
Սյունիքով անցնող ճանապարհը վարձակալությամբ վերցնելու ամերիկյան ծրագիրը, որի մասին նախ ակնարկեց բրիտանական լրատվամիջոցներից մեկը, և որը հաջորդիվ հաստատեց ամերիկյան կողմը, շարունակում է քննարկման թեմա մնալ։ Օրեր առաջ վարչապետ Փաշինյանը հաստատեց նման առաջարկի ստացումը, իսկ նախօրեին արդեն Երևանից հնչեց նախնական դիրքորոշումն այդ առաջարկի վերաբերյալ։ ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը պարզաբանել է, որ Հայաստանը մերժել է ԱՄՆ առաջարկը, քանի որ, ըստ նրա, այն պարունակել է ինքնիշխանության զիջման ռիսկեր։ Ի՞նչ է քննարկվում այս պահին, և ինչ սկզբունքներով է Հայաստանը պատրաստ դիտարկել ապաշրջափակման հարցը։
Անդրադառնալով, այսպես ասենք, ապաշրջափակման ամերիկյան ծրագրին, որը ենթադրում էր Նախիջևանից Սյունիքով դեպի Ադրբեջան անցնելիք ճանապարհի երկարաժամկետ վարձակալում, ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը պարզաբանել է, որ Հայաստանը չի ընդունել ԱՄՆ-ի առաջարկը։ Հանրության շրջանում տարատեսակ հարցեր առաջացրած այս թեման Եղոյանը բացատրել է այսպես․
«Նման գաղափար ամերիկացիներն ունեին, բայց դա մեզ համար ընդունելի չի եղել, որովհետև այդտեղ մենք նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ»։
Եղոյանն ուշագրավ մի շեշտադրում էլ է անում «Ռադիոլուրի» հետ զրույցում․
«Օրեր առաջ վարչապետի մամուլի քարտուղարն էլ այս առումով մանրամասն մեկնաբանություն էր տվել՝ ասելով, որ ՀՀ-ի օրենսդրությամբ հնարավոր չէ ՀՀ հողն այդ կոնտեքստում վարձակալությամբ տալ։ Սակայն այլ հարց է ֆունկցիաների արտապատվիրակումը։ Դա լրիվ այլ հարց է, որը քննարկելի է»։
Վերջերս Middle East Eye կայքն էր աղմկահարույց հոդված հրապարակել, որում խոսել էր իր այն տեղեկությունների մասին, թե ԱՄՆ-ը տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով սեփական առաջարկն է արել՝ ակնարկելով Սյունիքի մարզով անցնող 32 կիլոմետրանոց ճանապարհի վերահսկողությունը 100 տարով Միացյալ Նահանգներին արտապատվիրակելու մասին։
Եղոյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը համաձայն է ապաշրջափակման հարցը դիտարկել ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և տարածքային ամբողջականության սկզբունքների պահպանման տիրույթում։
Հարցի առնչությամբ ծավալուն մեկնաբանություն էր ներկայացրել նաև ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ընդգծել՝ պաշտոնական Երևանը քանիցս բացառել է ճանապարհի վերահսկողության արտապատվիրակումը։
«Բազմիցս ասել ենք, որ Հայաստանը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը քննարկում է բացառապես ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության համատեքստում: Որևէ այլ տրամաբանություն մենք չենք կարող քննարկել: Ինչ վերաբերվում է հողի վարձակալությանը` ՀՀ օրենսդրությամբ նման ինստիտուտ գոյություն ունի միայն գյուղատնտեսական նշանակության հողերի համար, որոնց վրա գյուղատնտեսական գործունեություն է ծավալվում։ Հետեւաբար, ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ։ ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկում որևէ երրորդ կողմի սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունն արտապատվիրակելը: ՀՀ տարածքի որեւէ հատված չի կարող լինել ՀՀ տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից, իրավազորությունից դուրս»։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատեց, որ կոմունիկացիաների ապաշրջափակման առնչությամբ ԱՄՆ-ից առաջարկներ ստացվել են, սակայն առաջարկների բովանդակությունը և կողմերի հնարավոր պատասխանը Փաշինյանը չբացահայտեց։ Վերջին շրջանում թերևս ամենաքննարկված հարցը Սյունիքով ճանապարհի հնարավոր բացման, դրա վերահսկողության և կառավարման լիազորությունների արտապատվիրակման և հնարավոր լուծումների մասին է․ այս համատեքստում վարչապետը հաստատեց, որ առաջարկներ է ստացել ամերիկյան կողմից, սակայն, նրա խոսքով, այս բանակցություններում վերջակետ դեռ դրված չէ։
