Արամ Սաֆարյանը ծնվել է 1985 թվականին Ստեփանակերտում, բայց ապրել ու մեծացել է Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։ Մասնագիտությամբ ճարտարագետ է, ավարտել է Արցախի պետական համալսարանը։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Արցախյան չորս պատերազմները, որոնցից երեքի անմիջական մասնակիցն է եղել, Արամի մեծ ընտանիքին ցավոտ կորուստներ են բերել։ Առաջին պատերազմը տարավ Արամի երիտասարդ հորեղբորը։ Այդ ժամանակ յոթ տարեկան էր, բայց հիշում է՝ ինչպես հաղթահարեցին ցավը, կառուցեցին պապենական այրված տունն ու նորից ոտքի կանգնեցին, փորձեցին ապրել։
Քառօրյային մասնակցում էր եղբայրների՝ մորաքրոջ և հորաքրոջ տղաների հետ։ Վերջինը՝ Արայիկ Շեկյանը, 90-ականներին նաև վիրավորվել էր, պարգևատրվել Արիության մեդալով։ 44-օրյա պատերազմում Արամը կորցրեց մորաքրոջ որդուն՝ Արմանին։ Արման Բեկնազարյանը տասնինը տարվա հետախույզ էր, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերած բացառիկ արիության, անձնուրացության ու հմտության համար արժանացել է «Մարտական խաչ» շքանշանի։ 2023-ի սեպտեմբերյան պատերազմը խլեց Արամի հորաքրոջ որդու՝ Արայիկ Շեկյանի կյանքը։ Սեպտեմբերի տասնինին միասին էին, Արայիկը զոհվեց Արամի աչքի առաջ՝ մարտական դիրքում առաջադրանք կատարելիս, որի համար հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» շքանշանով։ Արամը մեծ դժվարությամբ Արայիկի մարմինը գյուղի դիրքերից մինչև Ստեփանակերտ է հասցնում։ Սեպտեմբերի քսաներեքին հուղարկավորում են տեղի եղբայրական գերեզմանոցում, քսանվեցին ընտանիքը վերջին անգամ հրաժեշտ է տալիս Արայիկի շիրիմին ու լքում Արցախը։
«Ցավն այն է, որ չկարողացանք մարմինը բերել մեզ հետ, որպեսզի Արայիկն այստեղ շիրիմ ունենա։ Այսօր չենք կարողանում գերեզմանոց գնալ ու մի ծաղիկ դնել»,-ասում է Արամը։ Արայիկի կինն ու չորս զավակներն ապրում են Երևանում։ Որդիներից մեկին էր հասցրել ամուսնացնել, թոռ տեսնելը Արայիկի երազանքն էր, բայց Լուսեին չտեսավ։




