Արդեն100 տարի

Հանրաճանաչ նկարիչը, նրա գեղեցկուհի այրին և անմոռանմալի պատմություններ․ «Գրեթե 100 տարի»          

Հանրային ռադիոյի պահոցից վաղուց մոռացված 2 ձայնագրություն մեզ տեղափոխում են 1970-ական թվականներ և հաղորդակից դարձնում Նյու Յորքից և Կահիրեից Երևան ժամանած մեր 2 հայրենակիցների խոսքին: 

Մեկը՝ 1896-ին Տրապիզոնում ծնված, Վավա կամ Վարդանուշ Սարյանի՝ ամուսնացյալ Խաչատրյանի խոսքն է: Վավան հայտնի նկարիչ Սարգիս Խաչատրյանի այրին էր, ինքն էլ նկարչուհի էր և հայտնի էր Վավա Սարգիս անունով: Բայց նա հայտնի էր ոչ միայն որպես տաղանդավոր նկարչի կին և միաժամանակ նկարչուհի, այլև՝ որպես Անրի Մատիսի և Ռաուլ Դյուֆիի բնորդուհի:

Չափազանց գեղեցիկ մի կին, որի առջև տղամարդիկ կորցնում էին գլուխները, սիրահարվում նրան՝ կախարդված: Ահա այս գեղեցկուհին իր քնքուշ ձայնով հայկական ձայնասփյուռի տաղավարում պատմում է 1975թվականի իր Հայաստան այցի և անմոռանալի մշակութային տպավորությունների և տաղանդավոր ամուսնու՝ Սարգիս Խաչատրյանի մասին:  

Վերջինս ծնունդով Մալաթիայից էր՝ Արևմտյան Հայաստան, ծնված 1886-ին։ 1915 թվականին ցեղասպանությունից փրկվելով՝ նա անցել էր Թիֆլիս: Ապա եկել Հայաստան: Համաճարակներով լեցուն ճանապարհներին նա նկարել էր գաղթականներին, կտավին հանձնել մեր ողբերգության պատմությունը, սակայն միևնույն ժամանակ կարողացել էր թափանցել ցնցոտիների մեջ հայտնված հայ կնոջ ներքին աշխարհի, նրա տոկուն կերպարի մեջ:

Ի դեպ, Խորհրդային Հայաստանի առաջին նամականիշերը Սարգիս Խաչատրյանի գործերն են։ Իսկ որմնանկարները նրա թուլությունն էին: Իրանի կառավարության հրավերով՝ 1931 թվականին նա վերականգնել է Սպահանի Սեֆյան շրջանի որմնանկարները:

Սարգիս Խաչատրյանն է 1934-ին հիմնադրել Նոր Ջուղայի հայկական արվեստի թանգարանը։ Արվեստի անփոխադրելի նմուշների՝ որմնանակարների ցուցադրություններ կազմակերպելու և աշխարհի տարբեր անկյուններում դրանք ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար, նա  պատճենահանել է դրանք:

Այդ պատճենահանումների մեջ էին Իրանյան վիմապատկերները, բայց ամենից հայտնիները՝ Հնդկաստանում և Ցեյլոնում դժվարամատչելի վիմափոր տաճարներում արած, 6-ից 12-րդ դդ․ թվագրությամբ վիմապատկերներն են: 

Այսօր  Փարիզի, Լոնդոնի, Վիեննայի, Բրյուսելի, Նյու Յորքի, Թիֆլիսի և այլ քաղաքների  թանգարաններում, կգտնեք Սարգիս Խաչատրյանի ստեղծագործությունները: Անշուշտ նաև  Երևանի պատկերասրահում, որտեղ 1971 թվականին ցուցադրվել են հնդկական և ցեյլոնյան որմնանկարների պատճեններն, ապա՝ Վավայի՝ Սարգիս Խաչատրյանի կնոջ կողմից, նվիրաբերել  Հայաստանին: Բայց Վավա Խաչատրյանը ոչ միայն իր հռչակավոր ամուսնու ստեղծագործություններն է ցուցադրել Հայաստանում, այլև ունեցել է իր անհատական ցուցահանդեսը:  

1975-ին Վավա Խաչատրյանը Երևանում մնաց 2 ամիս: Նա իջևանել էր Արմենիա հյուրանոցում և լիուլի վայելել Երևանյան մշակութային հարուստ կյանքը: Նա օրը մի տեղ էր՝ համերգի,  ներկայացման, ցուցահանդեսի: Շատ էր տպավորված Սարգիս Աղաջանյանի ղեկավարած Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներից կազմված կամերային նվագախմբի համերգով:

Նվագախումը Ամերիկայի Միացյալ նահանգներ՝  Քենթ քաղաքի համալսարանի հրավերով պետք է մեկներ այնտեղ համերգների: Վավա Խաչատրյանը մահացավ 1984-ին, Նյու Յորքում, իսկ Սարգիս Խաչատրյանը՝ ամուսինը մահացել էր 1947-ին,  Փարիզում: 1975 թվականին դեկտեմբերի 28-ին նրա աճյունը վերաթաղվեց Երևանում:

Հետաքրքիր է նաև Հանրային ռադիոյում պահվող եգիպտահայ ազգային գործիչ, Կահիրեի թեմական ժողովի անդամ և քաղաքական ժողովի ատենդպիր Նորայր Դևելեթյանի խոսքը: Նա պատմում է Եգիպտոսում հայության ներկայության պատմության, համայնքի մշակութային, կրթական, մարզական և հանրային կյանքի մասին:   

Կարդացեք նաև

Back to top button