ԿարևորՄշակույթ

Երջանկության Լեգրանի բանաձեւը. կյանքը նվիրվել երաժշտությանը

Նվարդ Դավթյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2012/10/191012legran.mp3

Երևանյան 6-րդ միջազգային երաժշտական փառատոնը վաղը կեզրափակվի աշխարհահռչակ կոմպոզիտոր, գործիքավորող, դաշնակահար Միշել Լեգրանի ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելանական համերգով` կենդանի լեգենդի մասնակցությամբ:
Համերգից առաջ նա այսօր հանդիպել է լրագրողների հետ ու խոստովանել, որ իր համար շատ կարևոր է հայաստանյան համերգը:

«Տարիքը մարդուն չի զարդարում, բայց այն ծանրություն էլ չէ ուսերիս ընկած»,- ասում է հայկական արմատներով ֆրանսիացի երաժիշտը։ Միշել Լեգրանի մայրը` Մարսել Տեր- Միքայելյանը հայկական ազնվական ընտանիքից է: Այս  առումով է հայաստանյան համերգը  շատ կարևոր նրա համար:

Ծննդյան տոնակատարությունները նրան չեն հետաքրքրում,  անցողիկ էտապներ է համարում, նվերներ պահանջելու սովորություն էլ չունի: Բայց չի թաքցնում` կցանկանար որպես նվեր ստանալ Մարտիրոս Սարյանի նկարներից մեկը:
Ամեն դեպքում՝ ամենակարևոր նվերն արդեն ունի` հանդիպումը գերդաստանի անդամների հետ, որոնց չէր ճանաչում:

Որևէ բանի համար չի ցավում, չի ափսոսում:  «Կյանքի անցած որևէ հատված վերապրելու ցանկություն չունեմ, որովհետև անցյալին կապված չեմ: Հպարտ եմ այն ամենով, ինչ արել եմ»,-ասում է  երաժիշտը:
800 երգերի հեղինակ է ու դրանք բոլորն էլ իր երեխաներն է համարում, որևէ մեկը առավել չի կարևորում: Համարում է, որ կա պարզապես  լավ ու վատ երաժշտություն: Նրա թողարկած  ձայնասկավառակների թիվն անցնում է 100-ից, ֆիլմերի համար գրված 250 սոտղծագործություն ունի։
Ֆիլմի ու երաժշտության հանդիպումն ու կայացումը հեշտ չի համարում:  «Նայում եմ ֆիլմը, ուսումնասիրում, մտածում` ինչ կարող եմ ավելացնել դրան: Այդպես է ծնվում ֆիլմի երաժշտությունը»,- պատմում է կոմպոզիտորը: Երբևէ երաժշտություն չի գրել հայկական ֆիլմերի համար, թեև դիտել է մի քանիսը: Կգրի, եթե նման առաջարկ լինի:

Հաջորդ տարի նախատեսում է երաժշտություն գրել նոր ֆիլմի համար, որը նկարահանելու է անձամբ:  Երաժշտական Ֆիլմ է լինելու:  Իր երաժշտությամբ շատերին երջանկացրած կոմպոզիտորը դժվարությամբ է ձևակերպում իր երջանկության բանաձևը` թերևս իմ կյանքը երաժշտությանը նվիրելը: Խոստովանում է` երաժշտությունն իմ կիրքն է:

 

Թողնել պատասխան

Back to top button