
Ամառը կիսվելուն զուգահեռ կրկնապատկվել են քաղաքական տարբեր թևերի՝ միմյանց ներկայացվող հայցերը։ Վերջին օրերին տասնյակի հասնող նոր հայցեր են ներկայացվել դատարանին։ Մասնավորապես՝ իրենց փաստաբանների միջոցով կալանավայրից դատարան են դիմել Տավուշի թեմի՝ լիազորությունները կասեցված առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Հայցերն ուղղված են բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների դեմ։ Այս գործընթացներին զուգահեռ հրապարակվել են միջազգային կազմակերպության՝ Հայաստանում անցկացրած ծավալուն հարցման արդյունքները, որոնք առնչվում են նաև քաղաքական դաշտին և առանձին գործիչների վարկանիշին։
Ահաբեկչական գործողություններ կազմակերպելու և ՀՀ-ում իշխանության զավթում նախապատրաստելու համար մեղադրվող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական վնասը գնահատել է 21 միլիոն դրամի չափով։ Դատարանին ներկայացված 6 հայցով՝ ընդդիմադիր շարժման ղեկավարումը ստանձնած արքեպիսկոպոս Գալստանյանը 6 մլն դրամի փոխհատուցում է ակնկալում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։ Գալստանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասել է, որ հարյուրից ավելի հավանական պատասխանողներից նշվածներն ընտրվել են
պատահականության սկզբունքով։ Փաստաբանը համարում է, որ նախաքննության ընթացքում հանրային խոսքի միջոցով՝ վիրավորական ու զրպարտչական արտահայտություններով, խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։
«Քաղաքական վերնախավը և նրանց սատելիտ տարբեր քարոզիչներ և փորձագետներ միանգամից շատ ինտենսիվ սկսեցին այդ քարոզչությունը՝ առանձին տվյալներ հրապարակելով, դրանք ուռճացնելով սկսեցին հրապարակումներ անել և հանրությանը ենթարկել, նույն բառը պետք է օգտագործեմ, ինչ իրենք են օգտագործում` տեղեկատվական ահաբեկչության։ Այն ինտենսիվությամբ խոսել պլանավորվող, ենթադրյալ ինչ–որ սարսափելի բաների մասին, որոնք իրականում գոյություն չունեն, հենց դա է իրենից ենթարկում մարդկանց մեջ վախ սերմանել։ Հատկապես վախ սերմանել այն մարդկանց մոտ, ովքեր այս կամ այն փուլում կարող են կամ քաղաքական հավակնություն ունենալ, կամ ուղղակի քաղաքական նախասիրություններ էլ չունենալով հակառակվել քաղաքական վերնախավի քաղաքական կուրսին»։
Դատական հայցերի, այսպես ասենք, «փոխհրաձգության» են դիմել նաև իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի, ապա փողերի լվացման և խարդախության համար մեղադրվող՝ «Տաշիր» ընկերությունների ղեկավար Սամվել Կարապետյանի փաստաբանները։ Կարապետյանի փաստաբանական թիմը վիրավորանքի և զրպարտության համար շուրջ 10 դատական հայց է ներկայացրել քաղաքացիական դատարանին։ Հայցերը ներկայացվել են վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանի, պատգամավորներ Հայկ Կոնջորյանի և Արսեն Թորոսյանի ու մի շարք քաղաքագետների դեմ։ Հայցվորը պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել ու հերքել զրպարտչական հայտարարությունները, ինչպես նաև նրանցից յուրաքանչյուրից պահանջում է բռնագանձել 3-9 միլիոն դրամ՝ որպես փոխհատուցում վիրավորանքի ու զրպարտության համար։
Այս հայցերի առնչությամբ մասնավորապես հայտնի է, որ դատարանը 9 մլն դրամի կալանք է դրել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանի հաշիվների վրա։ Ներկայացված հայցերին սոցիալական ցանցում գրառումներով անդրադարձել են պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Վահագն Ալեքսանյանը և առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Արսեն Թորոսյանը հաստատել է իր հաշիվների վրա կալանք դնելու դատարանի որոշումը և հավելել, որ դրանով փորձում են լռեցնել իրեն․
«Այս դատական պրակտիկային դեռ կանդրադառնանք․ երբ հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում։ Ես նույնպես միջնորդել եմ դատարանին, որպեսզի վերացնի հայցի ապահովման անհիմն այդ որոշումը, որովհետև մտադիր չեմ գույքս վաճառել ու փախչել Հայաստանից, հատկապես Սամոյի ահից»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, արձագանքելով իր դեմ ներկայացված հայցին, գրել է, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, և որ ահաբեկչությունը երկրում տեղ չունի:
«Կանգ մի՛ առեք, դիմե՛ք նաև միջազգային ահաբեկչական կազմակերպություններ՝ բողոքով, որ ՀՀ իշխանությունները կանխել են հեղաշրջումը Հայաստանում: Նորից տեղադրում եմ Քննչական կոմիտեի հրապարակած ձայնագրությունից հետո արված գրառումս և առաջարկում միասնական հայց ներկայացնել ժողովրդին վիրավորած անձի դեմ»:
