
Հազար խոշոր հարկատուները վեց ամսում Հայաստանի պետական բյուջե են վճարել ավելի քան 986 մլրդ 71 մլն դրամ։ Անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ 86 մլրդ դրամով ավելի շատ հարկ է հավաքվել։ Փորձագետները ցանկում փոփոխություններ են նկատում։ Առանձնացնում են այն, որ, կիսամյակային տվյալներով, տարիներ շարունակ Հայաստանի թիվ մեկ հարկատուն՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը վեցերորդ տեղում է, և այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկում տեղ չէր գտել ընկերության անունը։
Կիսամյակային տվյալներով՝ Հայաստանի թիվ մեկ հարկատուն ոչ թե արդյունաբերական ձեռնարկություն է, այլ տեխնիկայի, հիմնականում հեռախոսների ու համակարգիչների ներմուծմամբ զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը (ապրանքանիշը՝ Mobile Centre): Այս տարվա առաջին վեց ամիսներին պետական բյուջե ամենաշատը այս ընկերությունն է հարկ վճարել՝ 32,9 մլրդ դրամ՝ առաջ անցնելով «Գրանդ տոբակո»-ից, «Գազպրոմ Արմենիա»-ից, ԶՊՄԿ-ից։ Երկրորդ խոշոր հարկատուն «Գրանդ տոբակո»-ն է՝ 30,5 մլրդ դրամի հարկով, իսկ առաջին եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիա»-ն՝ 28 մլրդ դրամի հարկով։ Չորրորդ ու հինգերերոդ տեղերում Արդշինբանկն ու Ամերիաբանկն են։
Տարիներ շարունակ Հայաստանի թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կամբինատը, կիսամյակային տվյալներով, 6-րդ տեղում է։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերությունը ներառված չէր խոշոր հարկատուների ցանկ։ Ընկերությունը վճարել է 20,4 մլրդ դրամի հարկ։ ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի տնօրեն Սոս Խաչիկյանը հարկերի նվազումն ու հորիզոնականի իջեցումը բացատրում է նախ և առաջ նրանով, որ տարեսկզբին ընկերության աշխատակիցները գործադուլ էին անում, ինչի հետևանքով որոշ ժամանակ ընկերությունը չի աշխատել։ Բայց սա միակ գործոնը չէ՝ ըստ տնտեսագետի․
«Կարծում եմ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի պարագայում էական է նաև, որ պետությունը մասնաբաժին ստացավ։ Իհարկե, փետրվարին բողոքի ակցիաներ էին, ուստի որոշակի չափով նրա աշխատանքի կառուցվածքում փոփոխություններ եղան, կարծում եմ՝ ընթացքում կվերականգնվեն այս փոփոխությունները»։
ԶՊՄԿ վճարած հարկերը շուրջ երեք անգամ են նվազել՝ «Ռադիոլուր»-ին փոխանցում է Օրբելի վերլուծական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը։ Բացատրում է՝ թեև ընդհանուր առմամբ 1․000 խոշոր հարկատուների վճարած հարկերն ավելացել են, բայց անկում է գրանցվել առաջին 10 խոշոր հարկատուների վճարած հարկերի մասով։ 10 խոշոր հարկատուները վճարել են 207 միլիարդ կամ, նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ, 15 միլիարդով ավելի քիչ։ Անկումը կրկին Զանգեզուրի պղձամոլիբդենային կոմբինատով է պայմանավորված․
«Տասնյակի մասնաբաժինն ամբողջ ծավալում կազմել է 21 %։ Սա 2017-ից ի վեր գրանցված ամենացածր ցուցանիշն է եղել։ Վերջինս որոշակի դրական ազդակ է մրցակցության և շուկայի դիվերսիֆիկացիայի ապահովման տեսանկյունից։ Տասնյակի վճարած հարկերի անկումը ցույց է տալիս, որ հարկային բեռի կենտրոնացումը որոշակիորեն թուլացել է։ Հակառակ 10 խոշոր հարկատուների վճարած հարկերի նվազմանը՝ աճել են ինչպես առաջին, այնպես էլ վերջին՝ արդեն 100 խոշոր հարկատուների հարկերը»։
Խոշոր հարկատուների մեծ մասը՝ 83 տոկոսը, գրանցված է Երևանում։ Նրանց վճարված հարկերը կազմում են 84,4 տոկոս․
«Սա ցույց է տալիս, որ մարզերում խոշոր հարկ վճարողների ներգրավումը դեռևս մնում է համեմատաբար ցածր»։
Տնտեսագետ Սոս Խաչիկյանն ընդգծում է՝ ակնհայտ է, որ Հայաստանում արդյունաբերության ոլորտը որոշակի նվազում է արձանագրում, ուստի հարկատուների ցանկում փոփոխությունները տրամաբանորեն պետք է լինեին։ Տնտեսագետ Մերի Բոյաջյանը նկատում է՝ բոլոր հարկատեսակների գծով, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, աճ է արձանագրվել։
«ԱԱՀ-ն ավանդաբար զբաղեցրել է ամենաբարձր տեսակարար կշիռը` առաջին կիսամյակում հավաքվել է 386 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ։ Ցուցանիշը ամբողջ ծավալում զբաղեցրել է շուրջ 40%։ Մեծությամբ հաջորդը շահութահարկն է, այնուհետև եկամտային հարկը, որոնց տեսակարար կշիռը միասին 40,5 տոկոս է։ Այս երկու հարկատեսակները համարվում են ուղղակի հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ուղղակի հարկերի հավաքագրման տեմպը գրեթե անփոփոխ է մնացել, այնուամենայնիվ նկատվել է որոշակի կայունացում»։
Պաշտոնական վիճակագրությամբ՝ շինարարության ոլորտում ավելի քան 20 տոկոս աճ է գրանցվել, բայց ոլորտի ընկերություններն առաջին հորիզոնականներում չեն։ Ինչո՞ւ։ Սոս Խաչիկյանը բացատրում է՝ կազմակերպությունները մեծ չեն, ոլորտում գերիշխող դիրք ունեցողներ չկան։ Այդուհանդերձ, ցանկում 23 նոր ընկերություն կա։ Նրանք նաև շինարարության ոլորտն են ներկայացնում։ Բայց խոշոր հարկատուների ցանկն ուսումնասիրելով՝ նկատում է, որ կարճաժամկետ կտրվածքով՝ ցանկն արտացոլում է տնտեսական փոփոխությունները։ Իհարկե, վտանգներ տեսնում է․
«Մոբայլ սենթր արթ»-ն առաջին տեղում է։ Ռազմավարության առումով մտահոգիչ է, քանի որ ռազմավարության առումով նոր արժեք ստեղծող չէ, սա մտահոգիչ է»։
Փորձագիտական դաշտում տնտեսության զարգացման երկարաժամկետ ռազմավարության անհրաժեշտությունն են կարևորում։




