ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Կամչատկայի հզորագույն երկրաշարժը կարող է դեռ 5-6 տարի հետցնցում ունենալ․ ինչ վտանգներ են դեռ սպասվում

Ռուսաստանի Կամչատկա թերակղզում գրանցվել է 1952 թվականից ի վեր տեղի ունեցած ամենաուժեղ երկրաշարժը։ 8.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցվել է երկրակեղևը, ինչի հետևանքով նաև ցունամի է առաջացել։ Վտանգը հասել է նաև Կուրիլյան կղզիներ։

Սեյսմոլոգները գրանցել են վերջին 73 տարվա ամենահզոր երկրաշարժը, որը տեղի է ունեցել ՌԴ Կամչատկայի ափերի մոտ՝ Պետրոպավլովսկ-Կամչատկայից 149 կիլոմետր հեռավորության վրա։ Համացանցը լի է ցնցումների կադրերով։   

Երկրաշարժի հզորությունը էպիկենտրոնում, տարբեր գնահատականներով, 8.8 մագնիտուդ է կազմել․ հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության մասնաճյուղը։ Ռուսաստանի ԳԱԱ-ի տվյալներով՝ տեղի ունեցած երկրաշարժը տարածաշրջանում 1952 թվականից հետո ամենաուժեղն է։ «Սա, անկասկած, ուշագրավ իրադարձություն է»,- ընդգծել են սեյսմոլոգները։

Սա, ըստ ամենայնի, աշխարհում ամենաուժեղ երկրաշարժն է 2011 թվականի մարտից ի վեր՝ հաջորդելով  Ճապոնիայի հյուսիսարևելյան ափին  9 մագնիտուդով երկրաշարժին՝ նկատել է AP-ն։ Մեկ ժամում երկրաշարժին հաջորդել է 8 հետցնցում։

«Շենքերի մեծ մասը կանգուն է, բայց մանկապարտեզներից մեկի ճակատային մասը, որը վերանորոգվում էր, փլուզվել է»։

Կամչատկա երկրամասի արտակարգ իրավիճակների նախարար Սերգեյ Լեբեդևը հայտնել է  նաև, որ ափամերձ հատվածներում մարդկային զոհերից խուսափելու համար բնակիչներին տարհանել են բարձրադիր վայրեր։ 

Կամչատկայի Ելիզովսկի շրջանում՝ օդերևութաբանական կայանի մոտ, երկրաշարժից հետո գրանցվել է երեքից չորս մետր բարձրության ցունամի, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Փոթորկի սպառնալիքի պատճառով մոտ 2700 մարդ տարհանվել է Կուրիլյան կղզիների անվտանգ գոտիներ: Հեղեղվել է նավահանգիստը, որտեղ ուժեղ ալիքը նավերը պոկել է խարիսխներից, այս տարածքում արտակարգ դրություն է մտցվել։ 

Պետրոպավլովսկ-Կամչատկայում, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության նախնական տվյալներով, ցնցումների ուժգնությունը կազմել է առնվազն յոթ բալ: Ցունամին սպառնում է նաև Կուրիլյան կղզիներին։ Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը հայտնում է, որ կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ցունամին հասել է Հոկայդո կղզի, որտեղ հսկայական կետեր են ափ դուրս շպրտվել։

Տագնապի ազդանշան է հայտարարվել Այլասկայի, Հավայան և հյուսիսային Մարինյան կղզիների որոշ մասերում։  

Կամչատկայում առաջիկա մեկ ամսվա ընթացքում ցնցումները կարող են պարբերաբար կրկնվել։ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանի խոսքով՝ հետցնցումներ էլ, բնականաբար, լինելու են։ Նա տեղի ունեցածը համեմատեց Սպիտակի երկրաշարժի հետ. 

«Բնականաբար նման ուժեղ երկրաշարժը հետցնցումներ կունենա, և այդ հետցնցումները կտևեն մի քանի տարի։ Ընդ որում՝ սա Կամչատկայի վերջին 50  տարվա պատմության ամենաուժեղ երկրաշարժերից է։ Նույնիսկ մեր Սպիտակի (երկրաշարժի) դեպքում, որը 6.9 մագնիտուդ էր, մոտ երեք տարի մենք հետցնցումներ ենք ունեցել։ Դե պատկերացրեք՝ 8.8-ի դեպքում. քանի որ սրանք մենակ թվեր չեն, մագնիտուդը նկարագրում է նաև անջատված էներգիայի քանակը, որը պատիկներով է փոփոխվում,  5-6 տարի հնարավոր է հետցնցումային ակտիվություն լինի։ Այս երկրաշարժը պարզապես բնակավայրերից հեռու էր. դա է առաջին պատճառը, որ փլուզումներ ու վնասվածքներ չկան։ Սակայն ցունամիի վտանգ հայտարարված է»։  

Ռուսաստանի Դաշնության Կամչատկա թերակղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժը հերթական վկայությունն է, որ այդ գոտին, ինչպես և մեր տարածաշրջանը, սեյսմոակտիվ գոտում է՝ «Ռադիոլուր»-ին ասաց սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը։

«Այսինքն՝ այստեղ պարբերաբար երկրաշարժեր լինում են»։

Անդրադառնալով ենթադրություններին և դիտարկումներին, որ երկրաշարժերը նաև արհեստական են լինում և դրանց վրա ազդում են պատերազմները՝ ռումբերի պայթյունները, սեյսմոլոգն ասաց.

«Ուղղակի ազդեցություն, որպես այդպիսին, չունեն, բայց տեսություններ կան, որ խորը թափանցող ռումբերն, օրինակ, որոնցով բունկերներ են պայթեցնում, կարող են թույլ սեյսմիկություն հարուցել, եթե, իհարկե, գոտին գտնվում է սեյսմոակտիվ գոտում։ Տեսություններ կան, բայց ուղղակի ազդեցություն՝ որպես այդպիսին, չկա»։  

Սոս Մարգարյանը ևս մեկ անգամ շեշտում է, որ երկրաշարժերի կանխատեսումն այն կերպ, ինչպես սովորաբար մարդիկ պատկերացնում են՝ օրով կամ ժամով, չլուծված գիտական խնդիր է։ Սակայն, սեյսմոլոգի խոսքով, ցանկացած սեյսմիկ վտանգի գնահատում միջնաժամկետ կամ երկարաժամկետ առումով արվում է։

Կարդացեք նաև

Back to top button