
Այսօր առավոտյան սկսվել է պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների հայտագրումը hayt.emis.am կայքում։ ԿԳՄՍ նախարարությունից հորդորում են ուշադիր լինել, քանի որ haytru.emis.am կայքը, որը նախատեսված է ռուսերեն ուսուցմամբ դասարաններում հայտագրվելու համար, այս փուլում չի գործելու։ Սակայն, համակարգի վերաբերյալ արդեն դժգոհություններ կան։ Ծնողներից ոմանք ասում են, որ չեն կարողանում երեխաներին հերթագրել իրենց նախընտրած դպրոցում։
Այս տարի ևս առաջին դասարանցիների հայտագրումն էլեկտրոնային եղանակով է կատարվում։ ՀՀ պետական դպրոցներ առաջին դասարանցիների հայտագրման հիմնական փուլն անցկացվում է hayt.emis.am կայքում։ Սակայն ծնողների շրջանում արդեն դժգոհություններ կան, որ համակարգը նորմալ չի գործում։ Զրուցակիցս՝ Նունե Ավետիսյանն ասում է, որ չի կարողացել երեխային մոտակա դպրոցում հերթագրել։ Համակարգը նախ չի գործել, հետո ցույց է տվել, որ տվյալ դպրոցում տեղերն արդեն լրացած են։
«Ունեի նախընտրած դպրոց, որն ավելի մոտ էր տանը․ անմիջապես շենքի հարևանությամբ էր։ Սակայն քանի որ առաջին փուլով գրանցված տեղերն արդեն բավական շատ էին, երկրորդ փուլի համար քիչ տեղեր էին մնացել, համակարգն էլ խափանվել էր, չկարողանանք գրանցվել մեր նախընտրած դպրոցում»։
Իմ փոխարեն համակարգն ընտրեց երեխայիս դպրոցը՝ ասում է զրուցակիցս։ Երեխան ընդունվել է հեռու դպրոց։
«Ժամը 9-ին ես արդեն համակարգչի մոտ էի և անընդհատ թարմացնում էի, բայց համակարգը չկար, չէր գործում, հնարավոր չէր գրանցել բալիկին։ 9։00-9։05 համակարգը չկար, կախել էր, բացվելուց հետո անմիջապես գրվեց, որ տվյալ դպրոցում տեղերը փակված են։ Իմ շենքի անմիջապես կողքի դպրոցը երեխայիս ընդունելու հնարավորություն չունեցա»։
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ խնդրին տեղյակ են։ Ըստ նրա՝ դա տևել է վայրկյաններ, և այս պահին hayt.emis.am կայքը նորմալ գործում է, որևէ խնդիր չկա։ Կայքը ծանրաբեռնված է եղել ժամը 9-ին, երբ բացվել է։
«Համակարգը բացվել է առավոտյան 9-ին։ Աշխատել է նորմալ, ունեցել է մի փոքր ծանրաբեռնվածություն առաջին երեք րոպեների ընթացքում։ Սա բնական ծանրաբեռնվածություն է, որովհետև հաշվել ենք, որ առաջին մեկ ժամվա ընթացքում 5․000 երեխա է հայտագրվել։ Իսկ այդ առաջին րոպեին հարցումների միաժամանակյա քանակը 81.000 էր, ինչը գերծանրաբեռնվածություն է։ Սակայն մեր մասնագետների օգնությամբ կարողացել ենք խնդիրն արագ կարգավորել»։
81.000 միաժամանակյա հարցումները ցույց են տալիս, որ միևնույն երեխային տարբեր սարքերից են փորձել հայտագրել՝ ասում է Արտակ Պողոսյանը: Դրա հետևանքով է համակարգը ծանրաբեռնվում, և դժվարանում է նախընտրած դպրոցում երեխային հերթագրելը․
«Հարգելի՛ ծնողներ, ևս մեկ անգամ հորդորում ենք մեկ երեխային հայտագրելու համար օգտագործել մեկ սարք։ Խնդրում ենք՝ հայտագրման ժամանակ նման ծանրաբեռնվածության դեպքում պահպանել հանգստություն և ևս մեկ անգամ հանգիստ, առանց ժամանակ կորցնելու փորձել հայտագրել»:
Հայտագրումը կատարվում է 30 վայրկյանում: Հաշվի առնելով, որ համակարգում կան մեծ պահանջարկ ունեցող դպրոցներ, որոնցում սովորել ցանկացող երեխաների թիվն ավելի մեծ է, քան տվյալ դպրոցի համար սահմանված քանակը, ապա նշված դպրոցներում շատ արագ են լրանում տեղերը, և այլևս հնարավոր չի լինում նոր հայտագրումը: Արտակ Պողոսյանն ասաց, որ շատերն են երեխային գրանցել այն դպրոցներում, որոնցում ցանկացել են։
«Ծանրաբեռնվածությունը բնական է բոլորի համար։ Դպրոցները սահմանափակ տեղեր ունեն։ Հայաստանում կան մոտ մեկ տասնյակ դպրոցներ, ուր ծնողներն ավելի շատ ցանկություն ունեն ընդունելու իրենց երեխաներին։ Այդ դպրոցներում նույնիսկ առաջին փուլի ավարտին շատ քիչ տեղեր են մնում»։
Հայտագրումը մեկնարկել է հունիսի 9-ից։ Այն բաց էր որոշակի արտոնություններ ունեցող անձանց համար։ Առաջին փուլով հայտագրվել է 10.000 երեխա։ Երկրորդ՝ հիմնական փուլը հունիսի 24-ից է։ Երրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, հայտագրումը կլինի haytru.emis.am կայքում՝ ծնողների ընտրությամբ ռուսերեն ուսուցմամբ դասարանների համար։
Այս փուլն այն երեխաների համար է, որոնց ծնողներից մեկը այլ երկրի քաղաքացի է կամ երկքաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ։ Նաև այն երեխաների համար, որոնց ծնողներից մեկը ՀՀ ազգային փոքրամասնություն ներկայացնող քաղաքացի է: Հայտագրումը կգործի մինչև 2025-26 ուսումնական տարվա ավարտը։




