
Հանրային Ռադիոյի ձայնային հարուստ պահոցում 1962 թվականի մի ձայնագրության վրա աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի խոսքն է: Նա հրավիրված էր Լենինգրադի պետական ռադիոյի տաղավար՝ ներկայացնելու Հայաստանի գիտական կյանքը, ակադեմիայի ոլորտային տարբեր ինստիտուտների աշխատանքները:

Պարոն Համբարձումյանը իր տարերքի մեջ էր: Նա պատմում էր այն մասին, որ հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում ունեցել է մեծ գիտնականներ, գիտության տարբեր ոլորտներում: Իսկ Երևանի պետական համալսարանը դարձել է գիտական մտքի առաջին օջախը: Այդ հաստատության պատերից ներս ուսանած տաղանդավոր երիտասարդ գիտաշխատողները հետագայում դարձան Խորհրդային միության գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի հիմքը: 1943թ. նոյեմբերին Երևանում կազմակերպվեց գիտությունների ազգային ակադեմիան:
Հիմնադրման առաջին իսկ օրերից գիտնականների գործունեության հիմքում դրվեցին կարևորագույն խնդիրներ հանրապետության ժողովրդական տնտեսության զարգացման և առաջին հերթին արդյունաբերության արագ զարգացման առումով: Ահա թե ինչու մեր ակադեմիան իբրև առաջնահերթություն որդեգերց ֆիզիկամաթեմատիկական, քիմիական և տեխնիկակական գիտությունները:
1962թվականին ակադեմիայի համակարգում գործում էր 36 գիտական հաստատություն, որտեղ աշխատում էին 1000-ից ավել գիտաշխատողներ: Իրենց ուսումնասիրություններով նրանք ընդգրկել էին ոլորտների, խնդիրների մի մեծ շրջանակ, որոնք ժողովրդական տնտեսության և տեսական առումներով ունեին կարևոր նշանակություն: Միայն 1961-62թ․ Ակադեմիայի համակարգում հետազոտվել է ավելի քան 100 խնդիր՝ ներառելով 700 թեմա: Թե որքան են կարևոր այդ հետազոտությունները, կարելի է դատել այն հանգամանքով, որ դրանցից 30-ը համակարգվում էին խորհրդային գիտությունների ակադեմիայի, 17-ը՝ ՍՍՀՄ մինիստրների խորհրդի պետական կոմիտեի կողմից:
Խոսելով առաջնահերթությունների մասին՝ Վիկտոր Համբարձումյանը նշում է տարրական մասնիկների ֆիզիկան, միջուկային-տեսական ֆիզիկան, մաթեմատիկան, աստրոֆիզիկան, թաղանթների և սալերի տեսությունը, հիդրոդինամիկան, հաշվողական տեխնիկան, կիբեռնետիկան և այլն: Այս ոլորտներում հայ գիտնականները հոյակապ արդյունքների էին գրանցել, որոնք լուրջ ներդրում էին ազգային և համաշխարհային գիտության զարգացման համար:
Հանրապետության գիտական հաստատությունները համալրվեն էին խոշոր փորձարարական սարքավորումներով: Հայ գիտնականները ստեղծել էին հզորագույն մագնիսային մաս-սպեկտրոմ՝ տիեզերական ճառագայթների ուսումնասիրման համար: Շարունակվում էին աշխատաքները հսկայական էլեկտրոնային օղակային արագացուցիչի կառուցման ուղղությամբ, որ նախատեսված էր էլեկտրոնների էներգիան մինչև 6 միլիարդ էլեկտրոն վոլտ մեծացնելու համար:
Շմիդտի սիստեմով աստղադիտակը տեղադրված էր Բյուրականի ատրոֆիզիկական աստղադիտարանում: Աշխարհի այլ աստղադիտակների շարքում այն չուներ հավասարը լուսավորության առումով: Բացի այդ այս ռեֆլեկտորը ապահովված է աշխարհում ամենից խոշոր օբյեկտիվ պրիզմայով, որը թույլ է տալիս միաժամանակ նկարել մի քանի հազար շատ թույլ աստղերի սպեկտրները, հետևել տիեզերական հզոր պայթյուններին, որոնց մասշտաբները միլիարդավոր անգամներ գերազանցում են ջրածնային ռումբերի պայթյունները:
Հայաստանը դարձել էր բացառիկ էլեկրոնային-թվային հաշվողական մեքենաների հայրենիքը: Դեռ 1950-ականներին Գիտությունների ակադեմիայում հիմնված հաշվողական կենտրոնում մեծ աշխատանք էր տարվում ամենատարբեր բնույթի մտավոր աշխատանքների մեքենայացման, ավտոմատացման ուղղությամբ:
Վ.Համբարձումյանը պատմում է նաև երկրաբանական գիտությունների ոլորտում ընթացող գիտական աշխատանքների մասին, այդ թվում՝ երկրաֆիզիկայի և ճարտարագիտական սեյսմոլոգիայի գծով հետազոտությունների մասին, ջրային ավազանների մակերևույթից ջրի գոլորշացման դեմ պայքարի, քիմիական արդյունաբերության զարգացման հետ զարգացող քիմիագիտության, նուրբ օրգանական քիմիայի բնագավառի մեր գիտնականների մշակած մի շարք բժշկական պրեպարատների, կենսաբանական գիտությունների, հատկապես՝ ագրոքիմիկոսների աշխատանքի մասին, որոնք մշակել էին առանց հողի՝ բաց երկնքի տակ բանջարեղենի և այլ գյուղատնտեսական մթերքների աճեցման յուրօրինակ մեթոդը:
Ոլորտները, որոնց մասի խոսում է Վիկտոր Համբարձումյանը Լենինգրադի ռադիոյով ունեցած ելույթի ժամանակ ընդգրկում են գիտության բոլոր ոլորտները, նաև՝ հումանիտար:
Հանրային ռադիոյի ձայնադարանում պահպանված է նաև Վ. Համբարձումյանի երախտագիտության խոսքն ասված 1976 թվականին՝ Ավստրիայի ակադեմիայի թղթակից անդամ դառնալու առիթով:




