
Հայաստան-Եվրոպական միություն քաղաքացիական հասարակության պլատֆորմը կազմել է նախորդ տարվա աշխատանքների հաշվետվությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման առաջընթացի վերաբերյալ։ Մեկ տարվա ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններում գրանցվել են նոր զարգացումներ և արդեն նախանշվում է նոր համագործակցությունը, որը հաստատում են և՛ ՀՀ կառավարությունը, և՛ ԵՄ-ն։
Մշակվում է Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգը՝ հաստատել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Հայաստան-Եվրոպական միություն քաղհասարակության պլատֆորմի կազմակերպած հանդիպման ժամանակ։ Մինչև համագործակցության նոր օրակարգի՝ ուժի մեջ մտնելը գործում է մեկ այլ՝ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, որը ներառում է տարբեր բաղադրիչներ՝ անվտանգությունից մինչև իրավական աջակցություն։

«Մեր նախորդ հանդիպմանը հետևել են նոր զարգացումներ։ Տրվել է CEPA-ով ամրագրված վիզաների ազատականացման մեկնարկը, և այժմ ընթանում են բանակցություններ վիզաների ազատականացման գործողության ծրագրի շուրջ։ Նաև այս պահին ավարտին են հասնում Հայաստան-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ձևավորման աշխատանքները։ Զուգահեռաբար ԵՄ գործընկերների հետ քննարկում ենք 25-27 թվականների համար իրականացվելիք դիմակայունության և աճի պլանի ձևն ու կառուցվածքը»։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը գոհ է Հայաստանում ԵՄ աշխատանքից և արդյունքներից, նաև Հայաստանի բնակչության ձգտումներից։ Ընդ որում՝ նա խոսում է ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի բնակիչների մասին։
«Տպավորված եմ, երբ անցյալ շաբաթ Սյունիքում էի «Թիմ Եվրոպա»-ից գործընկերներիս հետ։ Մենք մեծապես տպավորված էինք տեսնել հանձնառությունը, որը կա մեր «դիմակայուն Սյունիք» նախաձեռնության իմաստով․ ձեռք բերված արդյունքներն էին տպավորիչ, բայց նաև ձգտումներն էին շատ տպավորիչ մեր տեղացի շահառուների, երիտասարդների, ընտանիքների, որովհետև մեծ ակնկալիք ունեն այս համագործակցությունից։ Մենք պատրաստ ենք այս բոլոր մարդկանց ակնկալիքները բավարարելու ուղղությամբ աշխատել։ Տպավորիչ են ոչ միայն ակնկալիքները, այլ նաև այս բոլոր մարդկանց, շահագրգիռ կողմերի պատրաստակամությունը և սա բնորոշ է ոչ միայն Սյունիքին, այլև Հայաստանի ողջ բնակչությանը՝ մասնակցել այս գործընթացին և արդյունքներ ապահովել հանրության և իրենց համայնքի համար»։
Հայաստան-ԵՄ բազմաոլորտ համագործակցությունը՝ անկախ հանգամանքից, թե ինչ պայմանագրերով է իրականացվում, ունի մի քանի հիմնասյուն։ Դրանք նաև հանրության ուշադրության կենտրոնում են, ինչպես, օրինակ, անվտանգային բաղադրիչը։ Դրա բաղկացուցիչ մասն են նաև էներգետիկ անվտանգությունը և դիմադրունակության բարձրացումը։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սա կապում է Հայաստանի ապաշրջափակման հետ։
«Ապաշրջափակված լինելն առաջին կարևոր քայլն է, որը չեզոքացնում է մեր էներգետիկ ռիսկերի երևի 40 տոկոսը։ Ապաշրջափակման օրակարգը կամ «Խաղաղության խաչմերուկը» հասարակությունն ընկալում է որպես ճանապարհների ապաշրջափակում, բայց դրա բովանդակությունը շատ ավելի խորն է։ Երևի պետք է ավելի շատ դրա մասին խոսենք։ Ավելի շատ ռեգիոնալ ինտեգրացիայի մասին է խոսքը, ոչ թե ճանապարհ բացել-չբացելու մասին։ Իսկ ռեգիոնալ ինտեգրացիան և՛ չեզաքացնում է ռիսկերը, և՛ տալիս է ավելի լավ գին, և՛ տալիս է անվտանգության երաշխիքներ։ Որովհետև եթե դու միացված ես համակարգերին, նշանակում է՝ մի տեղից համակարգի ինչ-որ բանը կտրվել է, մյուս տեղից կոմպենսացվում է, և դու էլ դառնում ես դերակատար։ Բնականաբար, կտրելն է շատ բարդանում»։
