
Կիրակի իսրայելական զինվորականները Գազայի կենտրոնական շրջանների բնակիչներին տարհանման հրաման են տվել։
Զինվորականները օդից թռուցիկներ են նետել՝ հրահանգելով Դեյր էլ-Բալահի հարավ-արևմտյան մի քանի շրջանների բնակիչներին, որտեղ ապաստան են գտել Գազայի այլ շրջաններից հարյուր հազարավոր տեղահանվածներ, լքել իրենց տները և շարժվել դեպի հարավ:
Ենթադրվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստվում է հարձակվել Դեյր էլ-Բալահի շրջանի վրա, ինչն անհանգստացրել է իսրայելցի պատանդների ընտանիքներին։ Նրանք մտավախություն ունեն, որ ռազմական գործողություններից կարող են տուժել այդ տարածքում պահվող իրենց հարազատները:
Պատանդների ընտանիքները կոչ են արել Իսրայելի իշխանություններին «անհապաղ պարզաբանել Իսրայելի քաղաքացիներին և ընտանիքներին, թե ռազմական ինչ ծրագիր ունեն և ինչպես են պատրաստվում պաշտպանել Գազայում գտնվող պատանդներին»:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիխայ Ադրեյը X սոցիալական հարթակում գրել է, որ Իսրայելը «ընդլայնում է իր գործունեությունը» Դեյր էլ-Բալահի շուրջ, այդ թվում՝ «այն տարածքում, որտեղ նախկինում գործողություններ չի իրականացրել»: Նա կոչ է արել պաղեստինցիներին իրենց անվտանգության համար «շարժվել հարավ՝ Միջերկրական ծովի ափին գտնվող ալ-Մավասի տարածք»:
«Իսրայելի պաշտպանության ուժերը շարունակում են գործել՝ տարածքում թշնամու ներուժը և ահաբեկչական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար», — ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։
Իսրայելական աղբյուրները հայտնել են, որ բանակը չի մտել այդ տարածքներ, քանի որ կասկածներ կան, որ ՀԱՄԱՍ-ն այնտեղ է պահում պատանդներին։ Ենթադրվում է, որ Գազայում պահվող 50 պատանդներից 20-ը ողջ են։
Հյուսիսային Գազայի «Աշ-Շիֆա» հիվանդանոցի բուժաշխատակիցները հայտնել են, որ ՄԱԿ-ի օգնության բեռնատարների ժամանմանը սպասող 30 պաղեստինցի է զոհվել իսրայելական հրետակոծության հետևանքով։
ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող Գազայի առողջապահության նախարարության տվյալներով՝ պատերազմի ընթացքում առնվազն 71 երեխա է մահացել թերսնումից, ևս 60,000-ը տառապում են թերսնման ախտանիշներից։




