
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության պետականացման աղմկահարույց գործընթացում նոր փոփոխություններ կան։ ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ Ստոկհոլմի արբիտրաժային պալատի արբիտրաժային ինստիտուտի նշանակած հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթները «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության նկատմամբ կիրառելուց։ Կառավարությունից արձագանքել են՝ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով քննված հարցերի շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կատարելիք գործողությունների շրջանակը: Կառավարությունից շեշտել են, որ ժամանակավոր կառավարչի նշանակման նպատակն է, ի թիվս այլ հարցերի, կանխարգելել էներգետիկ ճգնաժամի միտումնավոր ստեղծման հնարավոր ռիսկերը։ Փորձագիտական դաշտում վերլուծում են ռազմավարական նշանակության օբյեկտի շուրջ ընթացիկ իրադարձությունները։
Արդեն քանի օր է, ինչ ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարիչ ունի՝ ՊՎԾ արդեն նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։ Երկրի համար ռազմավարական նշանակության այս կառույցում ժամանակավոր կառավարիչ նշանակելու անհրաժեշտությունը գործադիրը բացատրել էր էներգետիկ համակարգում, իր իսկ գնահատմամբ, անմխիթար վիճակով։ Հարցազրույցներից մեկի ժամանակ Ռոմանոս Պետրոսյանը, անդրադառնալով հայտարարություններին առ այն, որ կառավարության քայլերը քաղաքական ենթատեքստ ունեն և ուղղված են ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի դեմ, վստահեցրել էր, որ ՀԷՑ-ում վերահսկողական աշխատանքներն ավելի վաղուց էին սկսվել՝ ավելի քան մեկ տարի առաջ։ Ասվածը հիմնավորելու համար Պետրոսյանը միայն հիմա է պարզաբանում, թե ինչու ամիսներ առաջ աշխատանքից ազատվեցին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանն ու ՏԿԵՆ էներգետիկ ոլորտը համակարգող փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որի պաշտոնը, ի դեպ, դեռ թափուր է․
«Գործընթացը սկսվել է դեռևս ամիսներ առաջ` գրեթե 1 տարի առաջ՝ Ազգային ժողովում լսումներով, որոնց հետևանքով 2 բարձրաստիճան պետական պաշտոնյա է ազատվել աշխատանքից։ Խնդրում եմ չմոռանալ, որ այս գործընթացի սկիզբը դրվել է նրանով, որ Հանրային ծառայությունը կարգավորող հանձնաժողովի նախորդ նախագահը պաշտոնավարման 2–րդ շրջանի հենց սկզբից լքել է իր պաշտոնը։ Մոտ 8–9 ամիս առաջ պաշտոնից ազատվել է նաև ՏԿԵՆ նախարարության էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարարը։ Գործընթացները դրանով են սկսվել ու մինչև մայիս ամիսը՝ վարչապետի հայտնի հանձնարարականը, գործադիրի լիազոր մարմնի ղեկավարին ՝ ՏԿԵՆ նախարարին, ոլորտում շեշտակի փոփոխության անհրաժեշտության մասին, առհասարակ քաղաքական որևէ մեսիջ չէր հնչում։ Կոչ եմ անում մասնավորապես այս գործընթացը չքաղաքականցնել»։
Ընդդիմադիր թևում շարունակում են պնդել՝ ՀԷՑ–ում նոր կառավարիչ նշանակելու գործընթացը քաղաքական է, ծագել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի քաղաքական հայտարարությունից հետո։
Պաշտպանական թիմը Կարապետյանի սեփականության իրավունքների ենթադրյալ խախտումների հիմքով դիմել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ (SCC)։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում Հայաստանի և Կիպրոսի կառավարությունների միջև դեռ 1995 թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։
Այս հարթակում հայաստանյան կառույցի շուրջ արբիտրաժային քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը։ Քննությամբ, ըստ Կարապետյանի պաշտպանական թիմի հայտարարության, հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի նկատմամբ՝ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքներով սահմանված դրույթների կիրառումից, ինչպես նաև ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության հանդեպ հետագա քայլերից։
Ի՞նչ է նշանակում այս որոշումը։ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը գրառմամբ բացատրել է իրենց տեսակետը․ մեջբերում․ «Դատարանն արգելել է ՀՀ կառավարությանը՝ բռնագրավել կամ վաճառել ՀԷՑ-ի ակտիվները, փոխել ՀԷՑ-ի կառավարման մարմինների կազմը, հետ վերցնել ՀԷՑ-ի գործունեության լիցենզիաները, որևէ կերպ սահմանափակել ընկերության բնական բիզնես գործունեությունը»։
