
Հայաստանի վարչապետը ելույթ է ունեցել ՌԴ Ալթայի Հանրապետությունում անցկացվող՝ Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումները հաճախակիացել են։ Թեև Հայաստանի՝ ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով աննշան են, բայց Հայաստանը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժողներից է՝ ասել է Փաշինյանը։ Փաշինյանը այս հարթակում խոսել է նաև մեկ այլ խոշոր միջազգային միջոցառման մասին, որը 2026–ի աշնանը կազմակերպվելու է Հայաստանում։
Քաղաքական և տնտեսական գործակցության բազմազանեցմանը զուգահեռ՝ Հայաստանը նաև բնապահպանական խնդիրների լուծման քայլեր է ձեռնարկում՝ ՌԴ-ում հավաստիացնում է Փաշինյանը։ Բնության և շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողովին վարչապետը խոսել է Հայաստանի բնապահպանական հարցերի մասին՝ արգելոցներից մինչև տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբար, վերջին տարիներին առաջացած խնդիրներ, օրենսդրական փոփոխություններ, անգամ՝ անհետացման ռիսկի առջև հայտնված տարբեր կենդանատեսակների պահպանման քայլեր։
Հայաստանի անելիքներն ու խնդիրները Փաշինյանն ամփոփել է մեկ ձևակերպմամբ՝ կլիմայի փոփոխության հետևանքներին ամենաշատը բախվող երկրներից մեկն էլ Հայաստանն է։
«Երկրի լեռնային էկոհամակարգերը չափազանց խոցելի են կլիմայի փոփոխության նկատմամբ։ Երաշտները, հեղեղումները և վարարումներն ավելի հաճախակի են դառնում։ Չնայած Հայաստանի՝ ածխաթթու գազի արտանետումները համաշխարհային մասշտաբով աննշան են, մեր երկիրը գլոբալ տաքացումից ամենաշատ տուժածներից մեկն է։ Հայաստանը ողջունում է ԵԱՏՄ անդամ պետությունների համագործակցությունը կլիմայական օրակարգի շրջանակներում, կարևոր են նաև Եվրասիական ցածր ածխածնային զարգացման ծրագրերը»։
Հայաստանի 4 ազգային պարկերը և 3 արգելոցները զբաղեցնում են երկրի տարածքի ավելի քան 10%-ը: Դրան գումարվում է նաև հատուկ պահպանման ենթական Սևանա լիճը, որը տարածաշրջանի ամենամեծ քաղցրահամ ջրամբարն է: Այս տեսանկյունից հայաստանյան խնդիրներն ու անելիքները միայն Հայաստանին չէ, որ առնչվում են, ուստի վարչապետն անդրադարձել է նաև COP17 միջազգային համաժողովին ու դրանից ակնկալիքներին։
««Կենսաբանական բազմազանության» մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի 17-րդ հանդիպումը՝ COP17-ը, կանցկացվի Հայաստանում 2026 թվականին: Մենք ակնկալում ենք ձեր երկրների բարձր մակարդակի պատվիրակությունների, ինչպես նաև ակադեմիական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակցությունը COP17-ի աշխատանքներին: Որպես նախագահող և հյուրընկալող երկիր՝ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ապահովի արդյունավետ երկխոսություն, մերձեցնի կողմերի դիրքորոշումները և կայացնի հավասարակշռված և բովանդակալից որոշումներ, որոնք հաշվի կառնեն բոլոր կողմերի շահերն ու առաջնահերթությունները»:
2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Երևանը կհյուրընկալի COP17 համաժողովի մասնակցի 192 երկրից՝ պաշտոնյաների, կազմակերպությունների ներկայացուցիչների, գիտնականների ու գործարարների։ COP17-ից Հայաստանն ակնկալում է նաև տնտեսական օգուտներ՝ տուրիզմի աճ, ծառայությունների պահանջարկի ավելացում, նոր կապեր։ Երկրորդ ակնկալիքը միջազգային դիրքի ամրապնդումն է, երրորդը՝ կանաչ քաղաքականության խթանումը։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ COP17–ից ակնկալիքները Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունում ձևակերպել էր վարչապետը․
«Դա մասշտաբային միջոցառում է, որի վրա մենք պետք է իսկապես շատ մեծ ուշադրություն դարձնենք, որովհետև մեր երկրի հեղինակության մասին է խոսքը, և, իհարկե, մեզ համար դա մեծ հնարավորություն է, որպեսզի մենք առավել կենտրոնանանք բնապահպանական և շրջակա միջավայրի խելացի կառավարման օրակարգի վրա։ Մեր երկիրը կենսաբազմազանության առումով հետաքրքիր տեղ է աշխարհի համար, և նաև սա էլ որպես գործոն պետք է օգտագործենք»։
Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի ձևակերպմամբ՝ COP17-ը կլինի այն հարթակը, որտեղ Հայաստանը կներկայացնի իր տեսլականը՝ որպես փոքր, բայց կենսաբազմազանությամբ հարուստ երկիր։ Բայց կազմակերպչական աշխատանքները դեռ չեն ավարտվել։
«Դեռ շատ աշխատանք ունենք անելու COP17 համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու ուղղությամբ։ Նախարարությունն ամբողջ ներուժով, կազմկոմիտեի հետ միասին, ներգրավված կլինի այս աշխատանքներում»։
Այլ բնույթի նախապատրաստական աշխատանքների մասին են խոսում «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի փորձագետները՝ ընդգծելով բնապահպանական մի շարք խնդիրների քաղաքական պատճառներն ու ակնկալելով, որ դրանց մասին կբարձրաձայնվի Հայաստանում անցկացվելիք համաժողովին։ Նաև այս նպատակով են նրանք համադրել Հայաստանում անցկացվելիք COP17-ն ու Ադրբեջանի կողմից 2021–2023 թվականներին Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում շուրջ 200 ք/կմ օկուպացված հայկական տարածքների խնդիրները և ներկայացրել մի քանի առանցքային դիտարկում։ Մեջբերում ուսումնասիրությունից․
«Միայն 150 քկմ-ն Ադրբեջանն օկուպացրել է՝ առաջ շարժվելով հատկապես «Սոսիների պուրակ» և Ջերմուկի ջրաբանական արգելավայրերի, «Շիկահող» պետական արգելոցի և Սև լճի տարածքներում։ Դրանք Կոնվենցիայով համարվում են պահպանվող շրջաններ, որոնց կառավարման պատասխանատուն դե յուրե Հայաստանն է՝ որպես իր իրավազորության տարածք, մինչդեռ փաստացի զրկված է դրանցում բնապահպանական և ցանկացած այլ գործառույթների իրականացման հնարավորությունից՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից զբաղեցվածության, դիտարկման ու կրակի սպառնալիքի պատճառով»։
«Գեղարդ» հիմնադրամը հիշեցնում է, որ հայկական կողմը նույնիսկ չի կարողացել հրդեհաշիջում իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական հրետակոծությունների հետևանքով Ջերմուկի այրվող անտառներում։ Ավելին՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վնասներ են կրել ոչ միայն անտառային, այլև՝ ոչ անտառային տարածքները։ Արձանագրվել է, որ «Ջերմուկ» անտառային տնտեսության տարածքում հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ՝ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանի տարածքում է արտահայտված Կովկասի կենսաբազմազանության 50%-ը: Այստեղ աճում է կարմիրգրքյան 452 բուսատեսակ, բնակվում՝ 308 կենդանատեսակ:
«Գեղարդ» հիմնադրամը նաև հաշվարկել է, որ ադրբեջանական ներխուժումն աղետալի վիճակ է ստեղծել «Շիկահող» պետական արգելոցում և հարակից բնակավայրերում։ Սյունիքի մարզի՝ կարմիրգրքյան տեսակներով հարուստ այս հատվածում ռազմական նշանակության օբյեկտներ ու ճանապարհներ կառուցելու համար ադրբեջանցիների կողմից հատվում են հազարավոր ծառեր, ոչնչացվում են հազվագյուտ բույսեր, արոտավայրեր, վայրի կենդանիներ․ տարածքն ականապատվում է։ Վտանգված են նաև ջրային ռեսուրսները, որոնց ակունքները նույնպես Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ են անցել։
Ըստ «Գեղարդ» հիմնադրամի՝ բնապահպանական վնասի ամբողջ չափը, ռազմական գործողությունների ուղղակի և անուղղակի ազդեցությունը տվյալ հատվածում դեռ ամբողջապես գնահատված չեն, քանի որ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերի ինչպես անտառային և արգելոցային տարածքներն, այնպես էլ ջրային ռեսուրսների ակունքների զգալի մասը շարունակում են գտնվել ադրբեջանական ուժերի վերահսկողության և ուղիղ նշանառության տակ։ Հիմնադրամի փորձագետներն ակնկալում են, որ առաջիկա մեծամասշտաբ միջոցառումը կկենտրոնանա նաև բնապահպանական հարցերի քաղաքական օրակարգի վրա։




