ԿարևորՄիջազգայինՌեպորտաժներ

Իրանի՝ ուրանի հարստացման օբյետները ոչնչացված չեն, Իսրայելը կարևոր զինատեսակների պակաս ունի․ միջազգային մամուլի արձագանքը

Դոնալդ Թրամփը պնդում է, որ ամերիկյան նոր և առաջին անգամ կիրառված զինատեսակներով ամբողջությամբ ոչնչացվել են Իրանի ուրանի հարստացման օբյեկտները: ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը ևս վստահեցնում է, որ Իրանի միջուկային մարտագլխիկներ ստանալու ծրագրերը լիովին վերացվել են։ Սակայն ամերիկյան հետախուզությունն այլ գնահատական ունի։ Թեև հետազոտությունները դեռ շարունակվում են, ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել։

Իսրայելը և Իրանը հրադադարի հաստատումից մեկ օր անց փորձում են վերադառնալ բնականոն կյանքի, վերացնում են սահմանափակումները։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացրել էր Իսրայելի գործելակերպը․ նա հայտարարել է, որ դժգոհ է Թել Ավիվից, քանի որ Իսրայելը հրադադարի գործարքից անմիջապես հետո դարձյալ հրթիռակոծել է Իրանը։

«Ես ուրախ չեմ, որ Իսրայելը խախտում է պայմանավորվածությունը։ Հրադադարի պայմանավորվածությունից հետո կրկին հարվածներ էր հասցնում Իրանի տարածքին։ Այս տղաները պետք է հանգստանան․ ծիծաղելի է»։

ԱՄՆ նախագահը հարգանք է ակնկալում հրադադարի հարցում։ Նա վստահեցնում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելուց հետո ոչնչացրել են միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները։ ԱՄՆ հետախուզությունը, սակայն, այլ տվյալներ է ներկայացնում։ Այս հարցին քաջատեղյակ աղբյուրները CNN-ին հայտնել են, որ  Իրանի երեք միջուկային օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածները չեն վերացրել միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, ընդամենը մի քանի ամսով հետաձգել են ուրանի հարստացումը։

ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականը հիմնված է Պենտագոնի հետախուզական գործակալության տվյալների վրա՝ գրում է CNN-ը։

Իրանի՝ ուրանի հարստացման օբյեկտներին հասցված հարվածների վերլուծությունը շարունակվում է, և երբ ավելի շատ տվյալներ հասանելի լինեն, գուցե գնահատականը փոխվի՝ ասել է CNN-ի աղբյուրը։

Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանի հարստացված ուրանի պաշարները չեն ոչնչացվել։ Ավելին՝ ցենտրիֆուգները մեծ մասամբ անվնաս են մնացել։

Մեկ այլ աղբյուր էլ լրատվամիջոցին ասել է, որ հետախուզությունը ցույց է տվել, որ հարստացված ուրանը մինչև ռմբահարությունը տեղափոխվել է այլ վայր։ Այս մասին հայտարարել էր նաև իրանական կողմը հարվածներից անմիջապես հետո։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն իր հերթին CNN-ին ասել է, որ այդ ենթադրյալ գնահատականը իրականությանը չի համապատասխանում, քանի որ հետազոտությունը գաղտնի է, իսկ լրատվամիջոցին տեղեկություններ հաղորդողը հետախուզական թիմի անանուն, անհաջողակ մի անդամ է գուցե եղել։

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղարի՝ այդ ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին։ Լիվիթն ասել է՝ դժվար չէ պատկերացնել, թե ինչ է պատահում, երբ 30․000 ֆունտանոց տասնչորս ռումբ է նետվում ճշգրիտ թիրախների վրա․ դրանք ամբողջությամբ ոչնչանում են։

Նման տեղեկություն ոչ միայն CNN-ն է հաղորդում, այլև The New York Times-ը՝ հղում անելով գործին ծանոթ իր աղբյուրներին։ Վերջինս նույնպես նշում է, որ Իրանում միջուկային ծրագիրը հետ է մղվել ընդամենը մի քանի ամսով։

The New York Times-ի տվյալներով՝ ռմբահարության հետևանքով փակվել են երկու միջուկային օբյեկտների մուտքերը, բայց ստորգետնյա հիմնական կառույցները չեն փլվել։

Այս գնահատականները փաստորեն հերքում են ԱՄՆ նախագահ Թրամփի հավաստիացումները, որ Իրանի՝ ուրանի հարստացման հիմնական օբյեկտները լիովին ոչնչացվել են։

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին ևս հայտարարում է, որ Իրանի միջուկային արդյունաբերությունը չի կանգնի։

«Նրանք պետք է իմանան, որ այս արդյունաբերությունը լայնորեն զարգացած է մեր երկրում, և չեն կարող ոչնչացնել։ Մեր ունեցած հզորությունների և հնարավորությունների շնորհիվ այս ոլորտի զարգացումը կշարունակվի և կանգ չի առնի»։

Ուշագրավ է նաև ԱՄՆ պաշտպանական ոլորտի պաշտոնյաներին հղումով տարածվող մեկ այլ տեղեկություն, ըստ որի՝ Իսրայելի բանակը որոշ կարևոր զինատեսակների պակաս ունի։

NBC News-ը մասնավորապես գրում է, որ Իսրայելն այժմ շատ քիչ ռազմամթերք ունի։ Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգներն է օգնել Իսրայելին՝ պաշտպանվելու իրանական հարձակումների հեղեղից։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Իսրայելը ամերիկյան աջակցությամբ, Իրանը հրթիռակոծելով, նպատակ է ունեցել փոխելու Իսլամական Հանրապետության գործող ռեժիմը։ ԱՄՆ նախագահն այս մասին իրեն ուղղված հարցին այսպես է պատասխանել։

«Եթե ամեն ինչ տեղի ունենար ինքն իրեն՝ այլ բան։ Բայց այսպես՝ ո՛չ։ Ես ուզում եմ, որ ամեն ինչ որքան հնարավոր է շուտ հանդարտվի ու կարգավորվի։ Ռեժիմի փոփոխությունը միշտ իր հետ բերում է քաոս, իսկ մեզ համար արդեն եղած քաոսն էլ բավական է։ Իրանցիները հրաշալի վաճառականներ են, գերազանց գործարարներ, նավթի մեծ պաշարներ ունեն։ Ամեն ինչ պետք է լավ լինի․ նրանք կվերականգնվեն, պարզապես առանց միջուկային զենքի, իսկ մնացած հարցերում ամեն ինչ պետք է հաջողությամբ ընթանա»:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը մինչդեռ համոզված է, որ Իրանի դեմ Իսրայելի հարձակումը Թել Ավիվի համար շատ կարևոր մի նպատակ ուներ, որը չէր էլ թաքցվում և հրամցվում էր «ռեժիմի փոփոխություն» փաթեթավորմամբ։ Նա Տելեգրամում գրում է, որ Իսրայելի հաշվարկն այուամենայնիվ սխալ էր։ Ըստ իրանագետի՝ միջին վիճակագրական իրանցու պատկերացումներում սա այլևս անհասկանալի բախում չէր Սիրիայում, Իրաքում, Լիբանանում կամ այլուր հանուն «ինչ-որ արաբների», սա հենց իրանցիների պատերազմն էր սեփական երկիրը պաշտպանելու նպատակով։ Այդ ընկալումն էլ, ըստ Վարդան Ոսկանյանի, առաջացրեց ներքաղաքական և հասարակական աննախադեպ համախմբում երկրի ներսում, ապահովելով անհրաժեշտ դիմակայունություն։

Կարդացեք նաև

Back to top button