ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Իտալական ժողովրդական մեղեդիները Արամ Խաչատրյան համերգասրահում

Երաժշտությունը վաղուց է դարձել աշխարհի տարբեր մշակույթների փոխադարձ ճանաչման լեզու։ Այս անգամ՝ Նեապոլի փողոցային մեղեդիները հասան Երևան։ Արամ Խաչատրյան համերգասրահում հնչեց հարավային Իտալիայի կենդանի ու զգայական մշակութային շունչը՝ Ars Nova Napoli խմբի կատարմամբ։

Իտալական այս մեղեդիները հնչում էին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Ars Nova Napoli խմբի կատարմամբ։ Խումբը ներկայացրեց հարավային Իտալիայի սրտից բխող ժողովրդական ու ավանդական երգեր։

Ars Nova Napoli-ն ստեղծվել է 2009-ին՝ Նեապոլի պատմական փողոցներում։ Կամբանիայի ժողովրդական երաժշտության հանդեպ սիրով լեցուն խումբը իր առաջին ելույթները հենց փողոցում էր իրականացնում՝ կիսելով երաժշտությունն անցորդների հետ։ Ժամանակի ընթացքում փողոցը դարձավ ոչ միայն բեմ, այլ՝ ամբողջական գաղափար և ապրելակերպ։ Խմբի ակորդիոնիստ և վոկալիստ Մարչելլո Սքուիլանտեն ասում է՝ հաճելիորեն զարմացած է, որ հայ հանդիսատեսը ծանոթ է իտալական Տարանտելա պարին։

«Առաջին հերթին շնորհակալություն եմ հայտնում այսպիսի ջերմ ընդունելության համար։ Այս օրերին նկատեցինք, որ մշակութային շատ նմանություններ ունենք։ Իտալիայի հարավում երաժշտությունն ու պարը կապված են հոգևոր տոների հետ»,- ասում է խմբի անդամը։

Խումբը համադրում է հարուստ պատմական ժառանգությունը ժամանակակից նու-ֆոլկ ոճի, ջազային և վոկալ-գործիքային նորարարությունների հետ՝ մնալով հավատարիմ իր առաքելությանը՝ ժողովրդական մշակույթը տարածելուն և բոլորին հասանելի դարձնելու սկզբունքին։

Իսկ ջութակահար և շեփորահար Միքելանջելո Մուսկոն հիացած էր Հայաստանը բացահայտելու հնարավորությամբ։

«Տպավորություններս հիասքանչ են։ Շրջել ենք Երևանով, սիրել ենք թե՛ քաղաքը, թե՛ հայկական խոհանոցը։ Հատկապես հետաքրքիր էր Վերնիսաժը»,- պատմում է երաժիշտը։

Ars Nova Napoli-ի համերգը մշակութային ուղևորություն էր դեպի Նեապոլ՝ մի քաղաք, որտեղ երաժշտությունը խոսում է սիրո, կարոտի, կրքի ու դրամատիզմի լեզվով։

Համերգը իրականացվեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության դեսպանության աջակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button