ԿարևորՄիջազգային

Թրամփին զարմացրել և հիասթափեցրել են Ռուսաստանի հրթիռային հարվածներն ուկրաինական քաղաքներին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն զարմացնում են Ուկրաինայի քաղաքներին ուղղված Ռուսաստանի օդային հարվածները, երբ երկու երկրների պատվիրակությունները խաղաղության բանակցություններ են վարում։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին խոսել է Իլոն Մասկի՝ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնից հեռանալու կապակցությամբ հրավիրված ասուլիսում, որը տեղի է ունեցել ուրբաթ՝ մայիսի 30-ին։

«Ես տեսա այնպիսի բաներ, որոնք ինձ շատ զարմացրին։ Հրթիռներ արձակվեցին տարբեր քաղաքաների, նաև Կիևի վրա, երբ բանակցություններ էին ընթանում, որոնք, իմ կարծիքով, շատ մոտ էին ավարտին», — ասել է ԱՄՆ նախագահը։

«Ես տեսա այնպիսի բաներ, որոնք ինձ զարմացրին։ Ես չեմ սիրում, երբ ինձ զարմացնում են։ Այնպես որ, ես շատ հիասթափված եմ», — հայտարարել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփն ասել է, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում զոհվել է առնվազն հինգ հազար մարդ. «նրանց մեծ մասը զինվորներ էին, բայց նրանք նաև մարդիկ էին, որոնք ապրում էին Ուկրաինայի տարբեր փոքր քաղաքներում»։ «Ես ցանկանում եմ, որ այդ ամենը դադարի», — ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի դեմ շարունակվող պատերազմի մասին զրույցը սկսվել է լրագրողներից մեկի հարցից հետո, թե Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «լավ, թե՞ վատ տղա» է համարում։ Լրագրողը նշել է նաև, որ Թրամփի վարչակազմը գործ ունի «շատ համառ Վլադիմիր Պուտինի» հետ։

«Այո», — համաձայնել է Թրամփը։ Եվ անմիջապես հավելել. «Եվ Զելենսկիի հետ։ Զելենսկին նույնպես շատ համառ է»։

ԱՄՆ նախագահն ասել է, որ շատ երկար ժամանակ է ճանաչում Պուտինին և «շատ բաների միջով» է անցել նրա հետ։ Որպես օրինակ Թրամփը հիշեցրել է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրարշավին Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ միջամտության վերաբերյալ ամերիկյան լրատվամիջոցների հետաքննությունները։ ԱՄՆ նախագահը քննադատել է The New York Times-ին, որը իր հետաքննության համար Պուլիցերյան մրցանակ է ստացել, և ընդգծել, որ դատական ​​հայց է ներկայացրել թերթի դեմ։ Ի վերջո, նա ուղղակիորեն չի պատասխանել տրված հարցին։

Կարդացեք նաև

Back to top button