Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) «Ժանսեմ. կենդանի գծի վարպետը» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված է նկարչի ծննդյան 105-ամյակին։
Ժանսեմը դեռ իր կենդանության օրոք երեք անգամ Ազգային պատկերասրահին է նվիրել իր ստեղծագործությունները՝ գեղանկարներ, աստվածաշնչյան նկարազարդումներ, վիմագրություններ։ Ազգային պատկերասրահի հավաքածուն ներառում է Ժանսեմի շուրջ 500 աշխատանք։ Այս ցուցահանդեսի շրջանակներում ներկայացվել են դրանցից 122 գրաֆիկական ստեղծագործություններ, ինչը, թերևս, նկարչի առաջին ամբողջական և մեծ գրաֆիկական ցուցահանդեսն է Հայաստանում։
Ազգային պատկերասրահի գրաֆիկայի բաժնի ղեկավար, ցուցահանդեսի համա-համադրող Նունե Թադևոսյանը և Ազգային պատկերասրահի ցուցահանդեսային բաժնի ղեկավար, համադրող Վիգեն Գալստյանը խոսել են Ժանսեմի արվեստի առանձնահատկությունների, թեմատիկ ընտրության, ազդեցությունների և նրա արվեստի արդիականության մասին։
Չնայած Ժանսեմի արվեստում հայկական թեմատիկան շատ քիչ է տեսանելի, նա, հիմնվելով իր հայկական փորձառության վրա, խոսում է համամարդկային խնդիրների մասին։ Ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում կգործի մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 25-ը:




