ԿարևորՄիջազգային

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սի Ծինփինի հետ․ Ռուսաստանի և Ուկրաինայի թեման չի քննարկվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։ Քննարկման առանցքում եղել են Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունները։

Ինչպես հայտնում է BBC-ին, զրույցի ընթացքում կողմերը չեն անդրադարձել Ուկրաինայում ընթացող պատերազմին և Չինաստանի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշմանը։

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը խստացրել էր մաքսային քաղաքականությունը՝ Չինաստանի նկատմամբ սահմանելով բարձր մաքսատուրքեր։

Ի պատասխան՝ Պեկինը կիրառել էր համաչափ պատժամիջոցներ։ Առևտրային լարվածության ֆոնին և ֆինանսական շուկաների անկման պայմաններում, մայիսին կողմերը Ժնևում պայմանավորվել էին 90-օրյա «տնտեսական զինադադարի» մասին։ ԱՄՆ-ն որոշել էր նվազեցնել մաքսատուրքերը մինչև 30 տոկոս, Չինաստանը հայտարարել էր իր սահմանափակումների մեղմման և որոշ մետաղների արտահանման արգելքի վերացման մասին։

Վերջին շաբաթներին, սակայն, կողմերի հռետորաբանությունը սրվել էր։ Թրամփը հրապարակայնորեն մեղադրել էր Սի Ծինփինին պայմանավորվածությունները խախտելու մեջ, իսկ Չինաստանը հերքել էր այդ մեղադրանքը։ Վաշինգտոնում հայտարարել էին, որ իրավիճակը կարող է կայունանալ միայն երկու երկրների առաջնորդների ուղիղ կապի շնորհիվ։

Թրամփ-Ծինփին հեռախոսազրույցը դիտարկվում է որպես փորձ՝ վերագործարկելու երկկողմ բանակցությունները և կանխելու առևտրային լարվածության հետագա սրացումը։

Կարդացեք նաև

Back to top button