Ռուսաստանն այս գիշեր Ուկրաինայի մայրաքաղաքին հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել, որոնց հետևանքով, ըստ ուկրաինացի պաշտոնյաների, զոհվել է առնվազն չորս մարդ։ Քաղաքում տեղի են ունեցել հզոր պայթյուններ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ զոհերի թիվը կարող է աճել, նշել է նաև, որ վիրավորվել է 20 մարդ , որոնցից 16-ը հոսպիտալացվել է։
Կիևի ռազմական վարչակազմը հայտնել է, որ քաղաքի մետրոյի գործունեությունը խափանվել է, օդային հարձակումը նաև հրդեհներ է առաջացրել քաղաքի տարբեր մասերում գտնվող բնակելի շենքերում։
Reuters-ի հաղորդմամբ՝ պայթյունները բավականաչափ հզոր են եղել։ Կիևի որոշ բնակիչներ ապաստան են գտել մետրոյի կայարաններում կամ ստորգետնյա ավտոկայանատեղիներում։

Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոն ասել է, որ անօդաչու թռչող սարքերը հարվածել են բարձրահարկ բնակելի շենքի վերին հարկերին և հրդեհ են առաջացրել քաղաքի արևելյան կողմում գտնվող Դարնիցկի շրջանում։ Տկաչենկոն ասել է, որ հրդեհ է բռնկվել նաև արևմտյան թաղամասի բնակելի շենքում։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերվել երեք թաղամասերում։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հունիսի 1-ին հարվածներ էին հասցրել Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների։ Անօդաչու թռչող սարքերը արձակվել էին Ռուսաստանի տարածքից՝ բեռնատարներից։
ՌԴ նախագահի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Կրեմլը պլանավորում է պատասխանել է «ուկրաինական կողմի վերջին հարձակումներին»:




