համերգը կազմակերպելու մեկ անձից գնումների միջոցով՝ գործընթացի հատուկ բնույթը և ժամանակային սահմանափակումները հաշվի առնելով։
Ակնկալվում է, որ միջոցառումը կնպաստի Հայաստանի մշակութային հեղինակության բարձրացմանն ու զբոսաշրջության խթանմանը։
Նախագիծը ներառված էր ՀՀ կառավարության չզեկուցվող հարցերի ցանկում։




