ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

ԱՄՆ-ն դեռ որոշում չունի, Թրամփը բարդ ընտրության առաջ է․ փորձագիտական կարծիք

Իրան-Իսրայել պատերազմը շարունակվում է նույն տեմպով։ Վերջին տվյալներով՝ Իրանը հարվածել է Իսրայելի Բեր Շևայի «Սորոկա» հիվանդանոցին, առնվազն 10 մարդ է վիրավորվել՝ գրում է Tasnim-ը: Իրանական հրթիռները հասել են նաև Թել Ավիվ․ դրանցից մեկն ընկել է քաղաքի կենտրոնի շենքերից մեկի վրա՝ հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ ամերիկյան առնվազն տասը ռազմաբազա իրանական հրթիռների նշանառության տակ է։

Իրանի պետական հեռարձակողը հայտնում է Իսրայելի արտակարգ իրավիճակների համակարգի վրա կիբերհարձակման մասին, ինչի հետևանքով Իսրայելում հեռարձակվել է հրեաների նկատմամբ մուսուլմանների հաղթանակի մասին իրանական հայտնի երգը։

Իսրայելի պաշտպանության բանակն էլ հայտարարել է, որ անցած գիշեր իր 60 կործանիչները մի քանի ժամ շարունակ հարվածել են Իրանի ավելի քան 20 ռազմական օբյեկտների։

Կողմերի համար նշանակալի ու վճռական է ԱՄՆ նախագահի որոշումը։ Դոնալդ Թրամփը, սակայն, առայժմ որոշում չունի։

Իրան-Իսրայել փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվում է, իսկ Միացյալ Նահանգների նախագահը դեռ չի կարողանում այդ բարդ իրավիճակում վճռական որոշում կայացնել՝ միանա Իսրայելի հարվածներին, թե ոչ։ Միջազգային ողջ հանրությունը, ինչպես նաև հակամարտող կողմերը սպասում են այդ որոշմանը իրենց հետագա քայլերը հստակեցնելու համար։

Մինչ Թրամփը մտածում է, ՌԴ նախագահը կարծիք է հայտնում, որ հնարավոր է կողմերի հիմնարար պահանջները բավարարել և դադարեցնել հրթիռակոծություններն ու ավերածությունները։

Իսրայելի գործողություններին միանալու հնարավորության մասին հարցերին ԱՄՆ նախագահն անորոշ պատասխան է տալիս․

«Գուցե անեմ, գուցե ոչ։ Այսինքն՝ ոչ ոք չգիտի՝ ինչ եմ անելու»,-ասում է Թրամփը՝ որոշ պարզաբանումներ ներկայացնելով․

«Ամեն ինչի համար ծրագիր ունենք, բայց տեսնենք՝ ինչ կլինի։ Ճանապարհ ունենք անցնելու։ Նրանք պետք է կնքեին գործարքը․ ես հիանալի գործարք ունեի նրանց համար։ 60 օր խոսեցինք դրա մասին, և վերջում որոշեցին չանել, իսկ հիմա ցանկանում են անել դա․ նրանք ուզում են հանդիպել։ Բայց, գիտեք, մի փոքր ուշ է հանդիպելու համար․ նրանք ուզում են Սպիտակ տուն գալ։ Այնպես որ, նույնիսկ Սպիտակ տուն կգան։ Այնպես որ, կտեսնենք։ Ես կարող եմ դա անել»։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին այս ընթացքում զգուշության կոչ է հղում Վաշինգտոնին։ «Իրանի ժողովուրդը չի հանձնվելու։ Ամերիկացիները պետք է հասկանան, որ յուրաքանչյուր ռազմական ներխուժում կուղեկցվի անդառնալի վնասներով»,– հայտարարում է Խամենեին։

The Wall Street Journal-ը, վերլուծելով ստեղծված իրավիճակը, գրում է, որ Թրամփը հետաձգում է իր վճռական որոշումը՝ հույս ունենալով, որ Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։

