ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Կեսդարյա զինված պայքարի ավարտը․ PKK-ն վայր է դնում զենքը

Այսօր՝ հուլիսի 11-ին, Իրաքի Սուլեյմանի քաղաքում Քրդական աշխատավորական կուսակցության անդամները սկսել են հանձնել զենքերը։ Ավելի քան կեսդարյա զինված պայքարն ավարտվում է քրդերի զինաթափմամբ՝ նշում են փորձագետները։

Զինաթափումը հաջորդեց քրդերի առաջնորդ, ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանի տեսաուղերձին։

Թուրքիան 1999 թվականից ի վեր առաջին անգամ Օջալանին արտոնել էր տեսաուղերձով հայտարարություն անել։  

Թեև այսօր քրդերը գործնական քայլ են արել ու վայր են դրել զենքերը, Թուրքիայում շատերը դեռևս չեն հավատում նրանց անկեղծությանը։

Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության երկու ղեկավարների` Բասեն Հոզաթի և Մուստաֆա Քարասուի մասնակցությամբ տեղի է ունեցել քրդերի զինաթափման և զենքի  ոչնչացման արարողությունը։ Այսպիսով, «Խաղաղություն և ժողովրդավարական հասարակություն» կազմավորումը դուրս եկավ քուրդ ժողովրդի համար պատմական Սուլեյմանիայի Ջասան քարանձավից, որը 1923 թվականին որպես ապաստարան է ծառայել  նրանց համար, իսկ հետո նաև դարձել է «Քրդստանի Թագավորության»  գլխավոր շտաբը մինչև 1956 թ․։

Աշխարհի մի շարք երկրների լրատվամիջոցների, դիտորդների ու ՀԿ-ների ներկայությամբ քրդերի զինաթափման հաջորդ օրը՝ հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը պատրաստվում է ուղերձով ներկայանալու։

«Այսպիսով, քրդերի կեսդարյա պայքարն ավարտվեց զինաթափմամբ»,-գրում է միջազգային մամուլը։

Փորձագետները ենթադրում են, որ ըստ երևույթին՝ Էրդողանի ուղերձը վերաբերելու է Աբդուլլահ Օջալանի՝ քրդերին ուղղած զինաթափվելու կոչին, որով քրդական շարժումը փակում է զինյալ պայքարի էջն ու սկսում «ժողովրդավարական հասարակության» սկզբունքներով՝ քրդերի իրավունքները պաշտպանելու փուլը։

Տեսաուղերձում Օջալանը Քրդական աշխատավորական կուսակցության պարտիզաններին հորդորել էր կամավոր վայր դնել զենքերը.

«Կամավոր կերպով անցում է արվել զինված պայքարից դեպի ժողովրդավարական քաղաքականության և իրավունքի փուլ։ Զինված պայքարի փուլն ավարտվել է։ Սա կորուստ չէ, այլ պատմական ձեռքբերում»։

Սա 1999 թվականից ի վեր Թուրքիայում բանտարկված Օջալանի առաջին հրապարակային տեսաուղերձն է։

Օջալանը նշում է, որ պատրաստել է Ժողովրդավարական հասարակության մանիֆեստը, որը պետք է դիտարկվի որպես պատմական վերափոխում․ այն կհամարվի «Քրդստանի հեղափոխության ուղի» մանիֆեստի փոխարինողը, որը հրապարակվել է գրեթե 50 տարի առաջ։

Քաղաքագետ Արա Պողոսյանը ասվածից եզրակացնում է, որ Քրդական աշխատավորական կուսակցությունը կամ, ինչպես ընդունված է ասել, PKK-ն հրաժարվել է ազգային պետություն ստեղծելու նպատակից։

Reuters

Օջալանի այս հայտարարությունից հետո հերքի ցեղի առաջնորդ Խուրշիդ Հերքին հայտարարել է, որ հրաժարվում է Բարզանիի հետ երկխոսությունից։ Նա ասել է՝ կա՛մ կհաղթեն, կա՛մ կմեռնեն։

Քաղաքագետը հիշեցնում է, որ հերքի ցեղն ապստամբել էր Քրդստանի տարածաշրջանային կառավարության դեմ։ Նա ֆեյսբուքում գրում է․

