ԿարևորՔաղաքական

Բավարիա երկրամասի լանդթագի փոխնախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Բավարիա երկրամասի լանդթագի փոխնախագահ (երկրամասի խորհրդարանի) Մարկուս Ռինդերշպախերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 30-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

ՀՑԹԻ փոխտնօրենն անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Գերմանիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Նրանք շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պարոն Մարկուս Ռինդերշպախեր գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Կարդացեք նաև

Back to top button