«Հիմա չկա մի կոնկրետ տարբերակ և բանաձև, որ ես ասեմ` ահա մենք համաձայնության ենք եկել կամ շատ մոտ ենք համաձայնության գալ այս բանաձևի շուրջ։ Կան գաղափարներ, կան քննարկումներ, մի բան ակնհայտ է, որ մենք ուզում ենք և պատրաստ ենք Հայաստանի Հանրապետությունը դարձնել տարանցիկ երկիր համաշխարհային առումով, և, իհարկե, պետք է փորձենք գրավիչ պայմաններ առաջարկել, որպեսզի միջազգային ներդրողներին ևս կարողանանք համոզել, որ սա է ճիշտ ճանապարհը, շատ անվտանգ, արդյունավետ ներդրումների տեղ է, ներդրումային միջավայր է։ Եվ եթե կլինեն այստեղով հետաքրքրվածներ, և կան արդեն հետաքրքրված գլոբալ խաղացողներ, որոնց ներկայությունն արդեն կարող է դառնալ ներդրումային միջավայրի նկատմամբ ինքնին վստահություն։ Այո, մենք այս բոլոր ուղղություններով քննարկումները շարունակում ենք»։
Իր վերջին ասուլիսում Հայաստանի վարչապետը տեսականորեն հավանական համարեց ճանապարհի սպասարկման արտապատվիրակումը՝ Միացյալ Նահանգներից մինչև Ռուսաստան աշխարհագրությամբ։ Թեև տվյալ փուլում հավաքական Արևմուտքն է ջանում լուծել տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, բայց հարկ է ընդգծել, որ «Հայաստանի երկաթուղիներ» ընկերությունը դեռ տևական ժամանակ գտնվելու է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցենսիոն կառավարման ներքո։
«Հարավկովկասյան երկաթուղին» անում է ներդրումներ, ընդ որում, այդ ներդրումներն անում է կառավարության համաձայնությամբ և իրավունք ունի ակնկալել, որ այդ փողը հետ կստանա և շահույթ կստանա, բայց «Հարավկովկասյան երկաթուղու տիրապետած տարածքի մի քառակուսի միլիմետր տեղ չկա, որտեղ ՀՀ որևէ պետական մարմնի լիազորությունները սահմանափակված են։ Միացյալ Նահանգները հետաքրքրվա՞ծ են, այո, հետաքրքրված են, մենք հետաքրքրվա՞ծ ենք Միացյալ Նահանգների հետաքրքրությամբ, այո, հետաքրքրված ենք։ Բայց միայն Միացյալ Նահանգները չեն հետաքրքրված, Եվրամիությունն էլ է հետաքրքրված, մենք Եվրամիության հետաքրքրվածությամբ հետաքրքրվա՞ծ ենք՝ այո։ Ի՞նչ մոդելներ կարող են լինել․ քննարկումներ կան, իդեաներ կան, առաջարկներ կան, նորմալ տնտեսական սխեմաների մասին ենք մենք խոսում»։
Միջազգային ի՞նչ մեխանիզմներ ու օրինակներ կան, երբ հակամարտությունների կարգավորումից հետո կողմերը պայմանավորվում են միմյանց համար բացել հաղորդակցման ուղիները, Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանը հիշում է այդպիսի մի քանի ձևաչափ.
«Կարող ենք հիշել, օրինակ, Կիպրոսը, որտեղ երրորդ կողմը բաժանել է կողմերին, որտեղ ՄԱԿ-ն է ներկա, կարող ենք Արևելյան Թիմորը հիշել… Որոշ դեպքեր կան, բայց ինչքանով է կիրառելի այդ փորձը այստեղ, մի քիչ դժվար է ասել, որովհետև այստեղ, համենայնդեպս, մի կողմից մենք պատերազմի հստակ տրամադրվածություն ունենք ։ Եվ սա է ամենամեծ խնդիրը, այսինքն՝ քաղաքականությունը տեխնիկական միջոցներով հաղթահարել հնարավոր չէ։ Կամ այդ միջոցները պետք է այնքան ուժեղ լինեն, որ թույլ չտան կամքի պրոյեկտումը, իսկ Ադրբեջանը այդ կամքի պրոյեկտման հնարավորությունները զարգացնում է շատ արագ»։
Ապաշրջափակման և տարանցիկ երկիր դառնալու համար Հայաստանը պատրաստ է անգամ որոշակի պարզեցումների՝ նախկինում հնչեցրած առաջարկն իր վերջին ասուլիսում կրկնեց վարչապետ Փաշինյանը, բայց նաև շտապեց վստահեցնել՝ ինչ էլ քննարկեն, ինչ էլ դրված լինի բանակցային սեղանին, բոլոր հարցերը քննարկվում են ՀՀ ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքից ելնելով։