Իր դեմ 6 միլիոն դրամի փոխհատուցման պահանջով ներկայացված հայցադիմումին ի պատասխան՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն էլ գրել է․
«Ինձանից պահանջում է 6, մյուսներից՝ 3-ական միլիոն դրամ։ Ուզում եմ հասկանալ՝ մարդկանց կյանքի համար վտանգավոր «աստղիկների՞», տրոլեյբուսի լարերը կտրել գցելու համար գործիքների՞, թե՞ կառավարության կայքերը ջարդող հաքերների փողն է քչություն անում»։
Հայաստանի ներքաղաքական դաշտի ամառային թեժացման ֆոնին ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է 54–էջանոց ծավալուն հարցում, որը Հայաստանում անցկացվել է հունիսին շուրջ 1․500 քաղաքացու շրջանում։ Ինստիտուտը հետաքրքրվել է նաև, թե ինչպիսին է վերաբերմունքը քաղաքական գործիչների և քաղաքական ինստիտուտների նկատմամբ։ Ո՞ր քաղաքական գործչին եք ամենից շատ վստահում, և ո՞վ է երկրորդ ամենավստահելին․ սրան հարցվածների ամենամեծ խումբը՝ 61%–ը, տվել է «ոչ ոքի» պատասխանը, դժվարացել է պատասխանել 10%–ը։ Քաղաքացիներն առանձնացրել են 5 անուն։ Առաջին տեղում վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որին հաջորդում են արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ապա՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, 4-րդ տեղը, այսպես ասենք, բաժին է հասել «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Արամ Սարգսյանին, իսկ ցանկը եզրափակում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այլ գործիչների անուններ տվել է հարցվածների 10%–ը։
Ո՞ր կուսակցությանը կամ դաշինքին կտայիք Ձեր ձայնը, եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի։ Հարցումն այս ձևակերպմամբ պարզել է, որ հարցվածների գերակշիռ մասին՝ 69%-ին, չի գոհացնում Հայաստանի ներքաղաքական դաշտի ներկա վիճակը։ «Չեմ քվեարկի» պատասխանը տվել է 28%–ը, դժվարացել է պատասխանել 22%–ը, «Կփչացնեի քվեաթերթիկը» տարբերակն ընտրել է 12%–ը, այլ պատասխան է տվել 6 և հրաժարվել է պատասխանել 1%–ը։
Եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ըստ հարցման արդյունքների, ամենաշատ ձայները՝ 17%–ը, կստանային «Քաղաքացիական պայմանագիր»-ն ու Նիկոլ Փաշինյանը, երկրորդ և երրորդ տեղերում 4 և 2%–ներով համապատասխանաբար «Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանն են։ Մնացած քաղաքական ուժերն ու գործիչները ստացել են հարցվածների ձայների 1%–ը։
Նախորդ տարվա հարցման ժամանակ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է եղել՝ 16%, իսկ Ռոբերտ Քոչարյանինը՝ ավելի ցածր՝ 2%, այս տարվա 13 և 4%-ի համեմատ։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, խոսելով իրենց հանդեպ քաղաքացիների վստահության մասին, ասում է՝ իշխող ուժի շարքերում այդ առումով մտահոգությութններ չունեն, հաշտ են հանրային կարծիքի հետ։
«Բոլոր ընտրություններին հաշտ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու տված քվեի հետ՝անկախ ընտրությունների արդյունքում որ քաղաքական ուժն է հաղթել։ Իսկ ինչ վերաբերում է համապետական ընտրություններին, բազմիցս ասել ենք, որ այնտեղ ակնկալում ենք այլ պատկեր, ամեն ինչ անելու ենք այլ պատկեր ունենալու համար, բայց նաև այդ տրամաբանության մեջ, որ ցանկացած ընտրության արդյունք մենք ընդունում ենք ի գիտություն և ցանկացած ելքի պարագայում հաշտ ենք դրա հետ։ Չնայած ես վստահ եմ, որ 2026 ին մենք հաղթական ելք ենք ունենալու»։
Իշխող քաղաքական ուժն իր վարկանիշը ստուգելու առանձին հնարավորություն կունենա արդեն նոյեմբերի 16-ին։ Այդ օրն են նշանակված Վաղարշապատում ավագանու ընտրությունները։ Հիշեցնենք, որ մայիսի 15–ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Խուդաթյանն այս առիթով հայտարարել էր․
«Մենք մտահոգվելու առիթ չունենք, պատրաստվելու ենք ընտրություններին։ Քաղաքական թիմը պատրաստվելու է ընտրություններին, և մենք վստահ ենք, որ միավորվող համայնքի ընտրողների ձայների մեծամասնությունը կկարողանանք ստանալ։ Վստահ եմ, որ ՏԻՄ ընտրությունները նաև քաղաքացիների մոտ այլ տրամաբանության մեջ են անցնում։ Սրանք հիմնականում ցուցակի 1-ին համարները գլխավորող անձանց և ավագանու ցուցակով պայմանավորված ընտրություններ են»։
Դավիթ Խուդաթյանն իշխող քաղաքական ուժի անունից վստահություն էր հայտնել, որ ՏԻՄ մի շարք ընտրությունների արդյունքները, որոնք հօգուտ իրենց չէին, չեն անդարադռնա առաջիկա ընտրությունների վրա։




