
Թրամփը ուրախ կլիներ Կրեմլի այրվելը դիտելո՞վ, թե՞ նրան ավելի շատ հետաքրքրում է Նոբելյան մրցանակի արժանանալու հեռանկարն ու շնորհակալությունների տարափը։ Միջազգային մամուլը նմանատիպ վերնագրերով շարունակում է քննարկել ԱՄՆ նախագահի քայլերը՝ հասկանալու համար, թե ինչ ենթատեքստ կա նրա գործողություններում։ Այս ընթացքում ՄԱԿ-ը ներկայացնում է ռուս–ուկրաինական պատերազմում հուլիս ամսվա պատկերը՝ հարյուրից ավելի զոհեր ու գրեթե հազարի հասնող վիրավորներ։
Դոնալդ Թրամփի՝ Մոսկվային 50-օրյա ժամկետ տրամադրելու մասին հայտարարությունից հետո ՄԱԿ-ը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնելու պատերազմը Ուկրաինայի դեմ։ Reuters-ից տեղեկանում ենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Լիզ Թրոսելը Ժնևում ասուլիսի ժամանակ ներկայացրել է հուլիս ամսվա ռազմաճակատային տվյալները․
«Մեր վերջին տեղեկություններով՝ այս ամսվա ընթացքում Ուկրաինայում առնվազն 139 քաղաքացիական անձ է զոհվել, 791-ը՝ վիրավորվել Ռուսաստանի իրականացրած հրթիռային և անօդաչու սարքերի ինտենսիվ և հաջորդական հարվածների հետևանքով: Հուլիսի 12-ի գիշերային հարձակման ժամանակ Ռուսաստանի զինված ուժերը, ըստ տեղեկությունների, կիրառել են 597 «Շահեդ» տեսակի հրթիռներ, անօդաչու սարքեր և այլն։ Այս և այլ հակամարտություններում քաղաքացիական բնակչության վրա կրկնվող հարձակումների ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը չի կարող արտահայտվել միայն թվերով։ Մարդիկ ստիպված են ժամերով ապաստան գտնել նկուղներում, միջանցքներում և մետրոյի կայարաններում։ Երեխաները, տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք խոցելի են հատկապես երկարատև սթրեսի և քնի խանգարման նկատմամբ, և որոշ դեպքերում չեն կարողանում ապաստան գտնել»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը պահանջում է անհապաղ դադարեցնել պատերազմը Ուկրաինայի դեմ։
«Ռուսաստանի Դաշնության լայնածավալ զինված հարձակումը Ուկրաինայի դեմ պետք է անհապաղ դադարեցվի և միջազգային իրավունքին համապատասխան երկարատև խաղաղության ուղղությամբ աշխատանքները պետք է խորանան խաղաղություն ապահովելու համար։ Միջազգային և մարդասիրական իրավունքը խախտողներին պետք է պատասխանատվության ենթարկել»։
Քաղաքագիտական ու փորձագիտական շրջանակներում էլ շարունակվում են բավական ակտիվ քննարկումները Թրամփի սահմանած 50-օրյա ժամկետի շուրջ։
Ոմանք դա անվանում են վերջնագիր, ոմանք այդ 50 օրը նույնիսկ նվեր են համարում Պուտինի համար, ոմանք էլ կարծում են, որ Թրամփը կրկին հաճոյախոսում է Պուտինին։
Ամերիկացի քաղաքագետ Նինա Խրուշչովան DW-ին կարծիք է հայտնել, թե ինչ է թաքնված Թրամփի՝ Կրեմլի նկատմամբ փոխած հռետորաբանության հետևում։
«Իմ կարծիքով՝ սա այն է, ինչ ենթադրել եմ հենց սկզբից։ Եթե Վլադիմիր Պուտինը որևէ զիջում չանի և ամուր մնա իր դիրքորոշման մեջ, ապա Թրամփն ի վերջո կվիրավորվի։ Տեղի ունեցածը քաղաքականության հետ որևէ կապ չունի. դա բացարձակապես Թրամփի նարցիսիզմն է, նրա շոու բիզնեսը, քանի որ Պուտինը նրան վիրավորեց»։
Քաղաքագետը հիշեցնում է, թե ինչպես Զելենսկիին արդարացավ և Թրամփին ամեն վայրկյան սկսեց շնորհակալություն ասել։ Բայց Պուտինը խուսափում է նման վարքագիծ դրսևորել, ինչն էլ վիրավորում է Թրամփին։
Բացի այդ, ըստ փորձագետի, պարզ է, որ Թրամփը դեռ ուզում է Նոբելյան մրցանակի արժանանալ, իսկ դրա համար Պուտինին պետք է նստեցնել բանակցությունների սեղանի մոտ, քանի որ այդ դեպքում նա անպայման կստանա այդ մրցանակը։
Քաղաքագետը համոզված է, որ Թրամփը գաղափարական պայքար չունի Ռուսաստանի դեմ, և այն ամենը, ինչ այսօր անում է, իհարկե, Ուկրաինայի պաշտպանության համար չէ։
Նինա Խրուշչովան լիովին վստահ է, որ ողջ աշխարհը ռեալիթի շոու է դիտում։ Սակայն հարցն այն է, թե ինչ սցենարով կզարգանա այն։ Նրա կարծիքով՝ Թրամփի համբերությունը սպառվել է, բայց նա պատրաստ է մի փոքր էլ սպասելու, որ Պուտինն իրեն լավ տրամադրություն պարգևի, ինչն էլ կլինի Թրամփի բացարձակ հաղթանակը:
«Իսկ եթե Թրամփն ավելի զայրանա Պուտինի վրա՝ ես կարող եմ պատկերացնել, որ նա ուրախությամբ կդիտի, թե ինչպես է այրվում Կրեմլը»,— ասում է փորձագետը։
«Պուտինը չի վախենում պարտությունից, իսկ Թրամփը սխալվում է»․այս վերնագրով հրապարակման մեջ ավստրիացի ռազմական փորձագետ Գուստավ Գրեսելն էլ DW-ին ասել է, որ այն, ինչ հայտարարեց Թրամփը, այլ նպատակ ունի։
«50 օրը հավանաբար պայմանավորված է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցով։ Պուտինը նրան վստահեցրել է, որ Ռուսաստանը կկարողանա իր հիմնական ռազմական նպատակներին հասնել 60 օրում։ Այլ կերպ ասած՝ Թրամփը հավանաբար կարծում է, որ դրանից հետո Պուտինը պատրաստ կլինի խաղաղության բանակցություններին»։
Ռազմական փորձագետը որպես օրինակ մատնացույց է անում Ստամբուլի բանակցությունները, որոնց ժամանակ Ռուսաստանը պարզապես կապիտուլյացիա պահանջեց և հրաժարվեց երկարատև խաղաղություն հաստատելուց։ Նրա համոզմամբ՝ Պուտինը ռազմական պարտության վախ չունի, ինչը նշանակում է, որ բանակցությունները, որոնք կարող են հանգեցնել հրադադարի կամ նույնիսկ խաղաղության, ավելի հեռու են, քան Բայդենի պաշտոնավարման վերջում էր:
Քաղաքագետները փորձում են հասկանալ ԱՄՆ նախագահի քայլերի իրական նպատակները, իսկ բրիտանական The Daily Telegraph-ը կոնգրեսի իր աղբյուրներին հղումով գրում է, որ ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգն ու պետքարտուղար Մարկո Ռուբիոն են վճռորոշ ազդեցություն ունեցել Ռուսաստանի նկատմամբ Թրամփի վարած քաղաքականության վերանայման վրա։




