ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ստոկհոլմի՝ ՀԷՑ-ին առնչվող որոշումը կատարել-չկատարելը և հոսանքի թանկանալը՝ օրվա հարց․ պարզաբանում կա, պատասխան՝ ոչ

 Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՀԷՑ-ի շուրջ ընթացող արբիտրաժային գործընթացին և ընդգծել, որ կա հնարավորություն՝ չկատարելու Ստոկհոլմի արբիտրաժի՝ ՀԷՑ-ին առնչվող որոշումը։ ՀԷՑ-ի հետ կապված հարցադրումների այսօր պատասխանել է նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման ճանաչված մեխանիզմներ են, և Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք բխում են միջազգային կոնվենցիաներից և պայմանագրերից՝ նախ բացատրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝

կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արձագանքելով ՀԷՑ-ի շուրջ կատարվող գործընթացներին.

«Միջազգային արբիտրաժները վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ են, որոնց դերը մեր իրավական համակարգում ընդգծված է, այսինքն՝ մենք ունենք պարտավորություն այն դեպքում, երբ միացել ենք որոշակի կոնկրետ կոնվենցիաների, առաջնորդվել այդ կոնվենցիաներով և, իհարկե, կատարել միջազգային արբիտրաժային տրիբունալների որոշումները»։

Արդարադատության նախարարի պարզաբանումը հաջորդում է նախօրեին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի  հրապարակած որոշմանը, որով միջազգային կառույցը Հայաստանից, մասնավորապես, պահանջել է   ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ակտիվները բռնագրավելուց, չիրականացնել ՀԷՑ-ի կառավարման մարմինների անդամների փոփոխություն, չփոխել ՀԷՑ-ի կանոնադրությունը, չնշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, կամ եթե նշանակվել է՝ նրան չլիազորել գործել որպես ՀԷՑ-ի գործադիր մարմին և այլն։  Վճիռը կայացվել է հայտնի գործարար, ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական կողմի ներկայացրած հայցը հրատապ կարգով քննվելուց հետո։

           
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախ հիշեցրեց, որ կոնվենցիաները լինում են երկկողմ և բազմակողմ, իսկ ՀԷՑ-ի հետ կապված վեճը կարգավորվում է հենց նման երկկողմ ներդրումային պայմանագրի շրջանակում։ Նախարարի խոսքով՝ այդ գործընթացն ամրագրված է նաև Հայաստանի ներպետական օրենսդրությամբ։ Գալյանը նաև պարզաբանեց.  

«Կողմն իրավունք և լիարժեք հնարավորություն ունի դիմելու Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանին, որպեսզի դատարանը նախ ճանաչի արբիտրի որոշումը, և հետո նոր դա դառնա պարտադիր կատարման ենթակա»։

Միաժամանակ, արդարադատության նախարարն ընդգծեց, որ միջազգային և ներպետական օրենսդրությամբ նախատեսված է բացառություն՝ այն դեպքերի համար, երբ որոշումը հակասում է հանրային կարգին։

«Ես չեմ կարող ասել՝ կոնկրետ այս որոշումը կհակասի հանրային կարգին, թե ոչ, սակայն կարող եմ նշել, որ ժամանակավոր կառավարչի մուտքը ՀԷՑ հետապնդել է մեկ նպատակ՝ խուսափել հնարավոր ճգնաժամից, որը մեզ իրականում սպառնում էր»։

Գալյանի խոսքով՝ Ստոկհոլմի արբիտրաժը չի արձանագրել այդ նպատակը, և դրա պատճառը գործի ընթացիկ փուլն է։

«Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև մենք այս փուլում գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ և գործ չունենք վեճի, ըստ էության, քննության հետ», – եզրափակեց  Արդարադատության նախարարը։

ՀԷՑ-ին առնչվող պարզաբանումներ ներկայացրեց նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։ Արբիտրաժային գործընթացի վերաբերյալ ասաց.

«Այդ որոշման ակտը դեռ որևէ կերպ չի կարող տարածվել ինձ վերաբերելի գործողությունների վրա այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այն չի ճանաչվել, և դրա կիրարկման մեխանիզմները դեռ հստակեցված չեն»։  

Արձագանքելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման վերաբերյալ հարցին՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն ասաց՝ պնդել, որ միանշանակ սակագինը բարձրանալու է, այս պահին որևէ մեկը չի կարող։

«Իհարկե, չեմ բացառում թանկացումը։ Սակագնի բարձրացումը կարող էր լինել առանց այս պրոցեսների էլ, որովհետև էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է։ Այն  կախված է արտարժույթի կուրսից,  տվյալ տարվա փաստացի բալանսներից, որովհետև էլեկտրաէներգիայի արտադրությունը պլանավորվում է, հետո   այլ բան է ստացվում, հազար ու մի գործոն կա»։ 

Հարցին՝ վերջին անգամ ե՞րբ են Կարապետյանները բարձրացրել սակագինը, Մեսրոպյանը պատասխանեց.

«Նախ, էլեկտրաէներգիայի գինը բարձրացնողը կամ իջեցնողը Կարապետյանները չեն, դա սխալ եզրույթ է, հանձնաժողովն է որոշում։ Հիմա վա՞տ է, որ չենք թանկացրել»։

Դիտարկմանը, թե ՀԷՑ-ը սակագնի բարձրացումը զսպել է, քանի որ վարկ է վերցրել, իսկ նոր կառավարիչն ինչ եկել է, ակնարկում ե թանկացման մասին, Մեսրոպյանն  արձագանքեց.  

«Ես որևէ բան չեմ ակնարկում, դուք ինձ տեսական հարց եք տալիս, ես ձեզ պարտավոր եմ ճշմարտությունն ասել տեսական հարթության մեջ։ Ես չեմ ակնարկում, որ սակագին կբարձրանա։ Այդ հարցն ունի երկու պատասխան՝ այո՛, կարող է բարձրանալ, ո՛չ, չի բարձրանա: Երբ տարվա վերջում հանձնաժողովը սակագների վերահաշվարկի պրոցեսը սկսում է, այդ ժամանակ է պարզ լինում՝ սակագինը կբարձրանա՞, թե չի բարձրանա:»։

Ամեն դեպքում, արդարադատության նախարարի խոսքից այսօր նաև պարզ դարձավ, որ   միջազգային արբիտրաժի այս միջանկյալ որոշմամբ ՀՀ կառավարության ժամանակավոր կառավարչի՝ Ռոմանոս Պետրոսյանի լիազորությունները չեն դադարեցվելու։

 

Կարդացեք նաև

Back to top button