Ստոկհոլմի առևտրային արբիտրաժի եզրակացության մեջ նշվել է նաև․ մեջբերում․
«Վճռի կատարման ապահովման անհետաձգելի միջոցների բացակայության պայմաններում հայցվորների համար դժվար է լինելու ստանալ վնասի ամբողջական հատուցում, եթե նրանք կորցնեն ընկերության նկատմամբ վերահսկողությունը կամ դադարեն լինել դրա սեփականատերը»։
Նշված է, որ Արտակարգ արբիտրաժի որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ենթակա է պարտադիր կատարման։
Գործադիրից շտապեցին արձագանքելու՝ շեշտը դնելով ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու հարցի վրա։ Մեջբերում․
«Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի ստեղծման ռիսկերի կանխարգելումը։ Հանրային կարգի ապահովումը, պետական անվտանգությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերացումը, ՀԷՑ-ում տեղի ունեցած չարաշահումների քողարկման բացառումը և հետագա չարաշահումների կանխարգելումը»:
Գործադիրից ընդգծել են, որ հարգանքով են վերաբերվում օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ նշում են, որ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը։
«Ռադիոլուր»–ի հետ զրույցում տնտեսագետ Արմեն Քթոյանը ՀԷՑ–ի շուրջ տիրող իրավիճակը բնորոշում է «առանձնակի դեպք», քանի որ խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտի մասին է։ Ըստ փորձագետի՝ ՀՀ օրենսդրությամբ՝ ռազմավարական նշանակության օբյեկտի նկատմամբ պետության գործունեության սահմանափակ գործիքակազմ է սահմանված․
«Օրենսդրական փոփոխությունները, որոնք արվեցին, ավելի շատ կոչված էին այդ գործիքակազմն ընդլայնելուն։ Սա ներդրողները ևս շատ լավ հասկանում են։ Եթե ներդրումային միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից դիտարկենք, բնականաբար, ցանկացած չկշռադատված ու չհիմնավորված քայլ կարող է վնաս հասցնել։ Այստեղ անհրաժեշտ է շատ զգույշ գործել։
Տնտեսագետը կարևորում է հատկապես կառավարության գործողությունների և քայլերի հիմնավորումների պատշաճ ներկայացումը։ Կարծում է, որ պետք է ընկերության ու համակարգի ռիսկերը, խախտումներն ու խնդիրները շատ բաց ու մանրամասն կերպով ներկայացնել։ Արմեն Քթոյանն այս պարագայում ընդգծում է ՀԷՑ–ում նոր համապարփակ աուդիտի հրատապ անցկացման անհրաժեշտությունը։
«Ըստ էության, կարելի է ասել, և ներդրողներն իրենք էլ կարող են շեշտել, որ Հայաստանի պարագայում տեղի է ունենում ինստիտուցիոնալ թերզարգացածությամբ պատճառով չկատարված որոշ քայլերի հրատապ իրականացում»։
Փորձագիտական դաշտում ՀԷՑ-ի շուրջ վերջին փոփոխությունները բուռն քննարկումներ են առաջացրել։ Բանավեճի առանցքում երկու հիմնական ձևակերպում է․ էներգետիկ օբյեկտին ուղղված քայլերը բռնագրավո՞ւմ են, թե՞ պետականացում։ Փորձագետն ընդգծում է՝ պետք է նկատի ունենալ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ունի բնական մենաշնորհ, ուստի այս դեպքում մոտեցումները տարբեր են։
ՀԷՑ-ի հարցով հաղորդագրություն է տարածել նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, ընդգծել, որ հանձնաժողովի նախագահն իրավասու չէ գնահատել արբիտրաժային վեճի արդյունքում 2025 թվականի հուլիսի 22-ին ընդունված ակտով նախատեսված ապահովման միջոցների կիրառելիության հարցը, հաշվի առնելով, որ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:
Ուստի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որևէ վերաբերելի գործողություն, օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում, կարող է հետևել միայն նշված ակտի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչման և կատարման ընթացակարգեր ապահովվելուց հետո։
Վերադառնանք հարցին, թե ով է, ի վերջո, ՀԷՑ-ի ներկայիս ղեկավարը։ ՀԷՑ-ի ժամանակավոր ճգնաժամային կառավարչի գործը ներկայում ստանձնել է Ռոմանոս Պետրոսյանը, իսկ նախօրեին վերջինիս հրամանով աշխատանքից ազատված գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը դիմել է դատարան` ՀԷՑ-ում իր նախկին պաշտոնում վերականգնվելու համար։




