Վերնատուն

«Հայկական ռոքը համադրում էր թույլատրելին անթույլատրելիի հետ»․ Խաչիկ Մելիքյան. «Վերնատուն»

80-ականների հայկական ռոքի առաջամարտիկ, «Տեսիլք» խմբի համահիմնադիր և այժմ ԱՄՆ-ում բնակվող երգահան Խաչիկ Մելիքյանը, խոսում է` ինչը գրավեց իրեն ռոք երաժշտության մեջ, հայկական ու արևմտյան ռոքի առանձնահատկություններից, ռոքի մշակույթից։ 

Խաչիկ Մելիքյանը բացատրում է, թե ինչու է իրեն գրավել ռոքը և ինչու սիրելով երաժշտությունն, ընտրել է մանկավարժի մասնագիտությունը: Նրա համար ռոքը ինքնաբուխ, ազնիվ և անկեղծ երաժշտություն է, որը բխում է սրտից։ Անկեղծությունը միշտ էլ գնահատելի է և գտնում է իր ունկնդրին։

Նա նշում է, որ ռոքը Հայաստանում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանում, էլիտար երաժշտություն էր համարվում։ «Մեզանում ռոք լսողներն ավելի ինտելեկտուալ էին», — ասում է նա։ Սակայն Միացյալ Նահանգներում նրան զարմացրել է ռոք երաժշտության հանդիսատեսը, որը նա բնութագրում է որպես «շատ տխուր մասսա», ում մակարդակը շատ ավելի ցածր էր։

«Տեսիլք» խումբը 80-ականներին սիրված էր, քանի որ նրանք «արգելված պտուղ» էին և կարողանում էին համադրել թույլատրելին անթույլատրելիի հետ։ Խումբը հիմնականում մեղեդային երգեր էր գրում, և բողոքի նոտան շատ քիչ երգերում էր նկատվում, սակայն 19 տարեկանում, ասում է, գրել է հակապատերազմական՝ «Ընդդեմ պատերազմի» երգը։

1991 թվականին Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո, Խաչիկ Մելիքյանը պատմում է իր «Միսթիսիթի» նախագծի մասին, որտեղ նա առիթ է ունենում նվագել իր սիրելի լեգենդար ռոք խմբերի երաժիշտների հետ։ Նա կարծում է, որ ռոքը մեռավ, երբ այն փորձեցին դարձնել մասսայական մշակույթի մաս։

Երբ տեսահոլովակներում հայտնվեցին «ներքնազգեստով շեկ աղջիկներ», և ռոքին տվեցին ապրանքի տեսք՝ սկսելով անխնա շահագործել այն, դա նրա անկման սկիզբը դարձավ։ «Վիդեոկլիպները սպանեցին ռոք երաժշտության երբեմնի համբավը, հիմա այն ավելի ապրանքայնացված է», – ասում է նա։

Կարդացեք նաև

Back to top button