
Հայաստանի էլեկտրացանցերի հետ կապված գործընթացներում Հայաստանը առաջնորդվում է ներպետական օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով, «և որևէ խախտում ոչ օրենսդրության, ոչ միջազգային կոնվենցիայի թույլ չի տրվում»,- այսօր հայտարարել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի հետ կապված Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռին։
Ըստ նախարարի՝ ՀԷՑ-ի հետ կապված գործում է ներդրումային երկկողմ պայմանագիրը եւ կողմը կարող է «դիմել Հայաստանի Հանրապետության ներպետական դատարանին, որպեսզի դատարանը ճանաչի նախ արբիտրի որոշումը, հետո նոր այն դառնա պարտադիր կատարման ենթակա, եւ իհարկե, ներպետական օրենսդրությամբ և, ոչ միայն, նաև միջազգային կոնվենցիայով կա հնարավորություն այդ որոշումը չկատարելու, եթե դա հակասում է հանրային կարգին»։
Սրբուհի Գալյանը նշել է, որ ժամանակավոր կառավարչի նշանակումը ընդամենը նպատակ է ունեցել խուսափել հնարավոր ճգնաժամից, «որը մեզ իրականում սպառնում էր»։ Նա շեշտել է, որ Ստոկհոլմի արբիտրաժը չէր կարող որևէ նպատակ արձանագրել, որովհետև այս փուլում «գործ ունենք միայն նախնական ապահովման միջոցի կիրառման հետ»։
Տես նաեւ՝ Ո՞վ է ի վերջո ՀԷՑ-ի ղեկավարը․ միջազգային արբիտրաժի նոր որոշումը նոր փոփոխություններ է ենթադրում




