
Հանրային ռադիոյի ձայնային պահոցում մի շատ թանկ ձայնագրություն կա։ Աշխարհահռչակ Երվանդ Քոչարը պատմում է Վարդան Մամիկոնյանի արձանի կերտման մասին՝ ունկնդիրներին բացելով այն խորհուրդները, իմաստները, որոնք պաշարել են նրան մտահղացումից մինչև ստեղծագործական ընթացքի ավարտ: Քոչարը պատմում է, որ Մամիկոնյանի կերպարը նրան հուզել է դեռևս Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի սան եղած ժամանակներից:
Զորավարի մասին բավարար տեղեկություն ամբարելուց հետո, իր մտապատկերում Երվանդ Քոչարը տեսել է Վարդանի արձանացած կերպարը ձիու վրա՝ մերկացրած սուրը ձեռքին և շարժման մեջ:

Քոչարը շարունակ որոնումների մեջ էր՝ գտնելու Մամիկոնյանի հեծյալ արձանի լավագույն տարբերակը: Մամիկոնյանի էության ներկայացման ձևը արձանագործը գտավ, բայց մեկ ուրիշ կարևոր խնդիր էլ կար՝ հասկանալ, թե ինչպես պետք է պատկերվեր ձին՝ հերոսի հավատարիմ ուղեկիցը:
Շուտով ձիու և հերոսի կերպարների ներդաշնակությունը գտնված էր թղթի վրա: Մնում էր ի կատար ածել այդ մտահղացումը: Եվ ահա այստեղ է, որ երևան են գալիս ճարտարագիտական հարցեր: Եթե, ըստ մտահղացման, նժույգը և ձիավորը թռիչք են գործում օդում, ապա ինչպես լուծել հենման կետի խնդիրը:
Մեծ արձանագործը գտնում է նաև դրա լուծումը: Հայկական ձայնասփյուռի տաղավարում Քոչարը նաև պատմել է, թե ինչ աղբյուրներից է օգտվել Վարդան Մամիկոնյանի արտաքին կերպարը՝ հագուկապը, սաղավարտը և այլն՝ ամբողջացնելու համար:
Քոչարն իր արվեստով ժամանակից առաջ էր: Նա գիտեր, որ իր շատ ստեղծագործություններ կարող էին ընկալելի դառնալ միայն ապագայում՝ իրենից հետո: Եվ այդպես էլ եղավ, ինչպես օրինակ՝ «Կիբեռնետիկայի մուսան» քանդակը:




