Վերնատուն

Ժամանակակից արվեստը բարելավում է համայնքային կյանքը. «Վերնատուն»

Ավեստագետ, համադրող և արտ մենեջեր Լիլիթ Ստեփանյանը խոսում է համայնքները զարգացնող արվեստի նախաձեռնությունների և արվեստի միջազգային համագործակցությունների մասին։ Նա ներկայացնում է իրենց հիմնած կազմակերպությունը և մանրամասնում, թե ինչ է իրենից ներկայացնում արվեստի ռեզիդենցիան՝ ինչպես է այն օգնում ակտիվացնել համայնքի մշակութային կյանքը, վերանայել կարծրատիպերը և ճանաչել ժամանակակից արվեստը։

«Մենք կազմակերպությունը հիմնեցինք ժամանակակից արվեստի պրակտիկաներն ու միջմշակութային փոխանակումները զարգացնելու, միջազգային արվեստագետների հետ կապեր ստեղծելու և հայկական արվեստը հանրայնացնելու նպատակով»,- նշում է Լիլիթ Ստեփանյանը՝ խոսելով Today Art Initiative կազմակերպության մասին, որի համահիմնադիրն է նա։

Համայնքներում արվեստի ու մշակութային կյանքը հաճախ պասիվ է։ 2019 թվականին նախաձեռնվեց «Գյուղական արվեստի ռեզիդենցիա» ծրագիրը, որն առաջին անգամ իրականացվեց Թալինում և Բյուրականում։ Այս տարի նրանք փորձում են համայնքներում իրականացնել  նաև «Օազիս» նախագիծը, որը եվրոպական ցանցի հայաստանյան մասնաճյուղն է։

Ժամանակակից արվեստագետները կարող են վերափոխել տարածքները և դրանց ֆունկցիոնալությունը։ Լիլիթ Ստեփանյանը որպես օրինակ է բերում մի ֆրանսիացի արվեստագետի, ով իր ավտոտնակը վերածել է արվեստի միջավայրի, ապա ընդլայնել այն։ Այդ ավտոտնակը ընդլայնվել է պետական աջակցությամբ՝ վերածվելով հսկա ժամանակակից արվեստի կենտրոնի։

Լիլիթ Ստեփանյանը նշում է, որ նրանք նույնպես ցանկանում են նման կերպ ընդլայնել արվեստային միջավայրը Հայաստանում։ Նա մեջբերում է. «Ժամանակակից արվեստը լուծում է բոլոր այն խնդիրները, որոնք լուծում են լավ քաղաքական գործիչները»։ Սա նշանակում է՝ արվեստի միջոցով համայնքը դեպի լավը փոխել և կյանքը բարելավել։

Առաջիկայում Լիլիթ Ստեփանյանը փորձում է Հայաստան բերել ժամանակակից արվեստի մի շարք հետաքրքիր ճյուղեր, որոնցից է նաև Բիո արտը։ Այստեղ արվեստագետները կաշխատեն կենդանի օրգանիզմների հետ՝ ուսումնասիրելով Լոռվա կենսաբազմազանությունը։ Սա հետազոտական և արվեստի պրակտիկաների հետաքրքիր համադրություն է։

Կարդացեք նաև

Back to top button