Ոչ թե էներգետիկ, այլ եվրոպական իրավական համակարգի մաս դառնալու ճանապարհին Հայաստանն արդեն արել է լուրջ քայլեր՝ մասնավորապես անցյալ տարվանից դառնալով միջազգային քրեական դատարանի լիիրավ անդամ։ Սակայն, Հռոմի կանոնադրության վավերացումը վերջին քայլը չէ, որ Հայաստանն ինտեգրվի այդ համակարգին։ Կան նաև այլ անհրաժեշտ քայլեր, որոնք անհրաժեշտ է, որ Հայաստանն անի՝ կարծում է Հայաստան-Եվրոպական միություն քաղհասարակության պլատֆորմի ներկայացուցիչ, Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ Գուրգեն Պետրոսյանը։
«Սա այն կարևորագույն իրավական գործիքն է, որ մեզ անհրաժեշտ է, որովհետև ցանկացած պահի կարող է առաջանալ համագործակցության անհրաժեշտություն, և մենք դեռևս չունենք որևէ համակարգ, թե այդ համագործակցությունը ինչպես պետք է տեղի ունենա։ Երկրորդ իրավական գործընթացը դա Կամպալայի փոփոխություններն են։ ( Խմբ․– ագրեսիայի հանցագործությունը, որը սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3314 բանաձևում և ավելի ուշ կոդավորվել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության Կամպալայի փոփոխություններում, անկյունաքար է ուժի անօրինական կիրառումը կանխելու համաշխարհային ջանքերում)։ Հայաստանը դեռ չի անդամակցել «ագրեսիայի հանցագործությանը» և հաշվի առնելով այն ժամանակաշրջանը, որտեղ մենք ապրում ենք, ինչպես նաև այն փոփոխությունները որոնք տեղի են ունենում ներկա դրությամբ միջազգային քրեական դատարանի շրջանակներում «ագրեսիայի հանցագործության» վերաբերյալ, Հայաստանը պետք է այստեղ ակտիվ մասնակցություն ունենա՝ հաշվի առնելով այն սպառնալիքները որոնք առկա են մեր տարածաշրջանում։ «Ագրեսիայի հանցագործության» վերաբերյալ մոտեցումը մեզ համար ներկա դրությամբ հիմնաքարային է, և այստեղ հարկավոր է, որպեսզի նեղ մասնագիտական քննարկումները շարունակվեն։ Ցանկալի կլիներ, որ Հայաստանի իշխանությունները ակտիվացնեին Հռոմի ստատուտը որոշակի պրեվենտիվ՝ կանխարգելիչ մեխանիզմներ ստանալու տեսանկյունից, որովհետև այն, ինչ տեղի է ունեցել ԼՂ-ում, պետք է անպատիժ չմնա»։

Հայաստան-ԵՄ համագործակցության բաղադրիչներից ամենասպասվածը հանրության շրջանում թերևս վիզաների ազատականացումն է, որի շուրջ երկխոսության մեկնարկը տրվեց մեկ տարի առաջ։ Եվրոպայից եկող ազդակը խիստ կարևոր է համարում Եվրոպական ինտեգրման հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։
«Վիզաների ազատականացման հետ կապված ամենամեծ՝ բարձրագույն քաղաքական մակարդակում որոշում կայացնելու խնդիրը լուծվել է։ Սա ամենամեծ ձեռքբերումն է, որ մենք պետք է նշենք։ Այսինքն՝ մենք տարիներ շարունակ աշխատում էինք այն ուղղությամբ, որ ԵՄ անդամ երկրները Եվրոպական Միության խորհրդում տային այդ համաձայնությունը վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի վերաբերյալ։ Առանց այս մեկնարկի՝ ինչ էլ ուզում էր լիներ՝ բիոմետրիկ անձնագրեր էլ լինեին, աշխարհի ամենալավ առողջապահական ապահովագրությունն էլ ունենայինք, սահմանների ամենալավ վերահսկողությունն էլ ունենայինք, վիզաների ազատականացում տեղի չէր ունենա։ Ճիշտ այնպես, ինչպես ինչ-որ մեկը չի հրավիրում ձեզ իր տուն, դուք չեք կարող գնալ իր տուն։ Ահա այս հրավերը մենք արդեն իսկ ստացել ենք, մնացածը տեխնիկական դաշտում է»։
Վիզաների ազատականացման հարցում խնդիրներ կան նաև հանրության իրազեկվածության առումով։ Շատերը չգիտեն, որ ազատականացումը ոչ միայն հնարավորություն է, այլև պարտավորություն․ դրանցից մեկը, օրինակ, այդ վիզայով՝ տարվա մեջ ընդամենը 90 օր եվրոպական երկրներում լինելու իրավունքն է։
Հայաստան-Եվրոպական միություն քաղհասարակության պլատֆորմի անդամների կարծիքով՝ անհրաժեշտ է նաև այս ուղղությամբ մեծացնել աշխատանքը ճիշտ պատկերացումներ և սպասելիքներ ձևավորելու համար։