«Հիմա Օջալանը փորձում է ստեղծել համաշխարհային քրդական կոնգրես Բարզանիի գլխավորությամբ, բայց չեմ կարծում, որ դա խնդիրը կլուծի։ Քրդական ցեղեր կան, որ իրար ավելի շատ են ատում, քան օրինակ՝ թուրքերին։ Թուրքիայում` Արևմտյան Հայաստանի տարածքում և ավելի հարավ քրդերից կազմավորել էր գյուղական պահապանների կորպուսը, որը կռվում էր PKK-ի քրդերի դեմ»։

Մինչև Օջալանի կոչը տեղեկություն տարածվեց, որ Իրաքի հյուսիսում ապրող հերքի ցեղը ապստամբել է Քրդստանի տարածաշրջանային կառավարության դեմ, որը ղեկավարում է Բարզանիի կլանը, որն էլ վայելում է ԱՄՆ-ի, Թուրքիայի և Իսրայելի աջակցությունը և ապահովում է նավթի մատակարարումները ինչպես թուրքերին, այնպես էլ Իսրայելին։

Ըստ էության՝ բոլոր հարցերը լուծում են քրդական այդ երկու մրցակից կուսակցությունները՝ երկու կլանները, որոնց աջակցում են աշխարհաքաղաքական տարբեր ուժեր, և նրանք իրար նկատմամբ խոր թշնամանք ունեն։

Բարզանիի կողմնակիցները վերահսկում են տարածաշրջանի բարձրագույն իշխանությունը, իսկ Տալաբանիի կողմնակիցները՝ Սուլեյմանիա քաղաքը, որը տարածաշրջանի երկրորդ ամենամեծ քաղաքն է և նրանց հենակետը։

Նույնիսկ Օջալանի՝ զինաթափման կոչից հետո Ստամբուլում և Անկարայում շատերը թերահավատ են․

«Ոչ ոք չի կարող վստահել Քրդական աշխատավորական կուսակցությանը։ Նախկինում էլ կար լուծարման գործընթաց, բայց դրանից հետո շատ բաներ տեղի ունեցան, և դրանք բոլորը այսպես թե այնպես քողարկվեցին: Հիմա նույն բանն է տեղի ունենում, և կտեսնենք նույնը, ինչ նախկինում»:

«Չեմ հավատա դրան, մինչև սեփական աչքերով չտեսնեմ: Ես ուզում եմ, որ դա տեղի ունենա, բայց այդ հարցում վստահություն չունեմ»:

Օջալանը ցմահ բանտարկված է 1999 թվականից, բայց շարունակում է ազդեցիկ դեմք մնալ Թուրքիայում և նրա սահմաններից դուրս ապրող քրդերի շրջանում։

Թուրքիայի քրդամետ Դեմոկրատական կուսակցության համանախագահ Թունջեր Բաքիրհանը քրդերի զինաթափմանը զուգահեռ նշում է.

«Հիմա նախագահ Էրդողանը, որը գործադիր իշխանության ղեկավարն է, մեծ անելիք ունի։ Ամեն ինչ հիմա Էրդողանի ձեռքում է։ Ժամանակն է ժողովրդավարական քայլեր ձեռնարկելու։ Գնդակը հիմա Էրդողանի դաշտում է։ Միլիոնավոր մարդկանց աչքերն ու ականջները սպասում են, որ ժողովրդավարությունը գա, արդարությունը գա, ազատությունը աճի։ Մենք ակնկալում ենք, որ արագ կձեռնարկվեն վստահության ամրապնդման, վստահության վերականգնման քայլեր ժողովրդավարացումն ապահովելու համար։ Սա ձեզ համար հնարավորություն է պատմության մեջ մտնելու, պարոն Էրդողան»։

Օջալանի կոչից անմիջապես հետո Թուրքիայի նախագահը հայտարարեց, որ այդ գործընթացում հաղթողը կլինի ողջ Թուրքիան՝ թուրքերը, քրդերը և արաբները, ապա՝ ամբողջ տարածաշրջանը։ Թե կոնկրետ ինչ ուղերձով է հանդես գալու Էրդողանը հուլիսի 12-ին, հայտնի կդառնա մի քանի ժամ անց։

Կարդացեք նաև

Back to top button