
«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունը իր առջև խնդիր է դրել նպաստել և ստեղծել այնպիսի պետություն, որտեղ մարդը, նրա արժանապատվությունը, իրավունքները և ազատությունները ճանաչված են որպես բարձրագույն արժեքներ: Իսկ այս ամենի իրականացման հնարավոր ուղիներից մեկը և հավանաբար ամենակարևորը կրթությունն է։

Քրեակատարողական ծառայություն, Պրոբացիայի ծառայություն, Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն կառույցները «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ–ի հետ համագործակցությունը ֆորմալիզացրել են հուշագրով։
Սակայն, կրթական ծրագրերի իրականացման համար երբեմն լուրջ խոչընդոտներ են ստեղծում անվտանգության բաժինները։ Արդյո՞ք այստեղ «կաղում» է իրավական կրթությունը։ Ի՞նչ գիտելիքների և հմտությունների պետք է տիրապետի, և ի՞նչ չափանիշների պետք է համապատասխանի մասնագետը, ով մտնում է քրեակատարողական հիմնարկ։
Իրավագիտակցությունը իրավունքի ընկալման ձև է` որպես սոցիալական իրականության յուրահատուկ /սպեցիֆիկ/ երևույթ: Իրավագիտակցությունը չի կարելի դիտարկել որպես առանձին հոգեկան ձևավորում: Իրավագիտակցությունը բնութագրվում է անձի կողմից հասարակական արժեքների նկատմամբ իր վերբերմունքով, գնահատականով, իր ինքնակարգավորման ընդունակությամբ:

«Դատապարտյալների վերասոցիալականացմանն ուղղված գործընթացները ավելի արդյունավետ իրականացնելու համար շատ կարևոր է, որ ոլորտում ընդգրկված պետական ծառայողները, աշխատողները շատ հստակ տիրապետեն այն իրավական շրջանակին, որի համատեքստում գործում են, նաև շատ հստակ լինի այն մոտեցումը, որ պետական պաշտոնյայի կամ պետական որևէ կազմակերպության կողմից անհարկի միջամտությունը կարող է, ի վերջո, հանգեցնել որևէ կազմակերպության օրինական գործունեության խոչընդոտմանը։
Այստեղ շատ հստակ պահանջ է դրվում՝ տարանջատել իրավական շրջանակը և մասնագիտական գործառույթները»,– ասում է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հկ– ի նախագահ Նարե Հովհաննիսյանը։

«Քրեակատարողական ծառայող կարող է լինել ՀՀ այն քաղաքացին, ով համապատասխանում է կոնկրետ պաշտոնին ներկայացվող պայմաններին։ Իսկ պաշտոնները խմբերի են բաժանված։ Կան խմբեր, որտեղ անգամ բարձրագույն կրթություն չի պահանջվում։ Եվ կան խմբեր, որտեղ բարձրագույն կրթությունը պարտադիր է և շատ քիչ են այն պաշտոնները, որտեղ անհրաժեշտ է կոնկրետ նեղ մասնագիտական կրթություն։
Մեծամասնությունն ունեն հումանիտար կրթություն, բայց անգամ այդ կրթությունն էլ բավարար չի լինում, որ կարողանան այնպես աշխատել, որ չվնասվի դատապարտյալի իրավունքները, շահերը, և արդյունավետ իրականացնեն իրենց գործառույթները։ Այդ իսկ պատճառով է, որ կա պարտադիր վերապատրաստում, որը իրականացվում է նախարարության կողմից»,– ասում է Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը։




