Արդեն100 տարի

Հանքահորից՝ օպերային բեմ. Բարիտոնի երգեցիկ կյանքը. Պավել Լիսիցյան. «Գրեթե 100 տարի»

Հանրային ռադիոյի ձայնային պահոցում Պավել Լիսիցյանի կատարումների բազմաթիվ ձայնագրություններ կան: Դրանցից ամենահինը արված է սրանից 76 տարի առաջ՝ 1949 թվականին: Եվ դա Չայկովսկի «Աղմկոտ պարահանդոսում» օպերայից է:

Պողոս Լիսիցյանը, որ առավել հայտնի է Պավել անվամբ, ապրել և ստեղծագործել է Ռուսաստանում: Ծնվել է 1911 թ. Հյուսիսային Կովկասի Վլադիկավկազ քաղաքում: Նրա ծնողները այս քաղաքի հատուկենտ մտավորականներից էին:

Նրանց երկհարկանի տան պատշգամբներից հաճախ հրաշալի մեղեդիներ էին լսվում: Նրանց տունը մի իսկական հավաքատեղի էր ժամանակի հայտնի մարդկանց՝ Թումանյանի, Պետրոս Ադամյանի, Սիրանույշի, Վաղարշ Վաղարշյանի, տերի և տիկին Դանզասների համար:

Կովկասյան այս քաղաքին արվեստային և մտավորական հմայք էր տալիս նաև մեկ այլ հայկական ընտանիք՝ Վաղթանգովները: Այս զույգ ընտանիքիների շնորհիվ Վլադիկավկասում հիմնվեց առաջին սիմֆոնիկ նվագախումը և երգչախումբը, անշուշտ, սիրողական: Պողոսի ծնողները ևս երգչախմբի անդամ էին: Իսկ Պողոսն իրենից մեծ թավջութակով մասնակցում էր սիմֆոնիկի փորձերին: Նվագում էր նաև դաշնամուր, երգում էր: Մի խոսքով, փորձում էր յուրացնել երաժշտական բոլոր գաղտնիքները: 

Բայց արվեստով լի հովվերգական կյանքից, գրեթե, բան չի մնում բոլշևիկյան հեղափոխությունից հետո: Պողոսն արդեն պատանի էր, երբ ստիպված է լինում դառնալ հանքափոր, հետո՝ շինարար: Հենց Ախալքալաքի հիդրոկայանի շինարարության վրա աշխատելու շրջանում մտնում է բանվորական ինքնագործ խումբ և հայտնվում իր ափսեի մեջ:

Այդ բանվորական համույթի համերգից հետո էլ որոշվում է նրա ճակատագիրը: Շինարարության ղեկավարներից մեկը՝ նրան լսելով, ամեն բան անում է, որ Լիսիցյանը երաժշտական կրթություն ստանա: Եվ ուղարկում է նրան Լենինգրադ: Արդեն 1932-ին նա երգում էր Լենինգրադի երիտասարդական օպերային թատրոնում, հետո կարճ ժամանակ անց ընդունվում է Լենինգրադի օպերային փոքր թատրոն: Նրան են վստահվում, գրեթե, բոլոր բարիտոնային դերերգերը:

1936-ին Պավել Լիսիցյանը հրավիրվում է Երևան՝ մենահամերգի: Եվ հենց այդ այցի ժամանակ էլ առաջարկ է ստանում աշխատանքի անցնել Օպերային թատրոնում, որտեղ աշխատում է մինչև 1940թ՝ Մոսկվայի Մեծ թատրոնից հրավեր ստանալը: 1938թ. Պավել Լիսիցյանը Թովմասի դերերգը  ստացավ Արտեմի Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան» օպերայում:  Այնքան բծախնդրորեն նա ուսումնասիրեց արևմտահայերենի առոգանության նրբությունները, այնքան մանրակրկիտ  ծանոթացավ պոլսահայ կյանքի սովորույթներին և առանձնահատկություններին, որպեսզի   առավելագույն  ճշգրտությամբ ներկայացնի պարոնյանական այս կերպարը: 

Գեղեցկադեմ, առնական, արտիստիկ տաղանդավոր այս բարիտոնը նվաճել է շատ բեմեր և հազարավոր հանդիսականի սրտերը: Անգամ ձայնասփյուռով հնչող նրա երգեցողությունը թույլ է տալիս պատկերացնել նրան իր ողջ արտաքին հմայքով:

Աստված շատ բարեհաճ է գտնվել Լիսիսցյանների գերդաստանի նկատմամբ: Պավել կամ Պողոս Լիսիցյանի 3 զավակներն էլ դարձել են հրաշալի երգիչներ և մեծ համբավի արժանացել։ Կարինե Լիսիցյան՝ մեցցո սոպրանո, Ռուզաննա՝ սոպրանո և Ռուբեն՝ տենոր:

Պավել Լիսիցյանն ապրեց իսկապես հարուստ, երջանիկ և երկար կյանք: Մահացավ 92 տարեկան հասակում Մոսկվայում 2004-ի հուլիսի 6-ին և վերջին հանգիստը գտավ Մոսկվայի Հայկական շիրմատանը: 

Կարդացեք նաև

Back to top button