88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը։ Նրա դերակատարումներին բնորոշ են եղել հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։ Թատերասեր հանրության և նրա արվեստի երկրպագուների հիշողության մեջ Գուժ Մանուկյանը կմնա իր կերտած անզուգական և ինքնատիպ կերպարներով։
Նա ամենաշատը կարոտում էր հանդիսատեսի ծափերը, բայց չէր հուսահատվում, ասում էր՝ դեռ դերեր ունի խաղալու: Ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանն վերջին մի քանի տարին բեմ չէր բարձրանում․ առողջությունը թույլ չէր տալիս։
Բայց չէր հուսահատվում։ Ասում էր՝ «դեռ խաղալիք դերեր ունեմ»։
Մի քանի տարի առաջ իր ծննդյան օրը որոշեցի այցելել նրան։ Զրուցեցինք անցածի, նրա մանկության, ամենանվիրական հույզերի ու հուշերի մասին։
Գուժ Մանուկյանի սերնդակիցները կհիշեն՝ երբ նա բեմում էր, աղջնակներից մինչև բալզակյան տարիքի կանայք սիրահարվում էին նրան։ Մեր զրույցի օրն այս թեմայով խոսելիս համեստորեն ժպտաց, բայց նաև հաստատեց դա ու նույն պահին շտապեց ընդգծել՝«առիթից չէի օգտվում»։
Ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Մայրը՝ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյան, հայրը՝ դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյան։
Մեր հանդիպման օրը հիշեց՝ 6 տարեկան էր․ մայրը տանը դերերից հատվածներ էր փորձում։ Ասաց՝ ամեն անգամ նայում էր մայրիկիս ու ասում․ «Մա՛մ, դու գի՞ժ ես: Չգիտեի, որ մի օր էլ ես եմ նվիրվելու այդ «գժությանը», որ կոչվում է թատրոն»:
Բոլորը վստահ էին, որ Գուժը դերասան է դառնալու, բայց դպրոցն ավարտելուց հետո ընկերոջ հետ որոշում է ընդունվել Գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ, բայց քննությունները ձախողում են։ Հայրն առաջարկում է ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս, սակայն Աճեմյանն ասել էր. «Տղային մի դժբախտացրու, միջակություն է լինելու…»։
Աճեմյանն այդ շրջանում իր շուրջը հավաքել էր լավագույններին՝ Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Ներսես Հովհաննիսյան, այլք։ Բայց դա Գուժ Մանուկյանին հետ չի պահում, ու նա որոշում է, իր խոսքով, «վրեժխնդիր» լինել սիրելի վարպետից։
«Գնում, նստում էի լսարանի վերջերում: Մի օր էլ կուրսն էտյուդ էր փորձում, ասաց`«Դու էլ փորձիր»: Մի պահ դուրս եկա, խաչակնքվեցի ու ներս մտա: Մոտ 15 րոպե տեւեց ելույթս, վերջում ասաց՝ «Ապրես, լավ էր»: Մեկ ամիս ուշացումով ուսանող դարձա»:
Ու այդ օրվանից սկսվում է Գուժ Մանուկյանի բեմական ճանապարհը։
Առաջին բեմը Կապանի թատրոնն էր, հետո՝ Պատանի հանդիսատեսի։ Եվ ի վերջո՝ Հրաչյա Ղափլանյանի թատրոնը, որից երբեք չհեռացավ։
Մեր զրույցի օրը հարցրի՝ ստեղծագործողին արվեստագետ է դարձնում վարպետությո՞ւնը, թե ի վերուստ տրված շնո՞րհը։
Նախ ժպտաց, հետո՝ «Աշխատասիրությունը։ Շնորհքը՝ Աստծո կողմից, բայց առանց աշխատանքի՝ այն կորչում է։ Ես միշտ ասում եմ ուսանողներիս՝ դուք պետք է կարողանաք «գողանալ» վարպետիից։ Ես ինքս այդպես եմ սովորել»։
Վարպետի հետ խոսեցինք նաև իր ընկերներից, խոսեց Արմեն Ջիգարխանյանից, ու ես հիշեցի «Մխիթար Սպարապետ» վեպի մոտիվներով «Հուսո աստղ» գեղարվեստական կինոնկարը։ Ասացի՝ շատերը Մխիթարի դերում հենց իրենց էին պատկերացնում, ոչ թե Ջիգրախանյանին։ Համեստորեն ժպտաց ու ասաց․
«Հա՜, անկեղծ, ինձ էլ են շատ ասել, բայց դե, ձև չկար. Արմենը շատ մտերիմ էր Քյոսայանի հետ (ծիծաղում է,-խմբ.)։ Իհարկե, Խանզադյանն իր գրքում հենց այդպես էլ նկարագրել է Մխիթարին։ Գիտես, վավերագրական ֆիլմի հերոսին խաղալը շատ դժվար է. ամեն մեկի մեջ իր հերոսն է նստած։ Օրինակ, երբ Հայկ Բժշկյանցին մարմնավորեցի, շատ ուսումնասիրեցի այդ կերպարը։ Մտածում էի՝ հանկարծ այնպես չներկայացնեմ, որ մարդիկ հիասթափվեն»։
Գուժ Մանուկյանի կերտած բոլոր կերպարները և տարբերվող էին, և հիշվող։ Ինչպես և իր անունը, որ երբեք չէիր շփոթի՝ Գուժ Մանուկյան։
«Դպրոցում ես Գուրգեն Մանուկյանն էի։ Հերթական ներկայացումից հետո մի կին մոտեցավ, ասաց. «Պարոն Մանուկյան, ի՞նչ է Ձեր անունը»։ Ասացի՝ Գուժ, զարմացած ասաց՝ «Ես գիտեի «Գուժ Մանուկյան» Ձեր ազգանունն է»։
Նրա կերտած լավագույն կերպարներից են՝ Միտրոֆան, Սարո, Պյոտր՝ Մաքսիմ Գորկու «Քաղքենիներում», «Ռիչարդ III» և շատ այլ։ Նա հայ կինոյի ոսկե ժամանակահատվածը կերտողներից էր:
Հուլիսի 24 -ին լռեց ՀՀ ժողովրդական արտիստի ձայնը․ կարելի է ասել՝ նա պարզապես փոխեց բեմը և ընտրեց այն բեմը, որտեղ ծափեր չկան, կա հավերժություն, որտեղ հանդիսատեսը լռությամբ է լսում։




