Կոմպոզիտոր և երգիչ Վահան Արծրունու «Մաշտոց — Կոմիտաս» նախագիծը կներկայացվի հուլիսի 25-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Համերգը տեղի կունենա Հայաստանի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։
Այս համերգով երաժիշտը կամփոփի իր այս տարվա համերգաշրջանը։ Ինչպես ինքն է նշում, սա մայիս ամսից սկսած իր 10 կամ 11-րդ համերգն է և առանձնահատուկ կարևորություն ունի, քանի որ ներկայացնելու է երկու կարևոր և ծրագրային շարքեր՝ Մեսրոպ Մաշտոցի շարականները և «Կոմիտաս՝ տասը հայտնություն» շարքը, որի հիմքում Կոմիտասյան բանաստեղծությունն է։
Վահան Արծրունին Մաշտոցյան շարքը համարում է իր համար «ալֆան և օմեգան»։ Նա նշում է. «Սա ուղղակի բարեբախտություն է, որ հնարավորություն կա ներկայացնելու երկու շարքը մեկ համերգի ձևաչափով, այն էլ սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Սա բացարձակ արժեք է, ես չգիտեմ՝ կա մեկ այլ ազգ, որն ունի 5-րդ դարի երաժշտություն, որն ունի հեղինակ։ Սովորաբար այդ ժամանակաշրջանի գործերը անանուն են։ Իմ նպատակներից մեկը Մաշտոցի գործը լավ ու բարձր իմաստով աշխարհիկացնելն է»։