Bloomberg-ը, սակայն, իր հավաստի աղբյուրներին հղումով, գրում է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է առաջիկա օրերին Իրանի դեմ հարձակմանը։ Reuters-ն էլ, իր աղբյուրներին հղումով, գրում է, որ Միացյալ Նահանգներն իր ռազմական ինքնաթիռներն ու նավերն  ավելի ապահով վայրեր է տեղափոխում, որպեսզի դրանք հասանելի  չլինեն Իրանի համար։

Այս ընթացքում Նյու Յորքի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում Իրան-Իսրայել պատերազմին ԱՄՆ հնարավոր մասնակցության դեմ՝ գրում է Bloomberg-ը։

Իսրայելը, Իրանին հարվածելով, իր անվտանգությունն է փորձում ապահովել։ Իրանը հերքում է, որ ձգտում է միջուկային զենք ստեղծելու։ Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրն ունի բացառապես խաղաղ նպատակներ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ է առաջարկում։

«Իրանի ստորգետնյա գործարանները կան․ դրանց ոչինչ չի պատահել: Կարծում եմ, որ կարելի է այնպիսի լուծում գտնել, որը կապահովի և՛ Իրանի, և՛ Իսրայելի շահերը։ Տարբերակներ կան ապահովելու Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնելու Իսրայելի մտահոգություններն անվտանգության ապահովման առնչությամբ։ Նման  լուծում կարելի է գտնել»։

Պուտինն իր մոտեցումները ներկայացրել է և՛ Իրանին, և՛ Իսրայելին, և՛ ԱՄՆ-ին։

Միջազգային մամուլը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, կասկածներ ունի Իրանի դեմ հնարավոր հարձակման լիակատար հաջողության վերաբերյալ։

Ըստ Axios-ի՝ Թրամփը ցանկանում է համոզվել, որ ամերիկյան հակաբունկերային ռումբերն ունակ են ոչնչացնելու Իրանի ստորգետնյա օբյեկտները։ Բանն այն է, որ դրանք թեև փորձարկվել են, բայց չեն կիրառվել իրական մարտական գործողություններում։

Իսրայելին աջակցելու հարցում Թրամփն իսկապես բարդ ընտրության առաջ է կանգնած՝ սոցցանցում գրել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը։ Հենց այդ բարդ ընտրությամբ է պայմանավորված ԱՄՆ նախագահի ստրատեգիական սպասումը և պատերազմ ներքաշվելուց խուսափելը։ Սա նրա նախագահության ամենաբարդ որոշումն է լինելու՝ համոզված է ամերիկագետը։ Նա նշում է, որ ամերիկացիների շուրջ 60%-ը դեմ է, որ Միացյալ Նահանգներն Իրան-Իսրայել պատերազմ ներքաշվի։ Բացի այդ՝ Թրամփը պարզապես չի ցանկանում վտանգել ամերիկացի այն զինվորականների կյանքը, որոնք տեղակայված են Իրանի հրթիռների համար հասանելի ռազմաբազաներում։ Սակայն ԱՄՆ նախագահը նաև չի կարող չաջակցել Իսրայելին։  

«Եթե Թրամփն ունենար «ոսկե միջինը» ընտրելու հնարավորություն, նա, իհարկե, այդպես կվարվեր։ Սակայն, ամերիկյան նույնիսկ մեկ ռմբակոծչի ուղիղ ներգրավվածությունը Իրանը համարելու է պատերազմ ԱՄՆ-ի հետ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, իսկ երկարատև պատերազմը Թրամփին բացարձակապես պետք չէ»:

Ըստ Սուրեն Սարգսյանի՝ ԱՄՆ նախագահն այս բարդ երկընտրանքի պայմաններում ընտրել է ռազմավարական սպասումը՝ փորձելով խուսափել պատերազմ ներքաշվելուց այնպես, ինչպես փորձում էին նախագահներ Ուիլսոնը՝ Առաջին, իսկ Ռուզվելտը՝ Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ:

Կարդացեք նաև

Back to top button