
Էստրադային տաղանդավոր մի երգիչ էր ապրում Երևանում, ցավոք սրտի վաղամեռիկ: Նա կարողանում էր հուզել ունկնդիրներին իր ինքնատիպ ձայնով և երգելու ոճով: Սիմոն Տերյանն էր:
Սիմոնը ծնվել էր 1941-ի աշնանը պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում՝ Արցախի Բանանց գյուղում՝ որ ստուգաբանվում է «բանանոց»՝ «աշխատելու տեղ»: Այս անունով առաջին հիշատակություններից մեկը 1625 թվականից է։
Սիմոն Տերյանի ծննդավայրը, դեռ մ.թ.ա. 4-3-րդ հազարամյակներից մինչև, գրեթե չարաբաստիկ 1989 թվականի հուլիսի 27-ը, երբ բնիկ հայ բնակչությունը ենթարկվեց բռնի տեղահանության, եղել է հայահոծ:
Նա երգիչ դարձավ մի պատահականության բերումով: Գուցե՝ նախախնամությամբ: Բանանց գյուղից Երևան էր եկել պետական համալսարանում քիմիա ուսանելու համար: Մի օր համալսարանի երաժշտական համույթի համերգից առաջ, պարզվում է, որ մեներգիչը հիվանդ է: Ընկերները խնդրում են Սիմոնին փոխարինել նրան: Այդ եղավ ու այդ:
Սիմոնը մնաց բեմի վրա: Նա երգեց «Պատանեկություն» և «Կռունկ» էստրադային համույթներում, դարձավ Ռոբերտ Ամիրխանյանի երգերի առաջին կատարողներից մեկը։ Արդեն 1968 թվականին, Կոնստանտին Օրբելյանի հրավերով Սիմոն Տերյանը դարձավ Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգիչ:
Գրեթե 13 տարի նա իր զուսպ արտիստիզմով և երգելու ոճով դյութեց հանդիսականին։ Օրբելյանի հետ հյուրախաղերի մեկնեց Չեխոսլովակիա, Ֆինլանդիա, Եգիպտոս, Լեհաստան, Գերմանիա, Լիբանան, Բուլղարիա, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլուր, անշուշտ նաև՝ ԽՍՀՄ տարբեր քաղաքներ։ Կարճ ասած, շուրջ 7 հազար համերգ:
Սիմոն Տերյանը բացառիկ հմայքով էր կատարում ֆրանսիական շանսոնը: Իսկ Շառլ Ազնավուրի երգերը նրա երգացանկի լավագույն նմուշներից էին։
1982-ին նա հանկարծակի հեռացավ բեմից։ Վերադարձավ բեմ միայն 1994 թվականին Երևանի մարզահամերգային համալիրում՝ «Վերջին սկիզբ` Սիմոն Տերյան» խորագրով համերգ-բենեֆիսին: Դա նրա վերջին բեմելն էր, հրաժեշտը իր հանդիսականին: 6 տարի անց Սիմոն Տերյանը մահացավ սրտի կաթվածից: Դա 2000 թվականի հունիսի 30-նն էր:




